ԳԹԱՍՐՏՈՒԹՅԱՆ ԴԵՖԻՑԻՏ


 

«Շիրակ կենտրոն» կայքում տեղադրված գրությունն այնքան ցնցող ու հուզիչ է, որ անկարելի էր անտարբեր մնալ:

- Թոսունյաններն անօթևանի կարգավիճակ չունեն, բնակվում են համայնքային սեփականություն համարվող «ֆոնդի» կոչվող փոքրիկ կացարանում: Թոսունյան ամուսինները 7 երեխա ունեն: Փոքրը 8 տարեկան է, մեծը` 21: Նրանց ապրուստի հիմնական միջոցը սոցապահովման նպաստն է: Մի քանի ամիս առաջ երեխաներից ավագները` 21-ամյա Զարզանդը և 20-ամյա Արմանը մեկնել են Ռուսաստան` արտագնա աշխատանքի: Ավագ քույրերը Գյումրու Տիրամայր Հայաստան մանկատան սաներ են, իսկ ավագը մինչև Հայոց բանակում ծառայելը մի տարի ուսանել է Եվրոպական համալսարանում, սակայն բանակից հետո վարձավճարը մուծել չկարողանալու պատճառով նրան հեռացրել են համալսարանից: 7 երեխաներից 4-ը դպրոցական են, իսկ 17-ամյա Արզումանը զբաղվում է բռնցքամարտով, թեև երկրորդ ամիսն է, ինչ մարզահագուստ չունենալու պատճառով չի հաճախում պարապմունքներին: Ընտանիքի մոր խոսքերով, իրենց բազմանդամ ընտանիքը որևէ աջակցության կամ ուշադրության չի արժանացել ինչպես բարեգործական կազմակերպությունների, այնպես էլ իշխանությունների կողմից:

Զարզանդ Թոսունյանին հեռացրել են Եվրոպական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղից, հաշվի չեն առել, որ գտնվում է սոցիալապես ծանր պայմաններում, որ սովորելու մեծ ցանկությունը բախվել է սոցիալական իրավիճակին:

Եվ ամենատարօրինակն ու զայրացուցիչն այն է, որ հեռացրել են մի ակադեմիայից, որը, ըստ էության, պատկանում է «Օրինաց երկրին»: Կուսակցության, որի ղեկավարությունն անվերջ բարձրաձայնում է, թե իրենք ձգտում են կրթության համակարգում պայքարել սոցիալական անհավասարության դեմ, որ աջակցում են անապահով ընտանիքների ուսանողներին, որ ձգտում են ամեն ինչ անել, որպեսզի աղքատ ընտանիքներն արժանանան պետության ուշադրությանն ու հոգածությանը... Պարզվում է` խոսքերն ու կոչերը որևէ կապ չունեն իրականության հետ, որ չեն մտածել, թե կարող է Թոսունյանների ընտանիքի մասին իմանան ուրիշները, այս ընտանիքի ծանր կեցության միջոցով ճանաչեն մեր այն քաղաքական գործիչներին, ովքեր ճառերի ու կոչերի տարափի տակ թաքցնում են դաժան ճշմարտությունները:

Բարեբախտաբար, գտնվել են բարերարներ, ովքեր Սփյուռքից եկել ու նյութական աջակցություն են ցուցաբերել այս ընտանիքին: Զատկի տոնի նախօրյակին տրամադրել են այն ամենը, ինչն անհրաժեշտ է տոնի զգացումն այս փոքրիկ տան հարկի տակ վառ պահելու համար: Սակայն հենց հայաստանյան գործիչներն ու պետական ծառայողները մոռացության են տվել բազմանդամ ընտանիքին, որին պիտի սիրով ու խանդաղատանքով շրջապատեին, քանզի, չնայած ծանր պայմաններին, այստեղ հոգ են տարել, որպեսզի բազմազավակության միջոցով ավելացնեն բնակչության թիվը, ազգային բանակին զինվոր տան:

Թոսունյանների ընտանիքն իր վիճակով եզակի չէ ինչպես Գյումրիում, այնպես էլ ողջ հանրապետությունում: Սակայն շատ չեն հատկապես բազմազավակ ընտանիքները: Հետևաբար ինչպես համայնքային ու պետական կառույցները, այնպես էլ կուսակցությունները` մանավանդ իշխանության մաս կազմող, պիտի հոգ տանեն նրանց մասին, մտահոգվեն, որ սովորելու ձգտում ունեցող երիտասարդները չհայտնվեն բուհական պատերից դուրս, իսկ մարզական հաջողություններ արձանագրած պատանիներն էլ ստիպված չլինեն հեռանալ սպորտից` մարզահագուստ չունենալու պատճառով:

Լ. Մ.