Այսուհետ`Ստալինիզմի


 

Խորհրդային «ժողովուրդների հոր» պետական թանգարանը` նրա իսկ հայրենի Գորի քաղաքում, վերակազմավորվում է:

- Մշակույթի նախարարության, ստալինյան ճնշումների զոհերի ժառանգների և Սովետական տոտալիտարիզմը հետազոտողների աջակցությամբ` Ստալինի անվան թանգարանը վերակազմավորվում է Ստալինիզմի թանգարանի: Այն առավել լիարժեք և օբյեկտիվորեն այցելուներին կպատմի ստալինիզմի ժամանակաշրջանի կարևոր իրադարձությունների մասին,- նախարարության մամլո ծառայության հաղորդագրությունը մեջբերել է «Նովոստի Գռուզիա» գործակալությունը:

Թանգարանի հանդեպ հետաքրքրությունը մեծացել է ողջ աշխարհում: Անցյալ տարի, օրինակ, 24 հազար մարդ է այցելել. նրանցից 19 հազարը` արտասահմանցիներ, 3 հազարը` դպրոցականներ: Ու հիմա պատահական չէ, որ այս նախաձեռնության համար միջոցներ կհատկացնեն ոչ միայն վրացական, այլև միջազգային հեղինակավոր մի շարք կառույցներ:

Թանգարանային համալիրը վերջին անգամ նորոգվել է 1990-ական թթ.: 2010 թ. ապամոնտաժված Ստալինի արձանը մինչ օրս չի տեղափոխվել: Այդ արձանը Գորիի կենտրոնից «գահընկեց» անելով, հայտարարվել էր, որ դրա տեղում կկանգնեցվի ստալինիզմի և 2008 թ. ռուս-վրացական պատերազմի զոհերի հուշաքանդակը:

Ի դեպ` Իոսիֆ Ստալինի պետթանգարանը Գորիում հիմնադրվել է 1937 թ.` Լավրենտի Բերիայի նախաձեռնությամբ: Այնտեղ պահպանվում է ավելի քան 47 հազար ցուցանմուշ: Թանգարանային համալիրն ընդգրկում է հուշատունը, ուր ծնվել է Կոբան, ցուցադրությունների շենքը, գեներալիսիմուսի անձնական վագոնը, որով նա հանդիպումների է մեկնել Թեհրան, Յալթա և Պոտսդամ: Եվ իհարկե` «ժողովուրդների առաջնորդի» անձնական իրերը: