Ինչպե՞ս են ողջունում


 

Միմյանց ողջունելու` առաջին հայացքից պարզունակ թվացող շարժումներն իրականում պատճառաբանված ու յուրօրինակ խորհուրդ ունեցող գործողություններ են: Մարդկությանը հայտնի ամենատարածված ողջույնի եղանակը ձեռքսեղմումն է, որը ևս բազմազան է իր դրսևորումներում: Օրինակ` Ռուսաստանում նախ ողջունում են տղամարդուն` միաժամանակ ձեռքը պարզելով դեպի կինը, իսկ Անգլիայում միևնույն գործողությունը կատարվում է հակառակ հաջորդականությամբ:

Տաջիկ ընտանիքի գլխավորը 2 ձեռքով սեղմում է հյուրի` դեպի իրեն պարզած ձեռքը` ի նշան հարգանքի:

Սաուդյան Արաբիայում ձեռքսեղմումից հետո ընտանիքի ավագն իր ձախ ձեռքը դնում է հյուրի աջ ուսին` համբուրելով նրա այտը:

Իրանցիներ ը ձեռքսեղմումից հետո աջ ձեռքը սեղմում են այտին:

Կոնգոյում փչում են ձեռքերի մեջ:

Աֆրիկյան որոշ ժողովուրդների ողջույնի արարողությունն ավարտվում է ձեռքերի մեջ թքելով:

Ճապոնացիները նախընտրում են ողջույնի խոնարհվելու եղանակը:

Ողջույնի թերևս ամենագեղեցիկ տարբերակը ևս հանդիպում է Աֆրիկայում : Նախ ձեռքը տանում են դեպի գլուխը, շութերը, ապա կուրծքը, ինչը նշանակում է` ես մտածում եմ քո մասին, ես խոսում եմ քո մասին և հարգում եմ քեզ:

Տիբեթցիները մի ամբողջ ծիսաշարք են իրականացնում. ողջույնի պահին աջ ձեռքով հանում են գլխարկը, ձախով բռնում ականջը` միաժամանակ լեզու հանելով:

Նոր Զելանդիայի բնիկները ևս լեզու են հանում` միևնույն ժամանակ աչքերը լայնացնելով: Ապա հարվածում են ազդրերին, ոտքերով հարվածում գետնին: Սա, իհարկե ընկալելի է միայն տեղացներին, ուստի այս գործողությունների շարքն առաջին հերթին ուղղված է եղել յուրայիններին ճանաչելուն:

Իսկ Ավստրալիայի տեղաբնիկները միմյանց պարով են ողջունում: