Ծովը ծնկներից... …օդում


 

Օրերս «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում անկարգ ուղևոր կա:

Ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության ծառայողները, խուլիգանություն կատարելու համար, բերման են ենթարկել 53-ամյա Գագիկ Կիրակոսյանին:

Պարզվել է, որ նա թռիչքի ժամանակ ոգելից խմիչք է օգտագործել, աղմկել և վիճաբանության մեջ է մտել ինքնաթիռը սպասարկող անձնակազմի աշխատակիցների հետ, չի ենթարկվել նրանց պահանջներին և շուրջ 45 րոպե կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը` հայհոյելով, քաշքշելով և հարվածելով իրեն ողջախոհության կոչող բորտուղեկցորդին:

Կիրակոսյանին, փաստորեն, ծովը ծնկներից է թվացել, և այն էլ ոչ ավելի ոչ պակաս` օդում: Այս աղետաշատ ժամանակներում որոշ վայ-ուղևորներ ահա այսպես են «պայքարում» իրենց իսկ անվտանգության համար` փոխանակ շնորհակալություն հայտնելու և քաջալերելու օդում իրենց անվտանգության իսկական պաշտպաններին:

Օդային խուլիգանի վարքով իրավապահներն արդեն լրջորեն զբաղվում են: