ՄԱՐԴՆ ԱՄԱՉՈՒՄ Է ԻՐ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԱՆՑՅԱԼԻՑ


 

Նոր Նորքի թիվ 2 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու գրանցված Սամվել Ֆարմանյանը` «Հայաստանի հանրային հեռուստաընկերության» ու «Հայաստանի հանրային ռադիոընկերության» լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրենը, էլեկտրոնային կայքերում ներկայացրել է իր նախընտրական բլոգը` ի ցույց դնելով արդիական նախընտրական տեխնոլոգիաների իր իմացությունը: Իսկապես, հետաքրքիր ու ժամանակակից է ընտրողներին սեփական անձը ներկայացնելու մեթոդաբանությունը: Այստեղ Սամվել Ֆարմանյանը ներկայացրել է իր կենսագրությունը` հիշատակելով, որ ծնվել է 1978 թվականի փետրվարի 8-ին, Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում: Կարևորություն չտանք այն հանգամանքին, որ 1978-ին Շիրակի մարզ գոյություն չուներ, իսկ Սպանդարյանն էլ Արթիկի շրջանի գյուղերից մեկն էր: Բայց հիշենք, որ սա այն գյուղն է, որտեղից սկիզբ է առնում Արթուր Բաղդասարյանի կենսագրությունը, քանի որ նրա հայրը ծնունդով այս գյուղից է: Եվ Սամվել Ֆարմանյանի ներկայությունն էլ արդի քաղաքական դաշտում ու իշխանական աստիճանակարգում պայմանավորված է հենց այս գյուղով: Մանրամասնորեն ներկայացնելով իր կենսագրության ամեն մի փաստ ու հանգամանք` պատգամավորության թեկնածուն «մոռացության» է տվել անչափ կարևոր կենսագրական գծեր: Նա չի նշել, որ 2003 թվականից եղել է «Օրինաց երկիր» կուսակցության անդամ: Ավելին` ղեկավարել է այդ կուսակցության երիտասարդական կառույցը և համարվել ՕԵԿ-ի առաջնորդներից մեկը: 2007-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ Արթուր Բաղդասարյանը «քցեց» նաև իր համագյուղացուն, վերջինս հեռացավ ՕԵԿ-ից, դարձավ «ՄԻԱԿ»-ի անդամ, ապա` նրա ղեկավարը: Իր կենսագրության մեջ այս մասին էլ ոչինչ չի գրում Սամվել Ֆարմանյանը: