Շուկային կավատներ պետք չեն


ԳՅՈՒՂՄԹԵՐՔՆԵՐԻ հայկական շուկան մեծ վերափոխումների շեմին է: Ինչպես բազմիցս է նշվել, նախորդ տարին ոլորտի համար աննախադեպ եղավ: Ու եթե առաջնորդվենք «չկա չարիք, առանց բարիք»¬ի տրամաբանությամբ, ապա գյուղատնտեսության արձանագրած աննախադեպ անկումը (որը քիչ էր մնում պարենային ճգնաժամի հանգեցներ), մեծ ռեֆորմների սկիզբը պետք է դառնար: Արդեն մի քանի ամիս հետո սպառողին է առաջարկվելու ընթացիկ տարում մայր հողի պարգևելիք միրգն ու բանջարեղենը: Ու նախքան այդ` մի քանի մտահոգիչ հարցեր դարձյալ շարունակում են խիստ հրատապ մնալ: Մեր հանրապետությանը հիմնականում հաջողվեց խուսափել պարենային ճգնաժամից, սակայն գյուղմթերքների ոլորտում արձանագրված աղետալի գնաճը կատարյալ ճգնաժամից քիչ էր տարբերվում: Սպառողին հրամցվող գներն այսօր էլ նույնքան բարձր են մնում, և դրանց մեղմման հույսը գյուղատնտեսական նոր սեզոնում բերքի առատության հետ միայն կարելի է կապել: Գյուղմթերքների պակասն ավելի ակտիվացրեց վաղուց գործող և շորթումների մեջ մասնագիտացած այսպես կոչված շուկայական մաֆիան: Նախորդող տարիներին, երբ շուկայում վաճառվող ապրանքները համեմատաբար մատչելի էին, մթերքային կավատների գործունեության հետևանքներն այդչափ զգալի չէին: Այսինքն, շարքային սպառողներից նրանց կորզած միջնորդավճարները մեծ չէին, ու հանրությունը, դժգոհելով հանդերձ, հարմարվում էր շուկայի արհեստական, բայց ոչ այնքան եղանակ փոխող գնային առաջարկներին: Բարձր գնաճի պայմաններում ինքնակոչ այդ միջնորդների «առաքելությունը» վերջնականապես անհանդուրժելի դարձավ: Նախորդ տարվա գյուղատնտեսական ճգնաժամի շրջանում վերավաճառողների մաֆիան կազմաքանդելու անհրաժեշտության մասին ամենաբարձր մակարդակով խոսվեց: Ու հիմա չափազանց հետաքրքիր է, թե շուկաների թափթփուկներին զարտուղի ճանապարհներով հափշտակվող միլիոններից զրկելու խոստումները որքանով կիրականանան: Համենայն դեպս, նշված քայլի լիարժեք իրագործումը գնաճը զգալիորեն մեղմելու լավագույն միջոցներից մեկը կարող է դառնալ: Սկսվող գյուղատնտեսական տարին առանձնանում է նաև փողոցային առևտուր կոչվածի բացակայությամբ: Ինչ խոսք, նախընտրելի է, երբ գետնին թափթփված միրգն ու բանջարեղենը վաճառասեղաններից մատուցվեն: Սակայն այս կերպ էլ նախ` գյուղմթերքների վաճառակետերն են նվազում, իսկ մյուս կողմից` տեղի համար աննշան գումարներ վճարող վաճառականները հիմա արդեն անհամեմատ շատ պետք է վճարեն շուկաների տերերին: Այսուհանդերձ, նախորդող տարիներին փողոցային առևտրի զարթոնքով շուկաները մեծամասամբ դատարկվել էին, և սպառողները թեև հակահիգիենիկ, բայց փողոցային առևտուրն էին մեծամասամբ նախընտրում: Թե գներն ու գնորդն ինչպես կհարմարվեն առևտրի քաղաքակիթ կանոններին` մի քանի ամիս հետո ակնհայտ կդառնա: Իսկ մինչ այդ մնում է սպասել գյուղատնտեսական նոր սեզոնի մեկնարկին: