Խոնարհվում եմ հայտնի և անհայտ բոլոր շիրիմների առաջ…


 

Հայրենական Մեծ պատերազմի տարիներին ևս հայ մարտիկներն ամբողջ աշխարհին հերոսականության դասեր տվեցին, դարձան փառահեղ հաղթանակի մասնակիցն ու կերտողը:

Չափազանց մեծ ու անգնահատելի է հայորդիների դերն այդ պատերազմում, անուրանալի է նաև մեծ հաղթանակի նշանակությունը հայ ժողովրդի համար:

Հեռավոր օտար ափերում մեր քաջորդիները անձնվիրաբար մարտնչեցին` հանուն հարազատ եզերքի խաղաղության:

Հայրենական Մեծ պատերազմին մասնակցեցին 600 հազար հայեր, 175 հազարը զոհվեցին, իսկ 106-ը դարձան Խորհրդային Միության հերոսներ:

Ցավալիորեն տարեցտարի նոսրանում են հաղթանակի բերկրանքն ու ցնծությունն ապրած մեր հերոս պապերի շարքերը: Նրանց հուզող խնդիրների, մտահոգությունների, հասարակության վերաբերմունքի, հոգածության աստիճանի և այլ հարցերի շուրջ է մեր զրույցը ՀՀ վետերանների միավորման խորհրդի նախագահ, պահեստազորի գնդապետ Սիմոն ԵՍԱՅԱՆԻ հետ.

- Այսօրվա դրությամբ Հայաստանում ունենք Հայրենական Մեծ պատերազմի 2300 մասնակիցներ, որոնց 90 տոկոսը նաև հաշմանդամներ են: Մեր վետերանական միավորման մեջ ընդգրկված են Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցները, թիկունքայինները, աշխատանքի, ինչպես նաև Զինված ուժերի վետերանները: Ինչ խոսք, այսօր նրանք բոլորը շատ մեծ հարգանքի են արժանի: Մենք` հայերս, այդ պատերազմին տվել ենք 6 ազգային հրաձգային դիվիզիաներ: Իսկ փառապանծ 89-րդ Թամանյան դիվիզիան հաղթանակով մտավ Բեռլին:

Պատկառելի տարիքում են արդեն մեր վետերանները և ապրում են իրենց կյանքի մայրամուտը. նրանցից ամենաերիտասարդն այսօր 86 տարեկան է: Հաշվի առնելով մեր երկրի տնտեսական վիճակը, պատերազմի մեջ գտնվելը` անկախ նրանից հարաբերական խաղաղություն է թե ոչ, ծանր է ազդում մարդկանց կենցաղի, կյանքի բնականոն հունի վրա: Եվ շատ են դժգոհություններն անտանելի ծանր պայմաններից: Անկողնային վիճակում են, բուժսպասարկումից են դժգոհ: Խորհրդային տարիներին Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների համար բավականաչափ զեղչեր էին սահմանված` ջրամատակարարումը, ջերմամատակարարումը և այլն: Այսօր այդ զեղչերի փոխարեն պետությունը գումար է տրամադրում: Հաշմանդամության կարգ չունեցողները, բացի թոշակից ստանում են ևս 8000 դրամ, հաշմանդամության 3-րդ կարգ ունեցողները` 17 հազար դրամ, 2-րդը` 22-23 հազար, իսկ 1-ին կարգ ունեցող հաշմանդամները` 28 հազար դրամ: Իրենց թոշակից զատ` վետերանները ստանում են նաև 25 հազար դրամ պատվովճար, որն ի դեպ միայն մեր հանրապետությունում է ընդունված: Սակայն այդքանով հանդերձ այդ գումարները չեն կարող բավարարել նրանց կարիքները: Ես շատ մտահոգված եմ հատկապես թիկունքայինների համար: Այսօր անտեսված վիճակում նրանք են: Բայց չէ՞որ նաև նրանց շնորհիվ հաղթանակը ձեռք բերվեց: Ես հաղթանակի 70 տոկոսը կվերագրեի նրանց: Հենց նրանք էին, որ բանակին զենք-զինամթերք, հագուստ, սնունդ էին տրամադրում: «Ամեն ինչ ռազմաճակատի համար». սա էր գաղափարախոսությունը: Հաղթական մայիսից հետո խորհրդային տարիներին թիկունքայինները ևս համարվում էին հայրենականի մասնակիցներ, սակայն կարգերի փլուզումից հետո այդ օրենքը վերացավ: Այսինքն` նրանք այսօր պատերազմի մասնակից չեն համարվում և ոչ մի արտոնությունից չեն օգտվում, բացարձակապես: Մի օրինակ բերեմ. պատերազմի ողջ ընթացքում հայկական 261-րդ հրաձգային դիվիզիան Թուրքիայի և Հայաստանի սահմանին էր կանգնած: Այսօր դիվիզիայի անդամներից ոչ ոք պատերազմի մասնակցի վկայական չունի: Եվ մի խնդրի մասին կցանկանայի խոսել. այսօր ինձ համար շատ ցավալի է, որ հայտնվել են մարդիկ, նույնիսկ պաշտոնյաներ, ովքեր արհամարհում և ոտնատակ են տալիս Հայրենական մեծ պատերազմում հայ ժողովրդի տարած հաղթանակը` առանց նույնիսկ պատմությունն իմանալու: Գերմանիան դաշինք ուներ Թուրքիայի հետ. եթե Ստալինգրադն ընկներ, Թուրքիան, որ 26 դիվիզիաներ ուներ` մեր մեկի դիմաց, մտնելու էր Անդրկովկաս և հավանաբար շարունակեր իր սև գործը: Միգուցե շատերը չեն ցանկանում դա ընդունել կամ պատմությունից շատ հեռու են, բայց Ստալինգրադի հաղթանակը նաև հայ ժողովրդի հաղթանակն էր:

- Մեր վետերանների ներկայությունը, նրանց օրինակը, դասերը, պատգամներն այսօր այնքան անհրաժեշտ են զինվորների և առհասարակ մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում: Ի՞նչ կասեիք այս առումով:

- Անշո´ւշտ: Մեր միավորման մեջ ունենք Թամանյան դիվիզիայի խորհուրդ, որտեղ զուտ թամանցիներն են: Նրանք հաճախակի են լինում լեգենդար Նվեր Սաֆարյանի, Հունան Ավետիսյանի անունները կրող դպրոցների աշակերտների հետ, հուշերով կիսվում: Հաճախակի են այցելությունները և հանդիպումները Թամանյան դիվիզիայի անունը կրող զորամասի զինվորների հետ: Մեր միջոցառումներին մասնակցում է և զորամասի հրամանատարությունը: Յուրաքանչյուր զորակոչի ևս մեր վետերաններն այցելում են զորամասեր, իրենց ոգևորիչ խոսքն ասում զինվորներին:

Երիտասարդության մասին խոսելիս հիշում եմ այն տղաներին, ովքեր հրաշքներ գործեցին Արցախյան գոյամարտում: Հաղթանակած մեր պապերի թոռները, ոգևորված նրանց սխրագործություններով, նրանց հաղթանակի ոգևորիչ ուժով, կարողացան հրաշքներ գործել և պատմության մեջ չլսված ու չտեսնված հաղթանակով Շուշին վերադարձնել: Այսօր էլ լավ երիտասարդություն ունենք, բայց ուզում եմ անցանկալի երևույթների մասին ևս խոսել: Ցավալիորեն շատ սխալ ուղի է ընտրել մեր հեռուստատեսությունը: Հեռուստասերիալները հակառակ արժեքներ են քարոզում և մեծ ազդեցություն են թողնում պատանիների դաստիարակության վրա: Ունենք պատանիներ, ովքեր խուսափում են ծառայությունից: Դա շրջապատի, ընտանիքի դաստիարակության արդյունքն է: Ինչքան էլ դպրոցում ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված աշխատանքներ տանեն, եթե ընտանիքի անդամներից մեկը համաձայն չէ, որ նա բանակ գնա, դա արդեն իսկ արմատավորվում է պատանու մեջ: Այդ նույն ծնողը կարող է հայրենասիրությունից խոսել և ամեն ինչ անել, որ զավակին բանակից ազատի: Իհարկե այսպիսի երիտասարդները քիչ տոկոս են կազմում: Ընդհանուր առմամբ մեր երիտասարդությունը ճիշտ ուղու վրա է: Հակառակորդը վաղուց կարող էր հարձակվել, սակայն նա տեսել է հայի բազկի ուժը և դժվար թե այդպիսի արկածախնդրության դիմի: Պարզապես վայրահաչոցներ է տալիս և ունենալով այդքան մեծ բանակ, հզոր տեխնիկա` հասկանում է, որ պատերազմի ելքը վճռողը ոգին է:

- Ի՞նչ կմաղթեիք վետերաններին:

- Օգտվելով առիթից` մեր բոլոր աշխատակիցների անունից ջերմորեն շնորհավորում եմ Հայրենական Մեծ պատերազմի բոլոր մասնակիներին` փառապանծ հաղթանակի 67-րդ և Արցախյան ազատամարտի վետերաններին` Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձի կապակցությամբ: Խոնարհվում եմ բոլոր հայտնի և անհայտ շիրիմների առաջ: Մեր ազատությունը, անկախությունը ձեռք են բերվել ընկածների արյան և մեր քաջարի մարտիկների շնորհիվ: Փառք ու պատիվ բոլոր վետերաններին և մեծ խոնարհում բոլոր ընկածներին: