ԼԱՐՎԱԾ ՈՒ… ՀՈԳՆԱԾ ՕՐԵՐ


 

Տարիներ առաջ մեր մտավորականության լավագույն ներկայացուցիչներից մեկը` գրող Զորայր Խալափյանը հեռուստատեսային մի հաղորդման ժամանակ կատակով ասաց. «Ի՞նչ կլիներ մեր վիճակը, եթե ընտրություններ չլինեին: Մարդիկ խոսելու և իրար պատմելու թեմաներ չէին ունենա»:

Ասվածի մեջ կատակ կար, սակայն օրավուր համոզվում ենք, որ դա նաև մեր իրականությանը տրված լավագույն գնահատականներից մեկն էր, քանզի ընտրությունները ոչ միայն աշխուժություն են բերում մեր կյանք, այլև առաջադրում են թեմաներ, «սյուժեներ», առիթ տալիս առավել խորքով ճանաչելու մի շարք մարդկանց, անսպասելիորեն հայտնագործելու, որ գրեթե մեր կողքին գտնվող ու ոչնչով աչքի չընկնող մեկը հանկարծ կարող է առաջադրվել պատգամավորության թեկնածու, ինչ-որ խոստումներ տալ... Ընտրությունները նաև բացահայտում են կուսակցություններին, որոնց մեծ մասը չորս-հինգ տարի չի երևում ասպարեզում, ոչնչով չի զբաղվում ու հանկարծ նիրհած տեղից ոստնում է ընտրությունների նախօրյակին, արագորեն ցուցակ պատրաստում, գտնում ութ միլիոն դրամ ու շտապում գրանցվելու` մեկ ամսից ավելի մեր լսողությունն ու տեսողությունը «սղոցելու» համար: Ահա նման մի կուսակցություն էլ «Միավորված հայերն» է, որի մասին, հավանաբար, Հայաստանում ոչ ոք չգիտեր, ոչ ոք տեղյակ չէր»:

Բայց պարզվում է, որ կա նման կուսակցություն, որն իրեն իրավունք է վերապահել մասնակցելու ընտրություններին, քարոզարշավ կազմակերպելու: Ոչինչ չունենք ասելու, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ցանկացած անձ ու քաղաքական ակումբ կարող է մասնակցել ընտրություններին, կարող են թեկնածուներ գրանցվել կրծողների դեմ պայքարող կամ էլ տիֆի վարակի դեմ պայքարող ընկերությունները, թափառող շներին նյութական աջակցություն ցուցաբերող հասարակական կազմակերպություններն ու էլ ով ասես: Սակայն միթե ոչ ոք չի ուզում հարցնել ընտրողների կամքը, թե արդյո՞ք կամենում է տեսնել այս կամ այն կուսակցությանը, լսել նրա քարոզարշավը, տեսնել պատահականորեն պատգամավորության թեկնածու դարձածներին, որոնցից շատերը, հավանաբար, պատկերացում չունեն Սահմանադրության ու պառլամենտարիզմի մասին:

Մեր գիտելիքները «Միավորված հայեր» կուսակցության մասին չափազանց աղքատիկ են: Ու մեղավորը ոչ թե մենք ենք, այլ` այդ կուսակցությունը, որը մինչև օրս չի ծավալել հրապարակային գործունեություն, չի մասնակցել քաղաքական գործընթացներին: Այս կուսակցության ղեկավար Ռուբեն Ավագյանը, ում անունն աղոտորեն հիշում ենք նախագահական ընտրություններից, երբ նա առաջադրել էր իր թեկնածությունը, հայտարարում է, որ իր կուսակցությունն ունի հինգ հազար անդամ, որից 20 տոկոսը գիտնականներ են, 40 տոկոսը կանայք, իսկ 60 տոկոսն էլ իրավաբաններ են: Ստացվում է 120 տոկոս: Բայց գուցե այս մարդը կանանց որպես իգական սեռ դիտարկելով, ցանկացել է ստեղծել նաև գիտնականների և իրավաբանների սեռեր: Այս անլուրջ «թվաբանությունից» հետո միթե կարելի է վստահել այս ուժին ու թեկուզ ներկա լինել նրա քարոզարշավին: Բայց ինչպես ներկա լինես քարոզարշավին, երբ հիշում ես նախագահական ընտրությունները, երբ պարոն Ռուբեն Ավագյանը բառացիորեն հոգնեցնում էր քարոզչական ճառերով: Հիմա էլ, որպես կուսակցության գաղափարախոսություն, պարոն Ավագյանը հռչակել է. «Միավորված հայեր» կուսակցությունն առաջնորդվում է ազգային գաղափարախոսությամբ, որի հիմքն է համազգային սթափ մտածողությունը, որը« համամարդկային արժեքներն ընդունելով հան դերձ, ենթադրում է առաջնորդվել ազգային շահերով: 

Ազգային գաղափարախոսությունը վեր է կանգնած հասարակական խավերից, անհատական շահերից և կուսակցություններից: Դրա հիմքում պետք է լինեն սոցիալ-իրավական արդարությունն ու բարոյականությունը, որոնք առաջնորդելու են հայ ժողովրդին դեպի հա սարակական համերաշխություն: Հասարակական պետական կենսագործունեության տեսակետից վնասակար ու անընդունելի են այն փոփոխությունները, որոնք, թեկուզև ժամանակավորապես, թուլացնում են հասարակության միջին խավը, քանի որ դա հանգեցնում է համազ գային ուժի թուլացման: Ազգային գաղափարախոսությամբ առաջնորդվելու դեպքում նվազագույնի կհասնեն իշխանությունների վրիպումներն ու սխալները»: Մեր ընտրողն ինչպես գլուխ հանի այս բառակույտից, ինչպես կողմնորոշվի: Երևի «Միավորված հայերի» առաջնորդին թվացել է, թե հանճարեղ մտքեր է ասում, թե բացահայտում է քաղաքական ինտելեկտի մի նոր ենթաշերտ և կամենում է դրանով զարմացնել ընտրազանգվածին:

Խե˜ղճ ընտրազանգված...

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ