Ադրբեջանական փարիսեցիություն


ՍՈՉԻՈՒՄ կայացած Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հերթական եռակողմ հանդիպումը տարօրինակ մեկնաբանությունների է արժանացել Բաքվի պաշտոնատարների կողմից: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ Նովրուզ Մամեդովը իր երկրի լրատվամիջոցների ներկայացուցիչներին հայտարարել է. -Սոչիում Երևանի դիրքորոշման մեջ աննշան դրական փոփոխություն էր նկատվում… Այն տարբերվում էր վերջին 1,5 տարիների ընթացքում բանակցային գործընթացում հայկական կողմի ամբողջովին ապակառուցողական բնույթ ունեցող դիրքորոշումից… Հիմա հստակ երևում է տարբերությունը, որն այնքան էլ մեծ չէ, սակայն կարելի է դրական գնահատել… Հայաստանի իշխանությունները հասկացել են, որ եթե այսպես շարունակվի, նրանց որդեգրած դիրքորոշումն այդպես էլ հաջողությամբ չի պսակվի և շուռ կտա նրանց որոշակի պլանները: Ինչի՞ մասին է բարբաջում Նովրուզ Մամեդովը: Իրականում հայկակա՞ն կողմի դիրքորոշումն է «աննշան դրական փոփոխության ենթարկվել», թե՞ իրենց քարացած ուղեղներին վերջապես մի կերպ հասել է, որ նախ «Ադրբեջանի գրավյալ տարածքները վերադարձնելու», ապա նոր մնացյալ հարցերը քննարկելու Բաքվի պահանջն է դեմ առել քարին: Ոչ թե հայկական իշխանությունների, այլ իրե´նց ապակառուցողական, անվերջ պատերազմական հիսթերիա բորբոքելու, ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում շարունակ սադրանքներ հրահրելու մարտավարությունը ուղիղ գծով տանում էր դեպի չնախատեսված, տարերային միջադեպերից լայնածավալ պատերազմի վերսկսում: Վտանգ, որի մասին շարունակ զգուշացնում էին հակամարտության խաղաղ լուծման փնտրտուքներով զբաղված ԵԱՀԿ Մինսկի Խումբն ու նրա եռանախագահ ները, պատերազմի անթույլատրելիության մասին հստակ ակնարկներ էին անում այս աշխարհի բոլոր հզորները: Ոչ թե մենք ենք մեր ժողովրդին կերակրել նոր, «հաղթական պատերազմի» միջոցով հակամարտությունը մեր օգտին լուծելու հեքիաթներով, այլ` իրենք: Ինչքա՞ն կարող էր ադրբեջանական ժողովուրդն սպասել, թե ե՞րբ, վերջապես, Բաքվի էֆենդիներն այդ «հաղթական պատերազմը» կսկսեն: Մանավանդ որ` ոչ ոք նեղություն էլ չէր քաշել ժողովրդին հարցնելու` նա ցանկանու՞մ է պատերազմի վերսկսումը: Հիմա, երևի, հասկացել են, որ ոչ մի «հաղթական պատերազմի» էլ իրենք պատրաստ չեն: Ավելին, նորից արկածախնդրության դիմելու դեպքում էլ կարժանանան համընդհանուր դատապարտության և´ սեփական ժողովրդի, և´ համաշխարհային հանրության կողմից: Ուստի և խնդիր ունեն արդարանալու, թե ինչո՞ւ պատերազմ… չեն սկսում: Ահա և հորինում են, թե իբր` «հայկական կողմի դիրքորոշման մեջ դրական փոփոխություն են տեսնում»: Իրականում սա սովորական լարախաղացություն է, սեփական քաղաքական ֆիասկոն քողարկելու ապաշնորհ փորձ: Եվ դա մատնանշել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն իր պատասխան հայտարարության մեջ. - Մենք կարիք չունենք փոխելու մեր դիրքորոշումը, քանի որ… Հայաստանն «այո» է ասել մադրիդյան առաջարկներին: Խոսքը դեռևս 2007 թ. նոյեմբերին ԵԱՀԿ Մինսկի Խմբի մշակած և հակամարտ կողմերին ներկայացված հանրահայտ առաջարկների մասին է: Երկար ժամանակ Ադրբեջանը նշում էր, թե իբր պաշտոնական Երևանն այդ առաջարկները չի ընդունել, իսկ իրենք ընդունե˜լ են: Ստի ոտքերը կարճ են. ի վերջո պարզվեց, որ ոչ թե Երևանը չի ընդունել մադրիդյան առաջարկները, այլ… Բաքուն: Ավելի ճիշտ` ընդունել է խիստ էական վերապահումներով: ԵԱՀԿ Մինսկի Խմբի եռանախագահները մի քանի շաբաթ առաջ ստիպված եղան հարցը կտրուկ դնել և պահանջեցին հստակ «այո» ասել նշված առաջարկներին` առանց վերապահումների ու փոփոխությունների: Վիենայում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մեկ անգամ ևս ընդգծեց, որ այդ առումով Հայաստանը խնդիր չի տեսնում` պատրաստ է նշված առաջարկների հիման վրա բանակցությունները շարունակել: Իլհամ Հեյդարօղլուն այլ բան չէր մնում. նա կա´մ պետք է նմանատիպ հայտարարություն աներ, կա´մ եռանախագահների աչքում պատռեր իր դիմակը և անթաքույց ցույց տար, որ գործնականում ադրբեջանական կողմն է խափանում բանակցությունները: Ոչ ոք Հեյդար բաբայի սիրասուն զավակի գլուխը դրա համար չէր շոյի: Ահա և Սարգսյան-Ալիև-Մեդվեդև հանդիպման ժամանակ, ակնհայտորեն ենթարկվելով Ռուսաստանի ուժեղագույն ճնշմանը, նա ստիպված էր ստորագրել Սոչիի եռակողմ հայտարարությունը: Դրա մեջ, մեծ հաշվով, որևէ նոր բան չկար: Կոնկրետ նշված էր, թե կողմերը պարտավորվում են «կարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակումը», «ձգտել բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով և կրակի դադարեցման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն` ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հովանու ներքո և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ»: Թե որքանո՞վ Հեյդարօղլին հավատարիմ կմնա իր այս նոր հանձնառություններին` դժվար է ասել: Խոստանալն ու չկատարելը նրա ոճն է: Բայց հիմա արդեն ստիպված պետք է լինի վերադարձնել ադրբեջանական գերության մեջ տևականորեն տառապող մեր պատանդներին: Այսուհետ արդեն սահմանային միջադեպերի հետաքննության արդյունքում հարկադրված է լինելու ընդունել, որ շփման գծից դիպուկահարների երկկողմանի ետքաշումը նոր կորուստներից խուսափելու լավագույն միջոցներից մեկն է: Բաքուն հատկապես դիպուկահարներին առաջավոր գծից հեռացնելու հարցում տխմարագույն համառություն էր ցուցաբերում, ընդգծելով, թե ԵԱՀԿ Մինսկի Խմբի եռանախագահների այդ առաջարկն ընդունելն, իբր, «անիմաստ» է, որովհետև «դա հակամարտության խնդիրը չի լուծում»: Ոչ ոք չէր ասում, թե «լուծո˜ւմ» է: Բայց բոլորը, բացի իրենցից, հասկանում էին, որ դիպուկահարների ետքաշումը զգալիորեն կմեղմացնի լարվածությունն առաջավոր գծում, հետևաբար նաև` կնվազեցնի տարերայնորեն նոր պատերազմի բռնկման հավանականությունը: Ահա, Սոչիի` խնդրո առարկա եռակողմ հայտարարության ստորագրումը վկայում է, որ առնվազն այս հարցում Բաքվի դիրքորոշումը նկատելիորեն փոխվել է: Այսինքն, իրենք իրենց դիրքորոշումը հարկադրված փոխել են, սակայն ուզում են տպավորություն ստեղծել, թե իբր…Հայաստանի˜ դիրքորոշումն է փոխվել: Դրանով ուզում են փրկել սեփական դեմքը` գոնե իրենց ժողովրդի աչքում: Գլուխները քարը: Թող ձեռնածություներ անեն` որքան կարող են: Թող մոլորեցնեն սեփական ժողովրդին: Միայն թե վերջիվերջո կատարեն այն հանձնառությունները, որ մինչ այս ստանձնել են և վերահաստատեցին Սոչիում…

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ