ՀԱՅ ՈԳՈՒ ԱՐԹՆԱՑՈՒՄԻ ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՄԱՅԻՍ <br> ՄԵՐ ԿՌԻՎՆ ԱՐԴԱՐ ԷՐ


Մայիսը մեզ պարգևել է ամենաթանկ հաղթանակները, նաև այն անխախտ համոզմունքը, որ օրհասական պահերին հայը կարող է համախմբել, բռունցք դառնալ ու պաշտպանել հող հայրենին: Հաղթել ենք, քանի որ արդար է եղել մեր կռիվը, իսկ խիղճը` մաքուր: Մեր նորագույն պատմության թերևս ամենափայլուն հաղթանակն էր Շուշիի գրավումը: Այն շրջադարձային էր թե´ Արցախի, թե´, առհասարակ, ողջ հայության համար: Դրանով ոչ միայն կանխվեց հակառակորդի լայնածավալ մի գործողություն, որն ուղղված պիտի լիներ Ստեփանակերտի գրավմանը, այլ նաև դարձավ ժողովրդի ոգու ամրապնդման մի նոր խթան: Շուշիի ազատագրման 19¬րդ տարելիցի օրը ՀՀ Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմը նախարար Սեյրան Օհանյանի և գեներալ¬գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ այցելեցին Եռաբլուր Պանթեոն` իրենց խոնարհումը բերելով Արցախում անմահացած հերոսների շիրիմներին: Տպավորիչ ու սրտաբուխ էր նախարար Սեյրան ՕՀԱՆՅԱՆԻ շնորհավորանքի խոսքը. - Ջերմորեն ողջունում և շնորհավորում եմ Երկրապահների օրվա, ինչպես նաև Շուշիի ազատագրման և Պաշտպանության բանակի կազմավորման կապակցությամբ և ցանկանում հաջողութ յուններ, որպեսզի այն, ինչ ձեռք ենք բերել` հաստատակամ, վստահ քայլերով առաջ տանենք և զարգացնենք: Չափազանց կարևոր է, որ Երկրապահի օրը նշվում է հենց այս սրբավայրում, որտեղ հանգչում են մեր մարտական ընկերները, Սպարապետը, մարդիկ, ովքեր իրենց կյանքն են նվիրել` հանուն այսօրվա խաղաղ արարման: Այս օրերին չպետք է մոռանանք նաև մեր հայրերին, պապերին, ովքեր Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակում մեծ ներդրում ունեցան: Նրանց սխրանքն է արտացոլվել մեր ժողովրդի նորագույն պատմության էջերում` Արցախյան ազատամարտում ՀՀ սահմանամերձ շրջանների պաշտպանության գործում: Մայիսի 9¬ին մենք կարողացանք ազատագրել Շուշին: Խոնարհվենք այստեղ հանգչող մեր զոհված ընկերների հիշատակի առջև: Կատարենք նրանց պատգամը: Նրանք զրկել են մեզ սխալվելու իրավունքից: «Ավանգարդի» ընթերցողներին իրենց ողջույնի խոսքն ու պատգամը հղեցին նաև հանդիսության այլ մասնակիցներ: Գեներալ¬լեյտենանտ Արթուր ԱՂԱԲԵԿՅԱՆ. - Բախտ եմ ունեցել չլինել պարտված բանակի ներկայացուցիչ: Արցախյան ազատամարտը` հաղթանակած պատերազմը, մեր ժողովրդին մղեց` այլ «ճակատներում» ևս հաղթանակել: Կարողացանք արագ դուրս գալ ծանր վիճակից: Մեզ ավելի վստահ զգացինք: Ուրախ եմ իմ սերնդի համար: Այն կռիվը, որ սկսել էին մեր պապերը և հնարավորություն չէին ունեցել ավարտին հասցնելու, իմ սերունդը կարողացավ հաղթությամբ պսակել: Ուզում եմ` է´լ ավելի ամրանա մեր ժողովրդի ոգին, և այսուհետ երբեք նման հաղթանակների անհրաժեշտություն չունենանք: Գեներալ¬գնդապետ Գուրգեն ԴԱԼԻԲԱԼԹԱՅԱՆ. - Նշանավոր օր է ողջ հայության համար, կրկնակի տոն` թե´ Հայրենական մեծ պատերազմում, թե´ Արցախյան ազատամարտում տարած մեր փառահեղ հաղթանակների: Ես հպարտանում եմ իմ հայրենիքով, իմ բանակով, ժողովրդով: Շնորհավորում եմ ողջ հայությանը` մեր մեծ հաղթանակների կապակցությամբ: Գեներալ¬մայոր Աստվածատուր ՊԵՏՐՈՍՅԱՆ. - Մայիսյան վարդերի պես բացվեցին մեր հաղթանակները: Այսօր հիշում ենք միայն Շուշին, բայց մայիսի 4¬ն ու 5¬ն էլ նշանավորել ենք տարածքների ազատագրմամբ: Շուշիի ազատագրման օպերացիան նախատեսված էր իրականացնել ապրիլի 13¬ին: Քանի որ լիարժեք պատրաստ չէինք, այն ժամանակ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հրամանով հետաձգվեց մինչև մայիսի 7¬ը: Այդ օրը երեկոյան ամեն ինչ պատրաստ էր, բայց ոչ ոք չգիտեր` ինչ կլինի: Եղավ կուլմինացիոն մի պահ, ապա աշխարհին հայտարարեցինք, որ հինավուրց մայրաքաղաք Շուշին մերն է` ապացուցելով, որ կարող ենք կռվել ու հաղթել: Հիշենք նաև Վարդանանց, Ապարանի, Սարդարապատի հաղթանակները: Ապրիլից հետո մենք վերհառնեցինք: Հաղթանակի դրոշի հետ հայ մարդն իր սրտի դրոշն էլ պարզեց: Այսօր բոլորի աչքերում ցնծություն եմ տեսնում: Նրանք ապրեցին հաղթանակի բերկրանքը: Հայրենիքից հեռու` օտար ափերում, հանուն ժողովրդի փրկության մարտնչեցին մեր հերոս պապերը: Նրանց աչքերում այսօր էլ հպարտության բոցն է առկայծում: Պատմում ու վերապրում են հաղթանակի ցնծությունը: Շավարշ ՊԱՐՈՆՅԱՆ - Եթե Հայրենական մեծ պատերազմում մենք հաղթանակ տարած չլինեինք, դժվար է պատկերացնել, թե ինչ կկատարվեր հայ ժողովրդի հետ: Մենք պայքարել ենք ոչ միայն Ռուսաստանի, այլև մեր հայրենիքի համար, որ հայ ազգը հավերժ գոյություն ունենա: Գնդապետ Գերասիմ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ - Այսօր մեծ տոն է` թե´ հայերի, թե´ նախկին Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների համար: Երբ ֆաշիստական Գերմանիան սկսեց իր գործողությունները, հայերս ռուսների հետ միասին, համախմբված կռվեցինք ու հաղթանակ տարանք ամենաուժեղ պետության` Գերմանիայի դեմ: Ես Թամանյան դիվիզիայի կազմում հասել եմ մինչև Բեռլին և տոնել մեր մեծ հաղթանակը: Մեր ազգը կռվող ու հաղթանակող է: Արցախյան պատերազմում մեր որդիների ու թոռների համախմբվածության շնորհիվ հաղթանակ տարանք: Այսօր ունենք մարտունակ բանակ: Վստահ եմ` հարկ եղած դեպքում կարող ենք կրկին հաղթել: Էդվարդ ՄԻՐԶՈՅԱՆ - Այս հաղթանակի շնորհիվ եվրոպական պետություններն ազատագրեցինք ֆաշիստներից, Հայաստանը ևս վտանգված էր: Թուրքերը սպասում էին հարմար առիթի, որ հարձակվեն: Դա չհաջողվեց, Ստալինգրադի հաղթանակից հետո նրանք հետ քաշվեցին: Նորայր ԱՌԱՔԵԼՅԱՆ - Պատերազմում մեր հաղթանակը հնարավորություն տվեց հայ ժողովրդին ազատվել մուսուլմանների հարձակումներից: Թուրքական դիվիզիաները պատրաստվում էին մտնել մեր տարածք: Ես սովորել եմ Կիևի տանկային ռազմական ուսումնարանում, միաժամանակ եղել եմ և հրամանատար: 1939 թ.¬ից կամավոր մեկնել եմ ռազմաճակատ: Մասնակցել եմ Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի ազատագրմանը, Մոսկվայի, Տուլայի, Սմոլենսկի, Լենինգրադի պաշտպանությանը: Այսօր ունենք ուժեղ բանակ: Մեր զինվորները պաշտպանում են հայրենիքն այնպես, ինչպես ժամանակին մենք պաշտպանեցինք: Հայաստանը հերոսների երկիր է:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ