Երևի հոգու կանչ էր


Մայրության և գեղեցկության տոնը, թերևս, լավագույն առիթն է հիշելու և ներկայացնելու մեր Զինված ուժերի կին զինծառայողներին, ովքեր իրենց կյանքը կապել են բանակի հետ` անմնացորդ նվիրվելով և անբասիր ծառայությամբ խթանելով նրա հետագա կատարելագործումը: Նրանցից մեկն է Մայրաքաղաքային գնդի ակումբի պետ, կապիտան Մարգո ՊԵՏՐՈՍՅԱՆԸ: Մասնագիտությամբ մանկավարժ է, սակայն զինվորական ծառայությունը միշտ հոգեմոտ է եղել նրան: Ծառայությունը սկսել է ՀՀ ՊՆ բարձրագույն սպայական դասընթացներից: 2006¬ին տեղափոխվել է Մայրաքաղաքային գունդ: Նրա բարեխիղճ ծառայությունն ու մեծ նվիրումն աննկատ չեն մնացել: Պարգևատրվել է I, II աստիճանի «Անբասիր ծառայության», «Ծովակալ Իսակով», «Մայրական երախտագիտություն», «Վազգեն Սարգսյան» շքանշաններով և պատվոգրերով: - Ինչպե՞ս ընտրեցիք չափազանց բարդ ու պատասխանատու այս ոլորտը և որքանո՞վ է այն համատեղելի մանկավարժի մասնագիտության հետ: - Ընտրությունս պատահական չի եղել: Հայրական պապս Անդրանիկի զինվորն էր, մինչ օրս սրբորեն պահում ենք պապիս թուրը: Իսկ մայրս մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Երևի հոգու կանչ է կամ ժառանգաբար փոխանցված սեր … Մեծ հպարտությամբ եմ կրում զինվորական համազգեստս: Արդեն 14 տարի բանակում եմ ու երբեք չեմ զղջացել ընտրությանս համար: Այսօր էլ մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվում աշխատանքիս: Անում եմ հնարավոր ամեն բան` փորձելով իմ փոքր ներդրումն ունենալ բանակաշինության գործում: Զինվորական կրթություն չունեմ, բայց մանկավարժի մասնագիտությունս շատ է օգնում հատկապես զինվորների հետ փոխհարաբերություններում: Նրանց վերաբերվում եմ և´ որպես մանկավարժ, և´ հոգեբան, և´ նաև մայր: - Ի՞նչ կասեք այն հայ մայրերին, ովքեր ամեն կերպ ելքեր են փնտրում` որդիներին ծառայության չուղարկելու համար: - Հայ մայրերի դերն, անշուշտ, կարևոր է և մեծ` բանակաշինության գործում: Ես որդի ունեմ, որը ծառայել է: Հպարտ եմ, որ կարողացել եմ նրան հոգեբանորեն ճիշտ նախապատրաստել ծառայությանը և դաստիարակել` որպես հայրենիքի պաշտպան: Ինքս եմ տղայիս բանակ ճանապարհել, որպեսզի դառնա ինքնուրույն, կայացած տղամարդ: Կոչ եմ անում բոլոր մայրերին` իրենց որդիներին դաստիարակել այնպես, որպեսզի գիտակցեն ծառայության անհրաժեշտությունը` հենց իրենց կոփելու առումով: Առավել ևս` այսօր բանակում բոլոր պայմանները բարելավված են: Ռազմական գործին ծանոթացնելուց բացի, զինվորների համար պարտադիր դասընթացներ են կազմակերպվում` հայրենասիրական ոգին ամրապնդելու նպատակով: Մեծ է նաև դաստիարակչական դասընթացների դերը: Այս ամենի արդյունքում` բարձրանում է զինվորի կրթական մակարդակը: Ունենք նաև արտերկրից եկած զինվորներ: Նախարարի հրամանով` նրանց հետ ավելի մատչելի ծրագրով ենք աշխատում` հաշվի առնելով լեզվական խնդիրները: Պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ մտավորականների, անվանի գործիչների հետ: Զինվորներին հաճախակի տանում ենք թատրոններ, թանգարաններ: Զորամասի ինքնագործ խմբակի մասնակցությամբ կիրակի օրերը կազմակերպվում են համերգներ, կինոդիտումներ: Մասնակցում ենք նաև ՈՒՀԱ¬ի համաբանակային մրցույթին:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ