ՀԱՄԱՍ-ն անզիջում է


 

Եվ ոչ միայն Իսրայելի, այլև այդ երկրի հետ համագործակցողների հանդեպ: Շաբաթ օրն այս շարժման ներկայացուցիչները մահապատժի են ենթարկել 3 պաղեստինցիների (հաղորդել է AFP-ն` վկայակոչելով Պաղեստինյան ինքնավարության ներկայացուցչի կարծիքը):

Նրանցից մեկին մեղադրել են հենց այդ համագործակցության, իսկ երկուսը մեղավոր են ճանաչվել սպանությունների համար: Մահապատիժն ի կատար է ածվել Գազայում. դատապարտյալների անուններն ու տարիքները չեն հիշատակվում:

Սա Իսրայելի հետ համագործակցելու համար պաղեստինցիների առաջին մահապատիժն է ընթացիկ տարում: Անցյալ տարի հուլիսին նման վճիռ էր կայացվել ևս երկու անձանց նկատմամբ:

Մեկ ամիս առաջ` մարտին, Գազայի զինվորական դատարանը մահապատժի վճիռ էր կայացրել 27-ամյա մի պաղեստինցու նկատմամբ` նրան մեղադրելով հայրենիքի դավաճանության, որն այս պարագայում նույնն է, թե` Իսրայելի հետ համագործակցելու համար: Նրա անունը ևս չէր նշվել: Այնուհետև 2-րդ մեղադրյալի վերաբերյալ այդպիսի վճիռ կայացվեց: Վերջինս սպանել էր իր հարազատ եղբորը: Դատավճիռները կայացվել էին, սակայն մեղավորները չէին գտնվել: Ու քանի որ մահվան դատապարտվածներից ոչ մեկի անունը չի նշվում, ուրեմն կարելի է չբացառել, որ 3 օր առաջ պատժվածներից 1-2-ը հենց դատարանով դատապարտվածներն էին:

Հիշեցնենք, որ 2007-ին Գազայի հատվածում իշխանությունը զավթած ՀԱՄԱՍ իսլամիստական շարժման ղեկավարությունն առաջին բացահայտ մահապատիժն իրագործեց 2010-ին: Այդ ժամանակ 2 պաղեստինցի կախաղան հանվեցին: Մեղադրանքը դարձյալ Իսրայելի հետ համագործակցությունն էր:

Ի դեպ, պաղեստինյան օրենքով մահապատժի ենթակա են պետդավաճանությունը, սպանությունը և թմրանյութերի մաքսանենգությունը: