Երջանիկ լինելու համար շատ բան պետք չէ


Մեր ժամանակների ամենաճանաչված ու սիրված արվեստագետներից է ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Ազատ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ: Նրա 20¬ից ավելի կինոդերերը, բեմում և հեռուստաէկրանին ստեղծած հարյուրից ավելի կերպարները նրան ոչ միայն համբավ են բերել, այլև վաղուց հաստատել դերասանի դերը ազգային բեմարվեստում: Ազատ Գասպարյանը նաև Եղիշե Չարենցի կերպարի լավագույն մարմնավորողն է մեզանում, ուստի մեր զրույցը սկսեցինք հենց չարենցյան թեմաներով: - Երբ առաջին անգամ «Երկունք» երկսերիանոց ֆիլմում հայտնվեց Եղիշե Չարենցը` քո ներկայացմամբ, ոմանք տարակուսեցին, իսկ ոմանք էլ հիացան: Դու Չարենցին անդրադարձար նաև «Երկիր Նաիրի» վեպի հեռուստատեսային բեմադրության մեջ, իսկ որպես ասմունքող` դու մշտապես ներկայացնում ես չարենցյան քնարերգությունը: Ո՞վ է քեզ համար Եղիշե Չարենցը: - Օ˜, Չարենցն ինձ համար ոչ միայն անհաս բարձունք է, այլև տիեզերական էություն: Չարենցն ինձ համար համայն հայությունն է` ամփոփված մեկի մեջ: Լավ ասի, չէ՞… Մենք մեր հազարամյակների պատմության մեջ շատ մեծությունների կերպարներ ենք ձևավորել: Մեր ոգու իրականության մեջ տեղավորել ենք շատ նշանավոր անհատականությունների: Բայց Չարենցը բացառիկ է, որովհետև նա կիրք է, բռնկում է, խենթություն ու նաև` խորը փիլիսոփայություն է: Կարդալով Չարենցին, մենք մեզ ենք ճանաչում, հայի մեր տեսակին ենք ճանաչում… Չարենցն ազգային ավետարան է` իր խորխորատներով, իր իմաստնությամբ, իր մեծ դասերով… Ամեն անգամ, երբ կարդում եմ Չարենցի ստեղծագործությունները, ինձ թվում է, թե սրբացած տողեր ու մեր հազարամյա աղոթքն եմ ներկայացնում: Եթե Չարենցը Թումանյանին է համարել մեր նոր քերթության Արարատ, ապա ես անվարան Չարենցին ևս մի նոր Արարատ կարող եմ անվանել, որովհետև նա էլ իր բիբլիական մեծությամբ և առեղծվածով կանգնած է մեր գոյության ճանապարհին… - Այսպես ներշնչված խոսում ես Չարենցի մասին, իսկ արդյո՞ք այսօր այդ մեծ բանաստեղծը հասանելի է բոլորին, կամ, ավելի ճիշտ, շատերն են կարդում նրան: - Գիտեմ, որ մեր ժամանակներում շատ բան է փոխվել, վերաբերմունք ու աշխարհայացք է փոխվել: Արժեքների հանդեպ սրդողած մոտեցումն է փոխվել, և Չարենցն էլ դարձել է մեկը նրանցից, ում քիչ են անդրադառնում: Բայց դա Չարենցի´ ողբերգությունը չէ: Դա մեզանից շատերի ողբերգությունն է, որ չենք ուզում դասեր առնել մեծերից, կամ էլ նրանց միջոցով գնալ դեպի մաքրագործում: Ես համոզված եմ, իհարկե, որ նորից ու նորից այս սերունդը գալու է դեպի Չարենցը: Գալու է դեպի մեր այն անանց արժեքները, առանց որոնց մենք կվերածվենք սովորական մանկուրտների` հիշողություն կորցրած մարդկանց: - Սիրելի Ազատ, դու այսօր ամենաշատ զբաղված դերասաններից մեկն ես, վայելում ես հանդիսատեսի սերն ու համակրանքը: Արդյո՞ք այս ամենը հնարավորություն է տալիս քեզ` երջանիկ լինել: - Երջանկությունը բանաձև չէ և ոչ էլ Ազգային ժողովի կողմից քվերակված փաթեթ: Երջանկությունը զգացողություն է, հոգու վիճակ: Հանդիսատեսի սերն ինձ ոչ թե երջանկացնում է, այլ ոգևորում է, ներշնչում, պարտադրում` առավել պատասխանատու լինել արածիս հանդեպ: Մինչդեռ երջանկությունը շատ ավելի մտերմիկ բան է, այն ծնվում է իմ ընտանիքում, իմ զավակների հետ հարաբերվելիս, իմ ընկերների հետ շփվելիս… Եթե ուզենայի փիլիսոփայի տպավորություն թողնել, ապա կասեի, թե ես ինձ երջանիկ եմ զգում այն ժամանակ, երբ իմ շուրջ ապրող մարդիկ երջանիկ են, կամ էլ` երբ իմ երկիրը հաղթանակների ճանապարհով է գնում: Չէ´, այդ ամենը հպարտություն ու հոգու հանգստություն են ծնում: Իսկ երջանիկ լինելու համար շատ բան պետք չէ: Երբ առավոտյան արթնանում եմ և տեսնում կնոջս ու զավակներիս ժպիտները` ինձ համարում եմ ամենաերջանիկ մարդը: Հետո սուրճ եմ խմում նրանց հետ, ու երջանկաբար հասկանում, որ հենց այս պահի մասին է դոկտոր Ֆաուստն ասել. «Կանգ առ, ակնթարթ, դու հրաշալի ես…»: Թե չէ մեծ¬մեծ բաներ ասելով` չես կարող քեզ արհեստականորեն երջանիկ համարել: - Դու այն մարդկանցից ես, ով պահպանել է մեր ազգագրական շատ երգեր և հարմար առիթի դեպքում դրանք ներկայացնում է ունկնդրին: Ինչո՞ւ համերգային ծրագրերով հանդես չես գալիս: - Է˜… դա արդեն իմ գործը չէ: Ես այդ երգերը երգում եմ ոչ երգելու համար: Դրանք իմ ճիչն են, իմ ուրախությունն են, իմ աղոթքն են, դրանք նախնիներիս կանչերն են, որոնք երբեք չեն կարող տեղավորվել համերգային կատարումների մեջ: Ես դերասան եմ և կատարում եմ գործը: Ամեն մարդ իր գործը պիտի անի, թե չէ հիմա էնքա˜ն բան է խառնվել իրար… Ով ինչով ասես` զբաղվում է, դրա համար էլ արհեստավորությունից դեպի արհեստավարժություն չենք գնում: Լավ, շատ չխորանամ, այլապես այն տպավորությունը կստեղծվի, թե Ազատ Գասպարյանն էլ քաղաքականացվել է: Իմ քաղաքականությունը թատրոնն է, որը եթե հուզում ու հետաքրքրում է հանդիսատեսին, նշանակում է` ճիշտ քաղաքականություն եմ վարում: - Իբրև ավարտ, ի՞նչ կուզենայիր ասել «Ավանգարդի» ընթերցողներին: - Ամենալավ բաներն եմ ուզում ասել, ամենաջերմ մաղթանքներն եմ ուզում հղել, բայց ամենաառաջին հերթին, ուզում եմ ասել հետևյալը. եկեք հավատարիմ մնանք մեր երկրին ու հողին, նրանցից արձակվող ձայներին ու կանչերին… Մեր ինքնությունը պահպանելու լավագույն միջոցը այդ հավատարմությունն է: