ՀԵՏԱՔՐՔԻՐ Է` Ո՞Ր ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ


 

Կառավարության կազմում նշանակումների թեման ամեն օր հարստանում է: Ամեն օր նոր անուններ են հայտնվում մարդկանց շուրթերին: Եվ ահա, ինչպես վկայում են որոշ աղբյուրներ, նախարարի պաշտոն է ստանձնելու նաև Վիկտոր Դալլաքյանը: Աղբյուրները չեն նշում, թե հատկապես որ նախարարությունն է նա ղեկավարելու, սակայն կարելի է ենթադրություններ անել` դատելով նրա կրթությունից և նախասիրություններից:

Վիկտոր Դալլաքյանը պատմաբան է, ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, ունի հրատարակած գիտական աշխատություններ: Սա հուշում է, որ նա կարող է ստանձնել կրթության նախարարի պաշտոնը, ինչն այնքան էլ արտառոց չի լինի: Այն հանգամանքը, որ նա մտադիր է փոխնախարարի պաշտոն տալ իր խնամի Վարդան Բոստանջյանին` արդեն նշանակում է, որ կարող են այս խոսակցությունները իրական լինել, քանի որ Բոստանջյանն էլ գիտության դոկտոր է: Բայց նաև չի բացառվում, որ պատմական գիտությունների թեկնածուն և տնտեսագիտության դոկտորը գնան Սոցիալական ապահովության նախարարություն, քանի որ երկուսն էլ բազմաթիվ անգամներ խոսել են սոցիալական ապահովության խնդիրների մասին: