ԻՍԿԱՊԵՍ, Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐ Իսկ մենք քավության նոխազներ ենք որոնում


ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ մի շարք լրատվամիջոցներ տպագրել են իրենց անհանգստությունները` վերջերս հայտնված մի «հրաշամանուկի» մասին: Խոսքը վերաբերում է ծնունդով Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղից, ՌԴ Բաշկիրիայի Օկտյաբրսկ քաղաքի բնակիչ Արթուր Պողոսյանին, ում «ֆենոմենն» իսկապես ապշեցրել ու հիացրել էր բոլորին: Ներկայացնելով այս տղային ինքնակոչ ու խաբեբա, անգամ` հոգեկան հիվանդ, շատերը մեղադրանքներ են հղում ՀՀ Սփյուռքի նախարարությանը, որ ընդունել են նրան, նախարարության պաշտոնական կայքում տեղեկատվություն տեղադրել, հիացել նրանով… Բնավ չստանձնելով Սփյուռքի նախարարության փաստաբանի գործառույթը, պարզապես ցանկանում ենք խոսել շատ ավելի կարևորի մասին, որը ձևավորվել է հայաստանյան իրականությունից հեռու, բուն Ռուսաստանում` այսպես ծնելով «առասպելը» Արթուր Պողոսյանի մասին: Հայաստանյան հանրությանը և պաշտոնական շրջանակներին ներկայացել է նա ինքը` անգամ առիթ ունենալով հանդիպել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ: Սակայն նրա մասին առաջինը բարձրաձայնել են Ռուսաստանում` այստեղ արդեն բոլորիս պարտադրելով հայտնվել շփոթմունքի մեջ: «Օկտյաբրսկիյ նեֆտյանիկ» թերթի 2008 թվականի փետրվարի 23-ի համարում տպագրվել է հանրային թղթակից Ի. Օպրունենկոյի հոդվածը, որն էլ, փաստորեն, սկզբնաղբյուր է հանդիսացել շատերի համար: Այստեղ տպագրված մի փաստ իսկապես զարմացնում է. - Ներկա գտնվելով վերջերս տեղի ունեցած դպրոցականների գիտագործնական ժողովին, ես վերջնականապես համոզվեցի և հասկացա, որ, այո, իսկապես նման երեխաներ գոյություն ունեն: «Ֆիզիկա և աստղագիտություն» բաժանմունքում թիվ 12 դպրոցի նախկին աշակերտ Արթուր Պողոսյանը բոլոր հավաքվածներին զարմացրեց իր բացառիկ` «Միավորում տիեզերքի հետ «Հաբբլ» աստղադիտակի միջոցով» աշխատանքով: Իսկ անցած տարի պատանի աստղագետը երկնակամարում բացահայտեց նոր աստղ,- գրում է հեղինակը: Նա նաև պատմում է, որ Օկտյաբրսկ է եկել ամերիկյան հայտնի աստղագետ Բիկ Սթիվենսը, որը, պարզվում է, նույնպես հայտնաբերել էր այն աստղը, ինչն Արթուրն էր հայտնաբերել, և զրուցել պատանի «կոլեգայի» հետ… Հենց այս «փաստերն» էլ պարտադրում են մտածել, որ այս ողջ պատմության մեջ մի առեղծված կա, կա ինչ-որ «գաղտնիք», որը եթե նույնիսկ հորինվել է, ապա` ոչ երբեք Հայաստանում: Թերթը հիշատակում է Արթուրի` Վլ. Պուտինի հետ ունեցած հանդիպման մասին, ապա գրում Մոսկվայում տեղի ունեցած պատանի աստղագետների գիտաժողովի մասին, որին մասնակցել է գեղհովիտցի պատանին: Ու հիշատակվում է այն հանգամանքը, որ նա սովորում է Լոմոնոսովի անվան համալսարանի առաջին կուրսում… Մի՞թե ռուսաստանում, թեկուզև հեռավոր Բաշկիրիայում, կհավատային իրենց իսկ թերթում տպագրվածին, եթե դրանում ճշմարտության ինչ-որ հատիկ չլիներ: Չէ՞ որ հիշատակվում է հենց Օկտյաբրսկում տեղի ունեցած գիտաժողովը: Ի վերջո, կարող էին քաղաքային թերթում հերքում տպագրել, որ նման գիտաժողով չի եղել, որ Արթուր Պողոսյանը հիշատակված թեմայով զեկուցում չի կարդացել: Բայց հերքում չի եղել: Արթուրի մասին հոդվածներ են տեղադրվել տարբեր կայքերում, իսկ ահա Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանը որևէ հայտարարություն չի արել, որ ինքը նման ուսանող չունի: Ինչպես կասեր Վիլյամ Սարոյանի հերոսը` «Ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է»… Իսկ որտե՞ղ է այդ սխալը, որտե՞ղ է ճշմարտությունը: Եթե այդ տղան հոգեկան խանգարումներ ունի, ինչի մասին գրում են հայկական կայքերը, ապա պիտի որ այդ մասին իմանային նրա ծնողները և կանխեին տղայի ամեն մի չմտածված քայլը: Չեն կանխել: Տեղական մամուլում եղած հրապարակմանը չեն արձագանքել նաև թիվ 12 դպրոցի մանկավարժներն ու Արթուրի դասընկերները: Եթե նա արկածախնդիր է (իսկ մերօրյա արկածախնդիրներին հեշտ է մերկացնել), ապա մի՞թե մինչև օրս այս մասին չեն իմացել Ռուսաստանում: Մանավանդ որ` Արթուրի մասին եղել են հրապարակումներ ռուսական այլ թերթերում ևս: Ինչ վերաբերում է Սփյուռքի նախարարությունում նրան ընդունելու փաստին, պարզապես անընկալելի է այդ առնչությամբ բարձրացված վայնասունը: Տպավորություն է ստեղծվում, թե նույն պատվիրատուի հրահանգով մի քանի լրատվամիջոցներ նույն տոնայնությամբ հանդիմանում ու զարմանում են, որ Սփյուռքի նախարարն ընդունել է պատանուն, այն էլ` նրա փաստաթղթերը չստուգելով: Տարբեր գաղթօջախներից եկած քանի՞ սփյուռքահայ է ամեն օր հանդիպում խնդրում Նախարարից. արդյո՞ք էթիկան թույլ կտա ոստիկանի կեցվածքով` փաստաթուղթ պահանջել… Արթուր Պողոսյանի խնդիրն, իհարկե, հարթվող է. մենք կարող ենք դյուրությամբ մոռացության տալ նրան, իսկ նրա արարքը համարել մանկական խաղ, ճանաչվելու և նշանավոր դառնալու անմիտ զբաղմունք: Սակայն երևույթը խորքային ելևէջ է պարունակում, որի ծնողներն ինքներս ենք: Անկախությունից հետո Հայաստանը ողողվեց տարբեր երկրներից եկող իբր խորհրդատուներով, կիսատ-պռատ ծրագրեր ղեկավարողներով, փորձագետներով, քարոզիչներով, որոնց ընդունել ենք գեղցիական զարմանքով, մեծարանքով: Նրանք ահռելի գումարներ են աշխատել այստեղ` անհասկանալի խորհրդատվությունների, ինչ-որ զեկուցումների համար: Հայաստանը որբի գլխի տեղ դրած` ամեն տեսակի աճպարարներ ու արկածախնդիրներ իրենց այստեղ լավ են զգացել: Եվ ոմանք դեռ շարունակում են զգալ… Հիշենք, թե ինչպես էր 1990-ականների սկզբներին մի հոգեկան հիվանդ ներկայանում որպես Բագրատունիների շառավիղ և հայոց գահի ժառանգորդ: Սփյուռքում ճանաչում էին նրան, գիտեին, որ նա հոգեկան հիվանդ է, սակայն նույն Սփյուռքում ոմանք չարախնդում էին` տեսնելով շատ հայաստանցիների զարմացած հայացքները… Ուրեմն, մենք ենք ճանապարհ բացում, մենք ենք պայմաններ ստեղծում: Արթուր Պողոսյանի մասին կարող էին իմանալ ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը, սակայն, որպես կանոն, հատկապես մոսկովյան դեսպանատան ղեկավարները զբաղվել են իրենց անձնական գործերով` մոռացության մատնելով ողջ համայնքին: Ժամանակն է, հետևաբար, որ հենց մեր դեսպանատները մտահոգվեն համայնքների խնդիրներով, ճանաչեն նրանց, ովքեր նման հավակնություններ ունեն և կամ իրականում նշանավոր են:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ