ՈՒՂՂԱԿԻ ԾԻԾԱՂԵԼԻ Է


 

ՕԵԿ կանանց միության համագումարում ունեցած իր ելույթում արտասանած արդեն սկանդալային ու խայտառակ միտքը մեկնաբանել է այդ հայտարարության հեղինակ Հեղինե Բիշարյանը` իր բառամթերքին հատուկ աղբաջուր «ցողելով» բոլոր այն լրատվամիջոցների վրա, որոնք անդրադարձել էին Արթուր Բաղդասարյանին «սեռափոխող» մտքին: Բիշարյանը մասնավորաբար ասել է.

- Բազմաթիվ առիթներով ես ասել եմ, որ չարախոսությունը, այլոց սևացնելու հաշվին միավորներ վաստակելը, կեղծարարությունն ու բանսարկությունը դարձել են մեր քաղաքական կյանքի անբաժանելի մասը: Հենց դրանով են առաջնորդվում որոշ քաղաքական ուժեր, իրենց գործիչներ հռչակած ստորաքարշ արարածներ և լրատվական «քիլլերներ»: Եվ հենց այդ համատեքստում է պետք գնահատել ՕԵԿ կանանց համագումարում իմ ելույթի չարամիտ մեկնաբանությունները, որոնք կառուցված են միտքն աղճատելու, կոնտեքստից կտրված նախադասություններ առանձնացնելու, դրանց ստոր և հեղինակներին վայել մեկնաբանություններ տալու տրամաբանության վրա: Իսկ շարքն ամբողջականացնում են էժանագին գրչակներն իրենց մտացածինը համացանցում տեղադրելով` փոխարենն իրենց և առատաձեռն պատվիրատուների անմարդանման պատկերները ներկայացնելով: Վերլուծեք վերջին ամիսների մամուլը, և ՕԵԿ-ի դեմ քիլլերական հարձակումների ծավալից ձեզ պարզ կդառնա, թե ինչ ապարդյուն նպատակ են հետապնդում մեր չարակամները:

Կարելի էր չանդրադառնալ տիկնոջ այս հայհոյախառը խոսքին, եթե չմտածեինք, որ ոմանք կարող են միամտորեն ընդունել նրա «պարզաբանումներն» ու մտածել, թե իսկապես չարամտորեն են մեկնաբանել նրա խոսքերը կամ էլ ներկայացրել են համատեքստից դուրս: Ո՞ր միտքն է աղճատվել, ո՞ր խոսքն է ներկայացվել համատեքստից դուրս: Տիկինը օրինակ չի բերում, այլ ընդամենը, իրեն հատուկ աղմկարարությամբ փորձում է իր բառամթերքին հարազատ հայհոյանքները տեղալ` չհասկանալով, որ այսպես մեկ անգամ ևս բացահայտում է ճշմարտությունը, հաստատում, որ որևէ մտացածին ու միտումնավոր բան չի եղել: Մենք նույնպես բառացիորեն վերարտադրել ենք այն, ինչն ասվել է իր կողմից: Իսկ ինչ վերաբերում է «առատաձեռն պատվիրատուներին», ապա տիկին Բիշարյանն իր արշինով է չափում բոլորիս` հավանաբար չմտածելով, որ վարձու լրագրողներ ու լրատվամիջոցներ պահելու սովորույթն իրեն է պատկանում: Որպեսզի մերկապարանոց չլինի մեր խոսքը, այն հիմնավորենք փաստերով: Ժամանակներ առաջ տիկին Բիշարյանը սկսեց սերտ բարեկամություն անել ոմն Ագապի Հայկազունու հետ, ով խմբագրում էր «Փակագիծ» թերթը: Այդ թերթը հակաբիշարյանական և հակաօեկական հոդվածներ էր տպագրում, հարձակումներ գործում հատկապես Բիշարյանի վրա: Բայց եկավ ժամանակ, որ անսպասելիորեն շրջադարձ կատարվեց, ու «Փակագիծը» սկսեց տպագրել այնպիսի հոդվածներ, որոնք փառաբանում էին Բիշարյանին ու նրա կուսակցությունը: «Չար լեզուներն» ասում էին, որ յուրաքանչյուր ամիս ՕԵԿ-ը 3 հազար դոլար էր վճարում` Բիշարյանին գովելու համար: Բիշարյանը շատ հաճախ էր լինում Հայկազունու աշխատասենյակում, նրա հետ ժամերով զրուցում, սուրճ խմում… Իհարկե, հետագայում «համագործակցելով» Գրիգոր Մարգարյանի` Բելաջիոյի Գրիշի հետ, Հայկազունին փոխեց իր «կողմնորոշումն» ու առավել բարձր «հոնորարները» գերադասեց ՕԵԿ-ի երեք հազար դոլարից...

Լավ կլիներ, որ ստորաքարշ, լրատվական «քիլլեր» ու նման բառեր օգտագործելուց առաջ` Հեղինե Բիշարյանը մի քիչ հետ նայեր, տեսներ «պատմությունը», ապա նոր միայն անցներ հայհոյանքների: Իսկ որպեսզի հերթական զրպարտությամբ չփորձի վարկաբեկել լրագրողներին, լավ կլինի, որ մեկ անգամ ևս դիտի իր ելույթը ներկայացնող տեսանյութը:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ