Ճանապարհ դեպի հաղթանակ


Նրա մասին շատ էի լսել, բայց մեծ դժվարությամբ գտա: Պատճառն աշխարհի քառակի չեմպիոնի աստղային հիվանդությունը չէր, այլ Հայաստանում չլինելը (Նա Ղազախստանի պատվավոր քաղաքացի է): Ավելին` պետք է խոստովանեմ, որ չափազանց համեստ ու հավասարակշռված երիտասարդ է կարատեի աշխարհի քառակի չեմպիոն Կամո ՀՈՒՆԱՆՅԱՆԸ Ֆուտբոլի մեծ սիրահարը` մրցագորգի վրա -Փոքրուց սիրել եմ ֆուտբոլը: Մանուկ հասակում ուզում էի ֆուտբոլիստ դառնալ: Ինչպես տեսնում եք` չեմ դարձել: Ծնվել եմ Վայքում: Այնտեղ ֆուտբոլի խմբակներ չկային, միայն կարատե կար, որով էլ սկսեցի զբաղվել ու շատ սիրեցի: Ինչքան մեծանում` այնքան ավելի էի կապվում այդ մարզաձևի հետ: Արդյունքն այսօր տեսնում եք (համեստորեն ժպտում է): Կրթությունը` հանրային կառավարում և տնտեսագիտություն -Ավարտել եմ Հ. Աճառյանի անվան համալսարանի միջազգային հարաբերությունների հանրային կառավարման բաժինը, որից հետո որոշեցի մագիստրատուրան շարունակել ԳԱԱ-ի տնտեսագիտության ֆակուլտետում: Հիմա էլ նպատակ ունեմ մասնագիտացումս խորացնել ԱՄՆ-ում: Մասնագիտական կողմնորոշումս, թերևս, ծնողներիցս է գալիս. հայրս իրավաբան է, մայրս` տնտեսագետ: Կարատե՞, հանրային կառավարո՞ւմ, տնտեսագիտությո՞ւն -Զարմանալի ոչինչ չկա: Կարատեն սպորտ է: Մի օր ստիպված եմ լինելու թողնել այն… Հայրս և մեծ եղբայրս իրենց բիզնեսն ունեն: Ես էլ բիզնես ծրագիր ունեմ: Այնպես որ` մարզիկ լինել չի նշանակում սպորտից դուրս ոչինչ անել չկարողանալ: Ամենամեծ մարզական նվաճումները - Նվաճումներ սպորտում շատ եմ ունեցել: Հատկապես կառանձնացնեմ WTKA վարկածով աշխարհի բացարձակ չեմպիոն դառնալս, որին մասնակցող 115 երկրներից ժամանած մարզիկների մեջ ճանաչվեցի ուժեղագույնը` ՀՀ դրոշի ներքո: Իսկ 2003թ WKF վարկածով երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն դարձա` Ղազախստանի դրոշի ներքո: Ձախողումներ և հիասթափություններ` մարզական առաջընթացում - Ձախողումներ միշտ ու բոլոր բնագավառներում էլ լինում են: Քանի որ Ղազախստանի քաղաքացի եմ, ամեն անգամ մրցումների մեկնելիս զգում էի, որ հավաքականում ինձ չեն սիրում. միակ քրիստոնյան էի: Բացի այդ նյարդայնանում եմ, երբ մարտերն անարդար են դատում: Նման պահերին բոլոր մարզիկներն էլ հիասթափվում են, բայց անհաղթահարելի ոչինչ չկա` եթե առաջնորդվես «Միշտ առաջ, միշտ առաջինը, միշտ հաղթող» սկզբունքով: Ապագա ծրագրերը - Ծրագրերը, մրցումների հրավերները շատ են, կնշեմ միայն ամենակարևորները: Ապրիլի 23-24-ը Չեխիայում մասնակցելու եմ WKF վարկածով աշխարհի գավաթի առաջնությանը` Հայաստանի դրոշի ներքո, մայիսի 20-22-ը` WKC վարկածով, մայիսի 27-29-ը` WUKF-ի աշխարհի առաջնություններին: Դրանից հետո էլ կանեմ իմ մասին պատմող «Ճանապարհ դեպի հաղթանակ» հանդեսի շնորհանդեսը Հայաստանում, որն առայժմ կվաճառվի Հայաստանում, Ռուսաստանում և Ղազախստանում: Հետաքրքրություններ սպորտից դուրս - Սիրում եմ կինոն: Երեք տարի` առաջ Հայաստանում նկարահանվել եմ «Որոգայթ», անցյալ տարի «Վերադարձ», այս տարի էլ պատրաստվում եմ «Ոստիկանները» սերիալում մարմնավորել հանցագործի որդու դեր: Ամռանն էլ պատրաստվում եմ նկարահանել իմ գործունեության մասին պատմող փաստագրական ֆիլմ: Անձնական կյանքը - Ընկերուհի չունեմ, սիրտս ազատ է: Ասում են, որ ամունանալուս ժամանակն է, բայց առայժմ անձնականում փոփոխությունների չեմ պատրաստվում: Չեմ էլ մտածել, թե ինչպիսին պետք է լինի կինս: Մասնագիտությունն ու նախասիրությունները, ազգությունն ու նիստուկացն առանձնապես էական չեն. կարևորը` լավ մարդ լինի (ժպտում է): Նպատակն ու երազանքը - Նպատակադրված եմ Հայաստանում կարատեն հասցնել բարձր մակարդակի: Այն զարգացող մարզաձև է, միայն թե այստեղ խնդիրներն են շատ: Հույս ունեմ, որ դա դեռ կշտկվի: Իսկ որպես մարդ, երազում եմ երջանիկ լինել: Այսինքն` շրջապատված լինել քո կողմից սիրելի ու քեզ սիրող մարդկանցով, հոգեպես հանգիստ ու ազատ լինել: Կարծում եմ` բոլորն են ձգտում երջանկության: Թող բոլորն էլ երջանիկ լինեն:

Գոհար ՊԵՏՐՈՍՅԱՆ