Ինքնասպանության հավաքածու


 

92-ամյա մի ամերիկուհի հոգացել է, որպեսզի կյանքից հոգնած մարդիկ կյանքին հրաժեշտ տալուց առաջ նոր հոգնություն չապրեն: Նախկին ուսուցչուհի «խորամիտ» տիկինը Միացյալ Նահանգների և այլ երկրների` ապրել չկամեցող առնվազն 1300 բնակչի ինքնասպանության պարագաների հավաքածու է վաճառել. յուրաքանչյուրը` 40-6 դոլարով: Հարմար, մատչելի ու «օգտակար»: Հավաքածուի մեջ եղել են փոքր խողովակ, պլաստիկ տոպրակ և հրահանգ-հուշաթերթիկ` հելիում շնչելով կյանքի հետ հաշիվները փակել պատրաստվողներին (տեղեկացրել է «Ռոսիա 24»-ը):

Հնարամիտ այդ կնոջը` Շառլոտա Հայդորնին Կալիֆոռնիայի դատարանը երկուշաբթի օրը դատապարտել է 5 տարվա պայմանական ազատազրկման: Ընդ որում, նա պատժվել է ոչ թե զազրելի գործունեության, այլ հարկային օրենսդրությունը ոտնահարելու համար: Մարդկանց ինքնասպանությանը նպաստելը` ոչի˜նչ. ԱՄՆ-ում ինքնասպան լինել ցանկացողների հետ համագործությունն իրավաբանորեն չի կարգավորվում: Բայց ա´յ` ծավալած գործունեությունից հարկեր չվճարե˜լը…

Դատաքննության ընթացքում Հայդորնն էլ իրեն մեղավոր է ճանաչել այն մասով, որ 2007 թվականից հարկեր չի վճարել. և` ոչ միայն ինքնասպանների համար հավաքածուների վաճառքից: Բնականաբար` դատախազությունը ևս նրան մեղադրանք չի առաջարկի` ինքնասպանությանը նպաստելու թեմայով: Ու տիկինը դատական վճռով պարտավորվել է պայմանական դատվածության 5 տարիների ընթացքում չզբաղվել այդ հավաքածուների վաճառքի բիզնեսով և մարել հարկային պարտքերը: