ԽՈՒՍԱՓՈՒՄ ԵՆ ՀԱՐԿԵՐԻՑ


 

Բենզին ներկրող ընկերությունները ոչ միայն գնաճի անվան տակ մարդկանց գրպաններն են դատարկում: Նրանք նաև պետբյուջեն են կողոպտում` խուսափելով հարկեր վճարելուց: Խոշոր հարկատուների ցուցակում նրանց զբաղեցրած հորիզոնականները և պետության հանդեպ կատարած հարկային պարտավորությունները բնավ էլ ոլորտի իրական շրջանառությունը չեն արտահայտում:

Այսպես, խմբագրությանն ահազանգած քաղաքացիներից մեկը պատմել է, որ նվազագույնը 500 դրամ արժեցող բենզինի նոր գնից զայրացած` կյանքում առաջին անգամ ինքը որոշել է մեքենան լիցքավորելուց հետո ՀԴՄ կտրոն պահանջել: Կեսգիշերն անց է եղել, և «Սի Փի Էս» ընկերությանը պատկանող` Գաջեգործների փողոցում գտնվող լցակայանի աշխատակիցը նախ զարմացել, իսկ հետո արդարացել է, թե գիշերվա ժամը 12-ին լցակայանի տերերը փակում են դրամարկղը, և ինքը լավագույն դեպքում առավոտյան կարող է կտրոն տրամադրել: Մեր ընթերցողը գնել է ուղիղ 10 հազար դրամի բենզին, իսկ աշխատակցի խոստովանությունից պարզ է դարձել, որ գիշերային ժամերի շրջանառությունն այսպիսով ոչ մի կերպ չի հաշվվում:

«Սի Փի Էս» ընկերությունը վառելիք ներկրող խոշորագույն կառույցն է և լցակայանների ամենամեծ ցանցն ունի ողջ հանրապետությունում, իսկ այս և նման ընկերությունների տերերն ամեն անգամ գները բարձրացնելիս` բազմաթիվ պատճառների շարքում ընդգրկում են նաև հարկային բեռը, ինչն, ըստ նրանց` ծանր է: Բայց իրականում այդ «բեռն» այնքա˜ն թեթև է նրանց համար, որ «շվշվացնելով» իրենց գրպաններն են ծանրացնում: Իսկ իրականում օրվա որոշակի ժամերի ընդհանրապես գոյություն չունի: