Ո՞վ ավելի համառ կլինի


Վաղը լրանում է արցախյան պատերազմում հաստատված հրադադարի 17-րդ տարին: 1994-ի մայիսի 12-ի հրադադարից ահա արդեն այդքան տարի է անցել, բայց հաշտության պայմանագիրը դեռ կնքված չէ: Ասել է` պատերազմն ավարտված չէ: Եվ, դատելով հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլից` հաշտության պայմանագրի կնքումից կողմերը գրեթե այնքան են հեռու, որքան... հրադադարի կնքման պահին: Արդյո՞ք մեծ ժամանակ է հետպատերազմյան կամ` հրադադարի 17 տարին: Նկատի առնելով համաշխարհային փորձը` մեծ ժամանակ չէ´: Բավական է հիշել, որ Երկրորդ աշխարհամարտի ավարտից մինչև այսօր Ռուսաստանի և Ճապոնիայի միջև դեռ հաշտության պայմանագիր կնքված չէ: Ձևականորեն, այդ երկրներն արդեն 7-րդ տասնամյակն է` պատերազմի մեջ են: 1974-ից ի վեր պատերազմի մեջ են նաև Հունաստանն ու Թուրքիան, քանի որ Կիպրոսի խնդիրը մինչև հիմա լուծում չի ստացել: Բայց այս օրինակներն ավելի շատ շեղումներ են, քան օրինաչափություն: Սովորաբար, պատերազմներն ավարտվում են հաշտության համաձայնագրերով կամ պայմանագրերով, որոնց կնքումն ամենևին էլ այդքան երկար չի ձգձգվում: Մանավանդ, ռուսներն ու ճապոնացիները, թուրքերն ու հույները ամենևին էլ թշնամական հարաբերությունների մեջ չեն, նրանց միջև չհայտարարված պատերազմը չի շարունակվում: Մեր դեպքում, ավաղ, շարունակվում է: Մեր երկիրն էլ, Արցախն էլ ցամաքային շրջափակման մեջ են թե´ Ադրբեջանի, թե´ Թուրքիայի կողմից, իսկ շրջափակումը ոչ միայն թշնամական ակցիա է, այլև պատերազմ վարելու մի ձև: Մինչև ե՞րբ այսպես կշարունակվի: Ոչ ոք հստակ ասել չի կարող. կողմերի դիրքորոշումները մնում են տրամագծորեն հակառակ: Ադրբեջանցիները շարունակում են այսպես կոչված տարածքային ամբողջականության իրենց «բայաթիները»` երևի իրենք էլ համոզված լինելով, որ պատերազմում արյամբ նվաճվածը նվեր չեն տալիս: Առավել ևս` այդ տարածքները հիմա իրենց նախատերերի ձեռքում են: Ինչպես Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանն է բազմիցս ընդգծել` Ադրբեջանը խնդրի արդարացի լուծում չի ուզում, պատերազմի է պատրաստվում և հենց ատամը կտրեց` կրկին կդիմի արկածախնդրության: Նրանք շողոմ մի «խոստում» են հնչեցնում` «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման շրջանակներում արցախահայությանը ամենալայն ինքնավարություն տրամադրելն է»: Մինչդեռ Արցախն Ադրբեջանի կազմում գոյատևելու բացարձակապես ոչ մի հեռանկար չունի: Աստված մի արասցե` Ստեփանակերտում ադրբեջանական դրոշի հայտնվելուց կարճ ժամանակ անց այնտեղ ոչ մի հայ չի մնա: Դուրս կմղեն` անվերապահորեն ու անվերադարձ` ինչպես Նախիջևանի հայության հետ վարվեցին: Մեր տառապանքը փորձ ունի: Եվ մենք իրավունք չունենք մոռանալու մեծ Զորավար Անդրանիկ Օզանյանի պատգամը` «չպատժել թուրքի մեկ վատ արարքը` կնշանակե խրախուսել հաջորդը»: Հայ իրականության մեջ թուրքին հավատալու և հետագայում անվերապահորեն խաբվելու վերջին օրինակը տվեց ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: 1997 թ. նոյեմբերի 1-ին հրապարակված իր «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածում հենց այդ գաղափարն էր զարգացնում: Իբր, պիտի ելնենք այն բանից, որ «մենք շահել ենք ոչ թե պատերազմը, այլ` ճակատամարտը» (ասել է` անձամբ ինքը պատերազմը շահելու հույս չուներ, չնայած որոշ կարճամիտներ այժմ հակված են հենց նրան համարելու ձեռք բերված հաղթանակի «կնքահայրը»): Տեր-Պետրոսյանի մյուս ելակետն այն էր, թե «Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հարցում մենք դաշնակիցներ չունենք»: Այսինքն, ըստ նրա` Լեռնային Ղարաբաղի անկախությունը երբեք և ոչ ոք չի ճանաչի: Ուստի, իբր, պիտի համաձայնենք, որ առաջիկա 3 հազար տարում Արցախում հայության ապրելու իրավունքը չկորցնելու դիմաց թշնամուն վերադարձնենք նրա պահանջածը: Այս տեսակետը համայն հայությունն ընդունեց սառնությամբ, գնահատեց որպես պարտվողականություն, իսկ միայնակ մնացած Նախագահը 1998-ի փետրվարի 3-ին հարկադրված եղավ հրաժարական տալ: Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը նույնիսկ այսօ´ր խանգարում է` բանակցային գործընթացը իր տրամաբանական ավարտի հասցնելու: Ադրբեջանում ամենևին չեն մոռացել Հայաստանի 1-ին Նախագահի վախվորած կեցվածքը և հույս ունեն, որ վաղ թե ուշ Երևանում կհայտնվի մի նոր Տեր-Պետրոսյան, ով կհամաձայնի իրենց թելադրած հաշտության պայմաններին: «Զերկալո» ռուսալեզու օրաթերթի վերջին հրապարակումներից մեկը ամենևին էլ զուր չէր իր ընթերցողներին հիշեցնում Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը` ափսոսանքով արձանագրելով, թե «Հայաստանի նախագահը դրա դիմաց վճարեց անհապաղ պաշտոնանկությամբ»: Ավելի քան 13 տարի հետո էլ ՀՀ առաջին Նախագահն իր տեսակետները չի փոխել: Աստված մի արասցե, եթե կրկին իշխանության հասնի` հին երգն է «երգելու»: Չնայած այս տարիներին աշխարհում զգալի փոփոխություններ են եղել. ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի հարգումը աստիճանաբար դառնում է միջազգային կյանքի նորմ: Իրենց անկախություններն են նվաճել Հարավային Սուդանը, Կոսովոն, Հարավային Օսիան, Աբխազիան: Ճիշտ է` վերջին երկուսի անկախությունները ճանաչել են ընդամենը հատուկենտ պետություններ, բայց դա ժամանակի հարց է: Ի վերջո, նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի Խումբը, որն զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով, կարգավորման հիմքում դրել է երեք հիմնարար սկզբունք, որոնք հավասարարժեք են և պիտի գործադրվեն համաժամանակյա: Դրանցից մեկը հենց ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգումն է, ինչը չկար 1997-ին և հրապարակ եկավ հայկական կողմի հետևողականության շնորհիվ:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ