Միայնությունը` գիրացման պատճառ


 

Բժիշկները նախազգուշացնում են. հոգեկան և ֆիզիկական առողջությունը փոխկապակցված են: Եթե մարդիկ չեն կարողանում իրականացնել իրենց նպատակները, կամ բացակայում է հոգեբանական աջակցությունը, կյանքի այս կամ այն դժվարություններին բախվելով, տարբեր հիվանդություններ են ձեռք բերում: Օրինակ` մարսողական համակարգի խանգարումներ: Գիտնականների կարծիքով հոգեբանական աջակցության բացակայության արդյունքը կամ ախորժակի կորուստն է, կամ շատակերությունը: Յուրաքանչյուր սթրես կարող է անհավասարակշիռ պահվածքի պատճառ դառնալ: Նույնիսկ ամենաառօրեական ու ոչ նշանակալի երևույթները (օրինակ` տեղափոխությունը) կարող են լուրջ հիվանդություններ առաջացնել: Օրինակ` բուլիմիա կամ այլ կերպ ասած`«գայլի սով» հիվանդությունը, որը ճարպակալման պատճառ է դառնում: Այս հիվանդությամբ տառապողը կորցնում է չափի զգացողությունը` ձգտելով այդ կերպ խեղդել իր վիշտը: Մարսողական համակարգի խանգարումների և հարազատների կողմից աջակցության բացակայության կապը հաստատել է նաև ամերիկացի գիտնականների խումբը: 14-60 տարեկան հարցվողները, ովքեր նախկինում տառապել են այս հիվանդությամբ, պատմել են, որ առաջին անգամ բախվել են նման խնդրի կյանքի` փոփոխությունների փուլում, երբ հնարավորություն չեն ունեցել որևէ մեկին պատմել իրենց մտահոգությունների և վախերի մասին: Ըստ բժիշկների` ոմանք ամբողջ կյանքում ապրում են ընտանեկան ջերմ ու հոգատար մթնոլորոտում, սակայն երբ դեմ առ դեմ բախվում են որևէ խնդրի կամ միայնակ են մնում, ոչ բոլորին է հաջողվում հաղթահարել այդ փորձությունները: