ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ` ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱ՞Ր


 

Այս օրերի ամենաինքնատիպ «տեղեկություններից» մեկն էլ այն է, որ ոմանք լուրեր են տարածում, թե ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր դարձած Հայկ Բաբուխանյանը կամենում է դառնալ կրթության և գիտության նախարար: Այս լուրերը տարածողները հիմնականում ՍԻՄ նախագահի շրջապատի մարդիկ են, ովքեր պնդում են, թե հարցը քննարկվել է «ամենաբարձր» մակարդակով և ստացել երկրի նախագահի «դաբրոն»: Իսկ Բաբուխանյանի շրջապատի մի քանի ներկայացուցիչներ էլ պնդում են, թե դեռևս չկա նախագահի «դաբրոն», սակայն ամեն ինչ արվում է, որպեսզի կայացվի համապատասխան վճիռ:

Մեր փորձերը` հեռախոսակապ հաստատել Հայկ Բաբուխանյանի հետ` ապարդյուն անցան. գուցե արդեն ԱԺ պատգամավոր դարձած մեր գործընկները որոշել է հանգստանալ: Ինչո՞ւ ոչ:

Այս լուրը փորձեցինք ճշտել կրթության ոլորտի պատասխանատուներից, սակայն բոլորն էլ զարմանքով էին լսում և թոթվում ուսերը: Ինչևէ: Հավանաբար Հայկ Բաբուխանյանի պաշտոն ստանալու լուրն էլ մտնում է հետընտրական բանահյուսության և սցենարների մեջ: Իսկ նման լուրեր այսօր պետք են հանրությանը, որպեսզի հիմա էլ ուշադրությունը սևեռվի ապագա նշանակումներին` անընդհատ ինտրիգային պահելով իրավիճակը: Հավանաբար այդ նպատակով էլ լուրեր են տարածվում, թե ԱԺ նախագահի թեկնածուների շարքում դիտարկվում են նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի և ԱԺ արդեն նախկին փոխնախագահ Էդվարդ Շարմազանովի անունները: Մեր պաշտոնյաներից մեկը, լսելով այս ամենի մասին, ասաց..

- Ի˜նչ լավ է, որ հանրությանը զբաղմունք է տրվել, թե չէ ինչի՞ մասին էին խոսելու և քննարկելու: