«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՄՂՎՈՒՄ Է ԴԵՊԻ ԿՈԱԼԻՑԻԱ


 

Ընտրություններից մի քանի օր է անցել, և բնականաբար, սկիզբ են առել խոսակցությունները հնարավոր կոալիցիայի մասին: Հերթական ինտրիգը ծավալվում է ՀՀԿ-«Ժառանգություն» հնարավոր կոալիցիայի շուրջ: Գալուստ Սահակյանն օրերս չբացառեց, որ հնարավոր է ստեղծվի կոալիցիա, որի մաս կարող է կազմել նաև «Ժառանգությունը»: Րաֆֆի Հովհաննիսյանն այս տեսակետը չի մեկնաբանել, չկան այլ հայտարարություններ, սակայն քաղաքական կուլիսներում ի հայտ եկած նոր խոսակցությունն արդեն իսկ վկայում է, որ հատկապես Հանրապետականը մտադիր է ընդլայնել համագործակցությունը խորհրդարանական մյուս ուժերի հետ` ձևավորելով համախոհների հզոր թիմ:

Գալուստ Սահակյանը ոգևորված չէ ԲՀԿ-ի ներգրավմամբ հնարավոր կոալիցիայի կազմում, ինչն էլ նշանակում է, որ «Բարգավաճ Հայաստանի» և ՀԱԿ-ի միջև կարող է ձևավորել եթե ոչ նոր ընդդիմադիր համախումբ, ապա ալյանս, ինչն էլ կարող է որակական նոր իրողություններ հաստատել հինգերորդ գումարման Ազգային ժողովում: Այս առումով հետաքրքրական կարծիք է հայտնել Արմեն Աշոտյանը.

- Հետընտրական քննարկումներ են ծավալվել հնարավոր կոալիցիոն ձևաչափերի մասին: Քննարկումների ելակետային պոստուլատն է` 2012 թ ԱԺ ընտրությունների արդյունքներով ՀՀԿ-ն քաղաքական ինքնաբավության բարձրագույն աստիճան ունի` հետագա քայլերը իրականացնելու համար: Մի կողմից, հնարավոր կոալիցիան թույլ կտա երկրի հետագա զարգացման համար համախմբել հնարավորինս մեծ թվով ԱՌՈՂՋ կադրերին և այդ իմաստով ֆորմալ չի լինի: Մյուս կողմից, մենք ունենք պատմական շանս` վերականգնելու խորհրդարանական ուժեղ ընդդիմության ինստիտուտը մեր երկրում, ինչը նույնպես կարևոր է Հայաստանի հետագա քաղաքական զարգացման համար:

Այսինքն, ցանկացած ելքի դեպքում զարգացումների դինամիկան դրական է լինելու: