Լ. ԶՈՒՐԱԲՅԱՆ <br>«Հայաստանում թավշյա հեղափոխություն է ընթանում»


Հայ Ազգային Կոնգրեսը շարունակում է հավակնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների` միևնույն ժամանակ համարելով, որ երկխոսությունն է հակասությունների լուծման լավագույն միջոցը: Այս մասին է զրույցը ՀԱԿ¬ի համակարգող Լևոն ԶՈՒՐԱԲՅԱՆԻ հետ: - ՀԱԿ-ի վերջին հանրահավաքում շատերի համար անսպասելի հայտարարություններ հնչեցին: Եվ հիմա, երբ Կոնգրեսի ու իշխանությունների միջև երկխոսության դուռը կիսաբաց է, դուք մտավախություն չունե՞ք, որ դա կարող է հիասթափության պատճառ հանդիսանալ ՀԱԿ-ին սատարողների համար: - Հայ Ազգային Կոնգրեսը համաժողովրդական շարժում է և ներգրավում է քաղաքական տարբեր տրամադրությունների տեր հասարակության այնքան լայն շերտեր, որ գնալով շատ բարդ է դառնում այնպիսի ռազմավարություն մշակելը, որը բավարարի բոլորին: Բնական է, որ կլինեն մարդիկ, ովքեր մեր այս կամ այն ռազմավարության ընտրությունից դժգոհ կարող են լինել: Առավել ևս դա ճիշտ է` կապված Հայաստանում ստեղծված իրավիճակի հետ. ծանր սոցիալական վիճակ, ինչի հետևանքով շատանում են կտրուկ, վճռական գործողությունների հակվածները: Բայց վստահ եմ, որ ժողովրդի վստահությունը վայելող Հայ Ազգային Կոնգրեսը, ճիշտ ռազմավարություն ընտրելով, միայն լայնացնում է իր քաղաքական հենարանը: - Այնուամենայնիվ, իշխանություններին և երկիրը որպես ավազակապետություն որակելուց և այն կազմաքանդելու կոչերից հետո, ներկայումս կա՞ն ուժեր, որոնք հեռացել կամ միտված են հեռանալ ՀԱԿ¬ից: - Եթե մենք նույն խնդիրները կամ հարցերը կարող ենք լուծել առանց արյունահեղության և առանց պետական կառավարման մեքենան քանդելու, ուրեմն պետք է ընտրենք այդ ճանապարհը` ով ինչ ուզում է ասի և ով ինչքան ուզում է` դժգոհի: Այս հեղափոխությունների ընթացքը բոլոր երկրներում էլ հիմնականում կախված է լինում իշխանության արձագանքից: Եթե իշխանությունը հակված է լինում զիջումների գնալ, ինչպես դա արեց գեներալ Յարուզելսկին Լեհաստանում, կամ Մուշարաֆը Պակիստանում, ընդդիմությունն ընտրում է խաղաղ բանակցությունների միջոցով հարցը լուծելու ճանապարհը: Իսկ եթե իշխանությունը դիմադրում է ժողովրդի պահանջներին, ապա նրա համար այդ ամենն ավարտվում է այնպես, ինչպես եղավ Մուբարաքի դեպքում: Լինում են նաև ծայրահեղ դեպքեր, երբ իշխանությունները պարզապես պատերազմ են սկսում սեփական ժողովրդի դեմ, ինչպես դա անում են, մասնավորապես, Լիբիայի Քադաֆին և Սիրիայի Ասադը: Ամեն դեպքում, գերադասելի տարբերակը թավշյա հեղափոխությունն է: Եվ եթե իշխանությունները սկսում են արձագանքել և գնալ ընդառաջ, ապա մերժելն առնվազն թուլություն է: - Դուք համարում եք, որ հիմա Հայաստանում թավշյա հեղափոխությո՞ւն է ընթանում: - Ապրիլի 28-ին իմ ելույթում ես հայտարարել եմ, որ Հայաստանում սկսվել է թավշյա հեղափոխություն: Այո, երեք տարի շարունակ իշխանություններն արհամարհել են, անտեսել են, հալածել են համաժողովրդական այս շարժումը` փորձելով ճնշել այն: Երբ դա չհաջողվեց, ստիպված անցել են զիջումների, ժողովրդին ընդառաջ գնալու քաղաքականությանը: Սրանով կարելի է ազդարարել Հայաստանում թավշյա հեղափոխության սկիզբը: - Կարելի է ասել, որ քաղաքական ուժերն արդեն սկսել են նախապատրաստվել խորհրդարանի ընտրություններին` այդ ընթացքում չհրաժարվելով նաև միմյանց և հատկապես ՀԱԿ-ին քննադատելուց: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում նախընտրական մրցավազքին: - Ես չգիտեմ, միգուցե դուք սպասում եք հերթական ընտրություններին: Բայց ժողովուրդը և հասարակությունը սպասում է արտահերթ ընտրությունների: Որովհետև այն վիճակը, որ Հայաստանում ստեղծվել է, ուղղակի անելանելի է: Ավելին ասեմ. իշխանություններից և նրանց սպասարկուներից լսում ենք, որ արտահերթ ընտրությունների համար նախադրյալներ չկան: Ես կարող եմ հակադարձել հետևյալը. Եվրոպայում արդեն յոթ կառավարություններ փոխվել են արտահերթ ընտրությունների միջոցով` միայն այն պատճառով, որ կենսամակարդակի անկումը, սոցիալական ճգնաժամն անհանդուրժելի են դարձրել գործող կառավարությունների գոյության շարունակությունը: Հայաստանում, համեմատած այդ յոթ երկրների հետ, որտեղ արտահերթ ընտրություններով կառավարություն է փոխվել, իրավիճակը շատ ավելի վատ է, բոլոր ցուցանիշերով` անկումը շատ ավելի մեծ: Սրան ավելացրած` Հայաստանում գոյություն ունի նաև մարտիմեկյան ծանր քաղաքական ճգնաժամ, որը մինչև հիմա լուծված չի: - Դուք ինքներդ ասացիք, որ իշխանությունները հիմա փորձում են այդ ճգնաժամը լուծել: - Հասկանում եմ: Ես ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանում 100 անգամ ավելի շատ նախադրյալ կա արտահերթ ընտրությունների համար, քան նշածս եվրոպական յոթ երկրներում. (Պորտուգալիա, Իռլանդիա, Լիտվա և այլն): Եվ պնդումները, թե արտահերթ ընտրությունների նախադրյալներ չկան, ես ընկալում եմ որպես դրանց մասին եղած պահանջի դիմադրություն: Զորբայությամբ ցանկանում են շարունակել իրենց իշխանությունը` հակառակ ժողովրդի` օրըստօրե ծանրացող վիճակի: Եվ այն, որ քաղաքական ուժերը սկսել են ակտիվորեն պատրաստվել ընտրություն ներին, վկայում է, որ ՀԱԿ-ը երկրում ստեղծել է մի նոր իրավիճակ, և քաղաքական ուժերը ցանկանում են մրցավազքի մեջ մտնել ՀԱԿ-ի հետ, ինչը մենք ողջունում ենք: Ամենակարևորը, որ մեր երկրում պակասում է մրցակցության մթնոլորտը: - Իսկ հնարավո՞ր է, որ քաղաքական ուժերից որևէ մեկի հետ ՀԱԿ-ը շարունակի երկխոսությունը, ավելին` ընտրություններում պարզապես համագործակցի: Չնայած` դժվար է պատկերացնել, օրինակ, ՀԱԿ-Դաշնակցություն միասնական բլոկը: - Իսկ մենք շատ հանգիստ կպատկերացնենք, եթե Դաշնակցությունն ընդունի 18 կուսակցությունների կողմից հավանության արժանացած հռչակագիրը: Քաղաքական ցանկացած ուժ, եթե անկեղծորեն դա ընդունում է և պատրաստ է ստորագրել, մենք որևէ խնդիր չենք տեսնում:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ