Սկավառակահենություն


Մարտի 1-ից ուժի մեջ մտած «Հսկիչ նշանների միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքով` Հայաստանում արգելվում է չարտոնագրված սկավառակներով ֆիլմերի, երաժշտության, համակարգչային խաղերի ու ծրագրերի վաճառքը: Նախատեսվում է ակցիզներ ամրացնել շուկայում վաճառվող սկավառակներին` նվազագույնի հասցնելով չարտոնագրվածների շրջանառությունը: Քանի որ նոր օրենքը վերաբերում է նաև արտերկրից ներմուծված կրիչներին, ապա նման բիզնեսով զբաղվողներն օրինազանցությունից զերծ մնալու համար պիտի պայմանագրեր կնքեն ոչ միայն հայկական արտադրողների, այլև արտասահմանյան ստեղծագործողների կամ կազմակերպությունների հետ` ձեռք բերելով նրանց թույլտվությունը: Մեր հարցին, թե Հայաստանում ձայնասկավառակ վաճառողը ինչպե՞ս պետք է արտասահմանյան հեղինակների կամ կազմակերպությունների հետ պայամանագիր կնքի, «Հայհեղինակ» հկ-ի ներկայացուցիչ Կարինե Պետրոսյանը պատասխանեց. - Դա բարդ գործընթաց չէ: Հայաստանում հեղինակային իրավունքի խնդիրը շատ հեշտ կարող է լուծվել, քանի որ ՀՀ կառավարությունը թե´ տեղական, թե´ արտասահմանյան հեղինակների ձայնասկավառակները վաճառելու համար սահմանել է դրույքաչափեր: Գանձված գումարի որոշակի մաս ուղարկվում է հեղինակին: Պարզապես շատերը ցանկություն չունեն մտնել օրինական դաշտ: - Ձայնա և տեսասկավառակների պարտադիր դրոշմավորման մասին օրենքը գուցե կենսունակ չէ՞, քանի որ ոչ մի էական փոփոխություն այս շուկայում նկատելի չէ` անգամ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո: - Օրենքի հետ խնդիրներ չկան, պարզապես պետք է վերանայվեն դրա մեխանիզմները: Ոչ մի խառնաշփոթ չկա, ու առանձնապես մեծ ծախսեր չեն պահանջվում: Պարզապես բողոքողները չեն ուզում մտնել օրինական դաշտ: Ըստ Կ. Պետրոսյանի` եվրոպական երկրներում այսպիսի օրենք չկա, քանի որ եվրոպացիների հոգեկերտվածքը թույլ չի տալիս կատարել երգահանների երգերը` առանց նրանց համաձայնութ յան: Կամ այդ երկրներում երևի չեն էլ մտածի` ձայնագրության միջոցով բազմացնել ու մատչելի գներով վաճառել կեղծ ձայներիզներ: - Շուկայում գործող ընկերությունները չե՞ն դժգոհում, որ ձեր հկ-ն հեղինակի և վաճառողի միջև, որպես միջնորդ կազմակերպություն, մենաշնորհային դիրք է զբաղեցնում: - Երկրորդ կազմակերպության առկայությունը նույն գործառույթներն իրականացնելու համար աննպատակ կլիներ և իրավիճակը կդարձներ քաոսային: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ եթե երկրում գործում է նույն ուղղվածության մի քանի կառույց, ապա նրանք խանգարում են մեկը մյուսին: «Հսկիչ նշանների միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, ձայնասկավառակների գները բարձրացան, սակայն շուկայում դրանք դեռ շարունակում են վաճառել առանց դրոշմապիտակների: Իսկ անօրինական ապրանք համապատասխան մարմինների կողմից դեռ չի բռնագրավվել: Ստացվում է` հայ հեղինակը դատապարտված է իր սեփական աշխատանքի պտուղներն այլոց նվիրաբերել: Իսկ օրենքը, ըստ ամենայնի, կամ ի զորու չէ պաշտպանել ոտնահարվող հեղինակային իրավունքը, կամ էլ հետևողականություն չի ցուցաբերում այդ գործընթացում: Սկավառակահենությամբ զբաղվողներն իրենց «քրտնաջան» աշխատանքը շարունակում են նույն սկզբունքով ու նույն «ոգով»:

Մարգարիտա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ