Է˜Ն ՈՒՐԻՇ` ՄԵ´Ր ՖՐՈՒՆԶԻԿԸ


 

Թվում է` հանճարների մասին ամեն ինչ վաղուց ասված ու գրված է, սակայն երբեմն նրանց էությունն ու ներաշխարհն անճանաչելի են մնում` կարոտ բացահայտման...

Սահմանադրական դատարանի մամուլի ծառայության աշխատակիցներ, լրագրողներ Շուշանիկ ՍԱՀԱԿՅԱՆԻ և Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆԻ` Մհեր Մկրտչյանի մասին պատմող վավերագրական ֆիլմը հանճարեղ դերասանին յուրովի բացահայտելու, նրա էությունն այլ լույսի տակ ներկայացնելու հաջողված փորձ է:

Վերջերս կայացած «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և Webtv.ΖΗ ինտերնետ հեռուստատեսության «WebԾիրան» համահայկական առցանց (օնլայն) կինոփառատոնում խրախուսական մրցանակի արժանացած «Է˜ն ուրիշ Ֆրունզիկը» ֆիլմի վերջնական` առավել ամփոփ տարբերակն օրեր առաջ առաջին անգամ ներկայացվեց հանդիսատեսի դատին: Շուշանիկ ՍԱՀԱԿՅԱՆԸ սիրով ընդունեց ֆիլմի ստեղծման պատմության, առանձնահատկությունների, արձագանքերի մասին զրույցի մեր հրավերը.

- Մհեր Մկրտչյանի ծննդյան 80- ամյակի տարում` 2010-ին, հրատարակել ենք նրա կյանքին ու ստեղծագործությանը նվիրված «Ո՞ւմ համար ես վառվում լույս» գիրք-օրացույցը և «Լույս» գիրքը: Գրքերը տպարան ուղարկելուց հետո ձեռքի տակ ունեինք մեծ քանակությամբ ձայնագրություններ, տպագիր արխիվային նյութեր և տեսանյութեր: Որոշեցինք նաև ֆիլմ ստեղծել` արտիստի 80-ամյակի առիթով: Առաջին տարբերակը` 40 րոպե տևողությամբ վավերագրական ֆիլմն էր, որի առաջին ցուցադրությունը Գյումրիում էր: Սա, անշուշտ, պատահական չէր: Խորհուրդը մեծ էր` Ֆրունզիկ Մկրտչյանը սիրում էր յուրաքանչյուր գործ առաջինը ներկայացնել Գյումրիում: Ասում էր` Գյումրին ինձ համար քավարան է, գնում եմ այնտեղ` մաքրվելու, որ վերադառնամ, նոր գործ սկսեմ: Մենք այդ ավանդույթը պահպանեցինք, և իր խոսքին հլու-հնազանդ` առաջին ցուցադրությունը կազմակերպեցինք Գյումրիում: Հետագայում ֆիլմը ցուցադրվեց նաև «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում, Ստեփանակերտում, «Մոսկվա» կինոթատրոնում: Տպագիր արխիվը մեզ սիրով տրամադրել էր Խաչիկ Շառոյանը, ով թվայնացրել և մեծ սրբությամբ պահում է ամբողջ նյութը: Հարցազրույցներից, որոնք ժամանակին արվել են Մհեր Մկրտչյանի հետ, շատ մտքեր ներառել ենք գրքերում, մի մասն էլ` ֆիլմում: Իսկ ձայնագրությունները մեզ տրամադրել է Ռոբերտ Մաթոսյանը, ով դերասանի մտերիմն է եղել և նրա հետ շրջել է ամենուր ու անընդհատ ձայնագրել: Ֆիլմը մի քանի անգամ վերամոնտաժվել է: Առաջին ցուցադրությունից հետո գտնվեցին մարդիկ, ովքեր սիրով տրամադրեցին մեզ իրենց մոտ եղած արխիվային նյութերը: Ամեն անգամ մենք նոր տեսանյութեր ու ձայնագրություններ ստանալով` փորձում էինք առավել ամբողջացնել Մհեր Մկրտչյանի կերպարը, որը կատարյալն էր նրա խաղացած բոլոր կերպարներից:

- Ֆիլմն առանձնանում է մատուցման յուրահատուկ եղանակով` կառուցված է բացառապես Մ. Մկրտչյանի մտքերով:

- Կարելի էր նաև մտերիմների, հարազատների, գործընկերների մտքեր ներառել, բայց այդպիսի ֆիլմեր շատ կան: Մենք որոշեցինք սիրելի արտիստին ներկայացնել իրենով, որովհետև մեզ համար բացահայտեցինք մեկ ուրիշ Ֆրունզիկ: Այդքան մեծ արխիվը մանրամասն ուսումնասիրելուց հետո եկանք այն եզրակացության, որ Ֆրունզիկ Մկրտչյանի անձի շուրջ կան ձևավորված կարծրատիպեր, որոնք որևէ ընդհանրություն չունեն նրա կերպարի հետ: Նրա մասին պատմում են մի բան, բայց երբ կարդում ես իր խոսքերը, իր մտքերը, երբ լսում ես իր մենախոսությունը, բոլորովին ուրիշ կերպար է բացահայտվում, որը ոչ մի առնչություն չունի նրա անձի շուրջ ձևավորված կարծիքի հետ:

- Այս ֆիլմով հանրության սեփականությունը դարձան այնպիսի մանրամասներ, որոնք բացահայտում են «Էն ուրիշ Ֆրունզիկին»...

- Շատ կարևոր ենք համարել քիչ հայտնի իրողությունները մեջտեղ բերել: Ձեռքի տակ ունենալով այդ հազվագյուտ ձայնագրությունները` ձգտել ենք դրանք դարձնել հանրության սեփականությունը, որովհետև վստահ էինք, որ քչերը գիտեին նրան այդպիսին: Իսկ դերի պատրաստման մհերյանական կերպը, որը համարում ենք նրա հաջողությունների բանալին` սերտելի դաս է բոլոր սկսնակ դերասանների ու ռեժիսորների համար: Իմպրովիզների միջոցով կերպարն առավել հետաքրքիր դարձնելը նույնպես չափազանց ուսանելի է:

- Արդեն շուրջ 2 տարի ֆիլմը ծանոթ է հանրությանը: Ի՞նչ արձագանքներ ու գնահատականներ են հնչել:

- Համեստություն չանեմ` գնահատականները հիմնականում դրական են: Մամուլը, հեռուստատեսությունը, ռադիոն արձագանքեցին ու ողջունեցին մեր ֆիլմի նորամուտը: Հատկապես ճիշտ են համարում և ողջունում Ֆրունզիկին ներկայացնելու ա´յս եղանակը, որովհետև իր մասին մարդկանց մտքերը լսելը մի բան է, իր խոսքը լսելը` բոլորովին այլ բան: Մարդու կերպարը պետք է բացահայտվի իր խոհափիլիսոփայական մտորումներով, իր խոսքը մեջբերելով: Դա անհամեմատ ավելի համոզիչ է, ավելի տպավորիչ: Կերպարն այդպես ավելի իրական է դառնում: Ֆիլմը նախաձեռնելիս գիտակցում էինք այն ողջ պատասխանատվությունը, որ ստանձնում էինք: Գիտակցում էինք նաև, որ ֆիլմը պետք է այնպես կառուցենք, որպեսզի այսպես ասած` իր սրտով լինի: Շատերը քրքրում են նրա անձնական կյանքի մանրամասները: Մենք զերծ ենք մնացել դրանից, որովհետև գտնում ենք, որ դա դերասանին ներկայացնելու լավագույն ձևը չէ: Մենք ֆիլմով ներկայացրել ենք նրա զուտ բեմական և մարդկային որակները:

- Մհեր Մկրտչյանի ինչպիսի՞ նոր, հանրությանն անծանոթ կերպար ներկայացվեց ֆիլմով:

- Իմ պատկերացմամբ Ֆրունզիկն ամենևին էլ կատակերգու չէր: Նույնիսկ կատակերգական իրավիճակներում նա խաղում էր ողբերգություն: Ֆիլմով մենք փորձել ենք բացել նրա բազմաշերտ տաղանդի ծալքերը, նրա ներքին երկվությունը, էկրանին ենք տվել է´ն Ֆրունզիկ Մկրտչյանին, ով փիլիսոփայության, մտածողության մեկ ուրիշ բանաձև ունի:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ