Հաղթանակների հիմքում անկոտրում ոգին է


Հայ ժողովրդի խիզախ զավակները ևս իրենց անունները դրոշմեցին Հայրենական մեծ պատերազմի փառապանծ էջերում: Ռազմաճակատ մեկնեցին 6 ազգային դիվիզիաներ, որոնցից միայն եռակի շքանշանակիր 89¬րդ Թամանյանը Հյուսիսային Կովկասից հասավ մինչև Բեռլին` մղելով վերջին հերոսական մարտերը և գերմանական հողի վրա թնդացնելով հայոց խրոխտ Քոչարին... Մասնակցելով բոլոր մարտերին` հաղթական ուղի է անցել Թամանյան դիվիզիայի վետերանների խորհրդի նախագահ, գնդապետ Սուրեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Երևանի պետհամալսարանի վերջին կուրսի ուսանող էր, գերազանց առաջադիմության համար ռեկտորի կողմից պարգևատրվել էր Մոսկվայի ուղեգրով: Մինչ ընկերներով պատրաստվում էին ուղևորությանը, ուսանողական հանրակացարանի ռադիոն գուժեց աշխարհամարտի սկիզբը` «Գերմանիան` առանց պատերազմ հայտարարելու, հարձակվել է Խորհրդային Միության վրա` 3000 կմ ճակատով»: Նա էլ առաջինների շարքում կամավոր մեկնեց ռազմաճակատ` 1941 թ. հոկտեմբերի 1¬ին: Իսկ 1943¬ից ծառայության անցավ 89¬րդ դիվիզիայի Սևաստոպոլյան գնդում` նրա կազմում անցնելով շուրջ 7250 կմ, որից ավելի քան 4000¬ը` ահեղ մարտերով: - Մասնակցել եմ Հյուսիսային Կովկասի, Թամանյան թերակղզու, Նովոռոսիյսկի, Կերչի, Սևաստոպոլի, Վարշավայի ազատագրմանը: 1945 թ. մտանք գերմանական տարածք` 2 օրվա ընթացքում գրավելով 4 սահմանային քաղաքներ, ապա` Ֆրանկֆուտրը: Հետո շարժվեցինք դեպի Բեռլին: 2 դիվիզիաների և Առաջին հարվածային բանակի կողմից գրավվեց Ռայխստագը: Սակայն մարտական գործողությունները շարունակվում էին: Բերդերը գրավելու հրաման ստացանք, որն ի կատար ածվեց մեր դիվիզիայի կողմից: Մայիսի 2¬ին Բեռլինը հանձնվեց: Կրկին գնացինք Ռայխստագի փլատակների մոտ, բարձրացրինք մեր 3 շքանշանակիր մարտական դրոշը և պարեցինք հայոց Քոչարին` աշխարհին ապացուցելով, որ հայ զինվորի ոգին անպարտելի է: Ս. Հովհաննիսյանը արժանացել է շուրջ 40 շքանշանների և մեդալների: - Հայրենական մեծ պատերազմում շատ հայորդիներ անձնվիրաբար կռվեցին ու իրենց կյանքը նվիրաբերեցին: Ի՞նչ տվեց այդ հաղթանակը մեր ժողովրդին: - Բացի սլավոնական ժողովուրդներից, այդ հաղթանակը թերևս ոչ մի այլ ազգի համար այնքան մեծ նշանակություն չունեցավ, որքան հայերիս համար: Եթե դեռ Ստալինգրադում Կարմիր բանակը հաղթանակ չտաներ, թուրքական 30 դիվիզիաներ մեր սահմանին կանգնած էին, և ոչ ոք չի կարող ասել, թե ինչով դա կավարտվեր: Հաղթանակից հետո Թուրքիան հետ քշվեց իր զորքով: Բացի այդ, խորհրդանշական էր մեր դիվիզիայի մուտքը Բեռլին: Գերմանացիները միշտ եղել են Թուրքիայի հովանավորը: Նրանց թելադրանքով տեղի ունեցան 1915 թ. ջարդերը` նրանց հրամանատարների թույլտվությամբ: Բեռլին մտնելով` գերմանացիներին ու նաև ողջ աշխարհին ցույց տվեցինք, որ կա´, ապրում ու հաղթում է այն ազգը, որին ցանկանում էին ոչնչացնել: - Այսօր ունենք պետություն և նրա սահմանները հուսալիորեն պաշտպանող մարտունակ բանակ: Ձեր գնահատականը` մեր պաշտպանական կառույցին: - Բանակի հետ մեր կապն անմիջական է ու սերտ: Քանի որ մայրաքաղաքային գունդն անվանակոչված է Թամանյան դիվիզիայի անունով, ավելի հաճախ ենք այցելում զորամաս` ամիսը 5-6 անգամ: Զրուցում ենք զինվորների հետ, ծանոթանում զորանոցներին, զինատեսակներին, կենցաղային պայմաններին, առօրյային: Մեր բանակն այսօրվա դրությամբ տարածաշրջանում ամենամարտունակն է: Վստահ եմ, որ հակառակորդի կողմից ցանկացած ոտնձգություն արժանի հակահարված կստանա: Եթե ադրբեջանցիները համարձակություն ունենան ռազմական գործողություններ սկսել, նույնպես ետ կշպրտվեն` ինչպես Արցախյան պատերազմի ժամանակ: - Որպես հաղթանակի հպարտությունը վայելած մարտիկ, ի՞նչ կպատգամեք մեր զինվորներին: - Զինվորներին կմաղթեի ամուր մարտական ոգի, հարենասիրություն, հայկական բարձր ռազմարվեստի տիրապետում: Հայերը տարբեր բանակների կազմում միշտ առաջատար են եղել, բայց չունեինք մեր Ազգային Դրոշը: Այժմ ունենք պետություն, մարտունակ բանակ: Ճիշտ է, սկզբնական շրջանում մեր հրամկազմը բարձրագույն կրթություն չուներ, բայց այսօր ստեղծվել են անհրաժեշտ պայմաններ` ռազմական կրթօջախներում զինվորական բոլոր մասնագիտություններում հմտանալու համար: Բանակն օրեցօր ավելի կազմակերպված ու գրագետ է դառնում: Մարտական ամուր ոգին է ընկած հաղթանակների հիմքում: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ամբողջ Խորհրդային Միությունն ուներ 5 մլն զինվոր, իսկ ֆաշիստները` 8,5 մլն: Բայց մե´նք հաղթեցինք: Արցախում ևս ոգին հաղթեց: Մենք մեր տունն ենք պաշտպանում: Հայ զինվորը գիտի, որ իր հողն է պաշտպանում, իսկ ադրբեջանցին ուրիշի տարածքն է ուզում գրավել: Նա չի կարող հոգեպես, բարոյապես պատրաստ լինել դրան: Կան երիտասարդներ, ովքեր խուսափում են ծառայությունից` պնդելով, թե դրանից կտուժեն իրենց գիտելիքները: Սո´ւտ է: 60-70¬ական թթ. Հայաստանի գիտությունը համաշխարհային համբավ ուներ: Ովքե՞ր էին առաջատարները, նույն ճակատայինները: Եթե երիտասարդն ուսման ձգտում ունի, կարող է իր գիտելիքները նաև բանակում խորացնել:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ