Ոստիկանական վճարովի ծառայություններ


 

Անհանգստանալ ու մանավանդ չարախնդալ պետք չէ. խոսքը Հայաստանի ոստիկանության մասին չէ: Երկուշաբթի օրը Հունաստանի ոստիկանությունը հավաստել է, որ ծրագրում է վճարովի ծառայություններ մատուցել և վարձակալությամբ տեխնիկական սարքավորումներ տրամադրել (մոտոցիկլներից մինչև նավակներ և ուղղաթիռներ):

Լրջագույն ճգնաժամում հայտնված հասարակական կարգի պահապաններն այսուհետ պատրաստ են որոշակի գումարի դիմաց ուղեկցել վտանգավոր (օրինակ` պայթյունավտանգ) բեռները, օգնել խոշոր ֆինանսական միջոցների, արվեստի բարձրարժեք ստեղծագործությունների տեղափոխմանը: Ոստիկանությունը նաև պատրաստ է ապահովել մասնավոր անձանց և միջոցառումների անվտանգությունը (ներառյալ համերգներն ու մր-ցումները, կինո և հեռուստանկարահանումները): Իհարկե` դարձյալ գումարով, բայց նաև` տվյալ պահին ազատ աշխատակիցներ ունենալու պարագայում:

Ստացվում է, որ հունական ոստիկանությունը վարձակալության է հանձնում իր աշխատակիցներին. միայն թե փող տվող լինի:

Ոստիկանության և ֆինանսների նախարարությունները հիմա վճարովի ծառայությունների գներն են քննարկում: Դիցուք, ոստիկանության փոխադրամիջոցներից մոտոցիկլ վարձակալողները 1 ժամվա համար կվճարեն 20 եվրո, պարեկային ավտոբուսի համար` 40, բեռնատարի ու ամբարձիչի համար` 90, անձնակազմի ավտոբուսի դիմաց` 120 եվրո (1 ժամի համար): Ոստիկանական նավակի 1 ժամվա արժեքը 200, իսկ ուղղաթիռինը` 1500 եվրո է նախատեսվում: Պահակային ծառայության 1 ժամը կարժենա 30, իսկ հատուկ վարժեցված շունն իր մարզչի հետ 1 ժամում կվաստակեն 50 եվրո:

Ընդ որում, վճարովի ծառայություններից կարող են օգտվել ինչպես ֆիզիկական անձինք ու մասնավոր կազմակերպությունները, այնպես էլ պետական հիմնարկները:

Այսինքն, հանցագործը կարող է վճարել և ոստիկան վարձել, որպեսզի չխանգարեն հանցանք գործել, հետո էլ ոստիկանական ուղղաթիռով կճողոպրի դեպքի վայրի՞ց: