ՀԻՄԱ  Ո՞ՒՄ  ՀԱՎԱՏԱՍ


 

Ողջ հանրապետությունը խուճապի մեջ է, Արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը հայտարարել է, որ հայկական տարածքի ընդերքում և առանձին մարզերում կուտակվել է 5,5 մագնիտուդի ճնշում, և արտահոսքի դեպքում կգրանցվի 7-8 բալ ուժգնությամբ երկրաշարժ:

Պետրոսյանը հիշեցրել է, որ երեկ Վրաստանի արևելքում գրանցվել է 5,8 մագնիտուդով երկրաշարժ: Փորձագետն ընդգծել է, որ Հայաստանի հյուսիս-արևելյան մարզերում, որոնք ավելի մոտ են էպիկենտրոնին, զգացվել է 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ, Երևանում և Գյումրիում` 3 բալ:

- Երկրաշարժ է գրանցվել նաև Ադրբեջանում: Էպիկենտրոնը եղել է հայկական սահմանից 115 կմ հեռավորության վրա: Մինչ այս երկրաշարժը մայիսի 5-7-ը տարածաշրջանում արձանագրվել է մի քանի թույլ կետ` 3-ը` Իրանում, 3-ը` Հայաստանում, 1-ը` Ադրբեջանում և ևս 1-ը` Վրաստանի և Հայաստանի սահմանին,-փաստել է նա` հավելելով, որ այս ամենը վկայում է Հայաստանում սեյսմիկ ակտիվության բարձրացման մասին:

- Հողի կեղևը կենդանի օրգանիզմ է, տեկտոնական սալիկները մշտական շարժման մեջ են:

Այս հայտարարությունն անհանգստացրել է շատերին: Սակայն ԱԻ նախարարությունն էլ հանդես է եկել այլ հայտարարությամբ, պնդելով, որ պետք չէ վստահել Հրաչյա Պետրոսյանի հայտարարությանը, քանի որ ժամանակակից գիտությունը դեռևս չի հասել այն մակարդակի, որ կարողանա կանխագուշակել երկրաշարժերը: Հավատանք Արտակարգ իրավիճակների նախարարությա՞նը, որի հայտարարությունն անուղղակիորեն փաստում է, որ իր կառույցի «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալությունը ղեկավարում է անիրազեկ մարդ, ում խոսքը հիմք չպետք է ընդունել: Լավ, հիմք չընդունենք, սակայն Պետրոսյանը վստահաբար ասում է, որ առանձին մարզերում կուտակվել է 5,5 մագնիտուդի ճնշում: Իսկ այդ ճնշումն ի վերջո վերածվում է երկրակեղևի ցնցման, որը երկրաշարժ է կոչվում:

Հիմա ո՞ւմ հավատանք և ո՞ւմ վստահենք…