Զինվոր եմ դառնալու


 

Որքան էլ ադրբեջանցի ելուզակը փորձի իր չարագուշակ կրակոցներով մերթընդմերթ հիշեցնել շարունակվող պատերազմի մասին, միևնույն է` հայ զինվորն աննկուն է, իսկ մեր սահմաններն` անառիկ: Թեև վերջին շրջանում ցավալիորեն նաև կորուստներ ունեցանք, միևնույն է` սահմանամերձ շրջանի բնակիչների հավատն անսասան է: Ու սահմանամերձ շեների նույնիսկ ամենափոքրիկ բնակիչները` մանկապարտեզի սաները, գիտեն, որ մեր խաղաղ երկնքի երաշխավորը հայ զինվորն է:

Գեղեցիկ ու խորհրդանշական էր մայիսյան եռատոնի շրջանակներում Բերդի թիվ 2 մսուր-մանկապարտեզի («Զանգակ») սաների այցը մարտական հերթապահություն իրականացնող զորամասի հրետանային դիվիզիոնի զինվորներին: Հայրենյաց պաշտպաններին մանուկներն իրենց սերն ու հավատն էին բերել, իրենց փոքրիկ ձեռքերով ամենասիրելի քաղցրավենիքն էին ծրարել:

-Մեր մանկապարտեզում հաճախակի են կազմակերպվում նմանատիպ միջոցառումներ: Ռազմահայրենասիրական դաստիարակության հիմքերն ամուր են դրված: Ամիսներ առաջ ՀՀ Զինված ուժերի կազմավորման 20-ամյակի կապակցությամբ փոքրիկների շքերթ էինք կազմակերպել: Իմ խորին համոզմամբ` ռազմահայրենասիրական դաստիարակության հիմքերը դրվում են հենց մանկապարտեզում,- համոզված է մանկապարտեզի տնօրեն Շուշանիկ Գալստյանը:

- Հայրենասիրությունն ու հայրենաճանաչությունն սկսվում են այստեղ: Հենց այս տարիքից պետք է երեխայի մեջ հայրենիքի գաղափար սերմանել և զարգացնել: Անսահման մեծ է երեխաների ոգևորությունը: Եվ պատահական չէ, որ «մեծանաս` ի՞նչ ես դառնալու» հարցին բոլորի պատասխանը նույնն է` «Զինվոր եմ դառնալու»: Այս ամենից զատ` զինվորները նաև մեր հոգատարության, ուշադրության կարքին ունեն և փոքրիկների այցը ջերմացրեց նրանց սրտերը,- հավելում է դաստիարակչուհի Աստղիկ Բուդուրյանը:

Իսկ սահմանամերձ զորամասերի զինվորներն ամենից շատ ունեն այդ ջերմության կարիքը, հատկապես վերջին շրջանի ցնցումներից հետո: Նրանք պիտի գիտակցեն, որ իրենց սիրում և հավատում են:

- Նմանատիպ հանդիպումները ոգեշնչում, լիցքեր են հաղորդում մեր զինվորներին, օգնում, որ ավելի վստահ ծառայեն, ավելի բարեխղճորեն կատարեն իրենց պարտքը: Այսօր նրանք մեկ անգամ ևս համոզվեցին, որ մշտապես ուշադրության կենտրոնում են` անգամ այս փոքրիկների կողմից,- վստահեցնում է դիվիզիոնի հրամանատարի` մարտական գծով տեղակալ, փոխգնդապետ Սամվել Մինասյանը:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ