«Էրգրից առայժմ կարոտն է իմը…»


Վրեժ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ Հեռուստամեկնաբան, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի լրատվական ծառայության ղեկավար Օրեր առաջ ևս մեկ անգամ ցուցադրվեց Վրեժ Սարուխանյանի «Էրգիր» ֆիլմը` նորից ոգևորություն ու հուզմունք արթնացնելով: Կորուսյալ հայրենիքի մասին պատմող վավերագրական կինոնկարն իր տեսակի մեջ եզակի հաջողվածներից մեկը կարելի է համարել: Այստեղ անցյալը վերլուծելու, պատմությունից դասեր քաղելու, թույլ ու անմիաբան չլինելու, հույսը սեփական ուժերի վրա դնելու, միասնականությամբ մեր նշխար Հայաստանը հզորացնելու պահանջն է: Նաև` Էրգիրը վերադարձնելու, «էրգրատեսին» արժանանալու հավատը` «Մեր ցավ ու կարոտ Էրգիր, մենք զորանանք, դու` դիմանաս: Ոչ թե մնաս բարով, այլ` ցտեսություն, Էրգի´ր»: - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար: - Ցանկացած մարդու համար կյանքը ոչ միայն հաճույք է, այլև դժվարություն: Դրանք շատ են, բայց կուզենայի խոսել ամենադժվար պահի մասին: Երկու տարի առաջ գնացի Արևմտյան Հայաստան: Մի քանի օր անցա այն ճանապարհներով, որոնցով անցել էին պապերս: Ես ցնցված էի: Կարծես մի յաթաղան անընդհատ կախված էր աչքիս դեմ: Սարսափելի դժվար պահեր էին: Երբ հասա Մշո դաշտ և մտա Արածանիի ջրերը, ինձ թվաց, թե արյան մեջ եմ: Արածանին խոսեց ինձ հետ, ես էլ` նրա: Մինչ օրս` 2 տարի շարունակ, անընդհատ մաշկիս վրա արյան հետքեր եմ զգում: Դրանք ինձ հետ են: Ավելի ծանր զգացողություն, թերևս, չեմ ապրել: Այդ պահին զգում էի, որ այդ հողի տերն եմ, բայց նաև` տերը չեմ: Տեսա պապիս Գոշակ գյուղը` Մարութա սարի փեշերին ծվարած: Մեծ ցավ ապրեցի: Ժողովրդական խոսքն ասում է. «Դանակը բերանս չէր բացում»: Այդ հողը և´ իմն է, և´ իմը չէ: Էրգրից առայժմ կարոտն է իմը, ցավն է իմը, որ դարձել է «Կրակե շապիկ»: Այն կկրեմ այնքան ժամանակ, մինչև բարով արժանանանք «էրգրատեսին»: - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել: Հայի տեսակը` ըստ Ձեզ: - Իմ պարագայում այս հարցն ավելորդ է: Ես հայ եմ: Դա զգում ու գիտակցում եմ: Իմ արյունն է ինձ հուշում, իմ ակունքները: Ոչ մի այլ ազգի ներկայացուցիչ չէի ցանկանա լինել: Եթե անգամ մտքովս նման բան անցած լիներ, դա սրբապղծություն կհամարեի: Նույնիսկ չէի ցանկանա որևէ այլ երկրում ապրել: Ես ա´յս հողի ծնունդ եմ և այստե´ղ պետք է ապրեմ: Ավելի լավ է քո հայրենիքում Լոկ զինվոր լինես, Քան դրսում` արքա... Թող ես իմ երկրի մշակը լինեմ ու զինվորը: Հայի տեսակը շատ բարդ է: Գրքի պես բարդ, գրքի պես պարզ: Մեր հոգեկերտվածքում արգահատելի գծեր էլ կան: Կուզենայի` մեր տեսակը լիներ այնպիսին, ինչպիսին մեր նախաստեղծ պապն էր` Հայկ Նահապետը: Հայն իր ազգային մտածողությամբ, գենետիկայով պիտի լինի մաքուր, առանց այն ավելորդությունների, որ հազարամյակներ շարունակ եկել, կպել են մեր գենին, աղավաղել այն, փչացրել: Մեր խճանկարը բարդ է: Չնայած դրան` հայի տեսակն ինձ համար բարձր է: - Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք: - Եթե հավատարիմ մնանք հարցի ենթատեքստին, գաղտնիքը պիտի այդպիսին էլ մնա: Եթե դրա մասին իմանա միայն մեկ մարդ, երկուսի միջև դեռ հնարավոր կլինի պահպանել: Իսկ եթե ասեմ երրորդին, հատկապես թերթին, այն էլ` մեծ լսարան ունեցող «Ավանգարդին», այլևս գաղտնիք չի լինի: Կուզենայի` դա իմ մեջ մնար: Հետաքրքիր մի խոսք կա, ասում են. «Մարդը պիտի իր վերջին գաղտնիքն անգամ Աստծուն չասի»: Դա պիտի քո մեջ էլ մնա: - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային: - Ամենամեծ առեղծվածն ինձ համար հայն է: Մենք դեռ չենք կարողացել բացահայտել մեր ազգային շատ ու շատ բնութագրիչներ, գենետիկ հատկություններ: Մեր դյուցազնավեպն ամբողջութ յամբ կոդավորված է: Եթե կարողանանք այն բացահայտել, կհասկանանք նաև մեր ազգի էությունը, ուժեղ ու թույլ կողմերը: Այսպիսի տողեր ունեմ գրած. Հայի ոտքեր` թափառական, Աշխարհ չափող ու գաղթական: Հայի ոտքեր` այսքան հոգնած, Տանից խռով, բախտից լքված, Առեղծված եք ու հանելուկ, Հալից ընկած, բայց` նորելուկ, Մհերի ոտք` խրված հողում, Օտար ոտքեր` ուրիշ տեղում: - Որևէ զավեշտալի դեպք` Ձեր կյանքից կամ սիրելի անեկդոտը: - 1988¬ին, երբ սկսվեց ազգային զարթոնքը, հավաքվում էինք Օպերայի տարածքում: Մի տեսակ այնքան էինք մաքրագործվել, սրբագործվել: Միլիոնավոր մարդկանց մեջ մեկը գետնին ընկած փող էր գտնում և հարցնում, թե ով է կորցրել: Միտինգներից մեկի ժամանակ հափշտակված լսում էի ելույթ ունեցողին: Հանկարծ նկատեցի, որ մի ցածրահասակ աղջիկ ձգված` փորձում է տեսնել, թե ինչ է կատարվում: Այդ պահին այնքան կլանված էի, որ մեխանիկորեն աղջկան գրկել ու նստեցրել էի ուսերիս: Որոշ ժամանակ անց հանկարծ զգացի, որ ուսիս մի աղջիկ է նստած: - Մանկության այն հուշը, որն ուղեկցում է Ձեզ: - Մանկությունն, առհասարակ, քաղցր վերհուշ է: Ցանկացած դեպք հիշելիս` քեզ զգում ես այն պարզ, անմեղ մանկիկը, որ ծառի ճյուղը հրեղեն ձի դարձրած` վազում էր սար ու ձորերով: Մի դեպք պատմեմ, որ տպավորվել է իմ մեջ: Խորհրդային սահմանապահ օդաչուների կողմից խոցված ամերիկյան ինքնաթիռը Թուրքիայի սահմանից գալիս է դեպի մեր գյուղը: Այն ծուխ ու բոցի մեջ է: Սարսափելի աղմուկ է: Բոլորը տներից դուրս էին եկել, կանայք արտասվում էին: Մեկն ասաց, որ Ամերիկան հարձակվել է Խորհրդային Միության վրա: Ինքնաթիռն անցավ ուղիղ մեր գլխի վրայով, ընկավ մի քանի կիլոմետր հեռու` Ներքին Սասնաշեն գյուղի մոտակա բլրակին և բռնկվեց: Տարիներ անց այդ գյուղում 5 տարի աշխատեցի` որպես ուսուցիչ: Հաճախ էի դիտում այդ վայրը, որտեղ մինչ օրս բուսականություն չկա: Հիշում էի այդ օրը ու մտածում, թե ինչ էր ուզում Ամերիկան մեզանից: Դեռ չեմ հասկանում, թե այսօր ինչ է ուզում:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ