ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԶԱՅՐՈՒՅԹՆ ԱՐԴԱՐԱՑԻ Է


 

ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, հրապարակավ արտահայտվելով ընտրությունների մասին, իր կուսակցության անդամների կեսից ավելիին մեղադրել է… կաշառակերության մեջ: Սա եզակի փաստ է, անօրինակ իրադարձություն, երբ կուսակցապետն իր կուսակիցներին մեղադրում է քրեական հանցանքի մեջ` հիմք ընդունելով այն փաստը, որ 170 հազարից ավելի անդամ ունեցող կուսակցությունը ստացել է ընդամենը 82 690 ձայն, այսինքն 87 310 ՕԵԿ-ական, այլ կուսակցություններից կաշառք վերցնելով` չի քվեարկել ՕԵԿ օգտին:

Այս փաստը մեզ հետաքրքրեց մեկ այլ առիթով ևս: Շատ կուսակցություններ հայտարարում են իրենց բազմամարդության մասին, նշում, որ ունեն մի քանի հարյուր հազար անդամ, հպարտանում իրենց շարքերի խտությամբ, մինչդեռ ընտրություններին միանգամայն այլ պատկեր է ձևավորվում: Այո´, հատկապես այս ընտրությունների ժամանակ գործեց ընտրակաշառքի ամենազոր մեխանիզմը, գրեթե ամենուրեք բաժանվեցին կաշառքներ: Կաշառքի գործոնը չբացառելով, նաև նշենք այն իրողության մասին, որ շատ ու շատ հայաստանցիներ, ինչ-որ եկամուտներ ու շահեր ակնկալելով, անդամագրվում են միանգամից մի քանի կուսակցությունների, գլխավորապես` իշխանական, այսպես փորձելով լուծել ինչ-ինչ սոցիալական խնդիրներ: Երբ կողք-կողքի ենք դնում կուսակցություններին և գումարում նրանց անդամների թիվը, ապա ստացվում է, որ Հայաստանում գրանցված կուսակցականների թիվը գերազանցում է բնակչության թվին: Սա քաղաքական մշակույթի բացակայությունն է, անլուրջ վերաբերմունքը կուսակցական գործունեության հանդեպ: Թվամոլությունը ևս վնասում է կուսակցություններին, առիթ տալիս, որ շատ պատեհապաշտներ իրենց գրպաններում միանգամից մի քանի կուսակցությունների անդամատոմսեր պահեն: Այս երևույթը դժբախտաբար, նոր չէ և օրավուր նոր ծավալներ է ստանում հատկապես մեծ քաղաքներում, ուր ոչ միշտ է հնարավոր ստուգել, թե այս կուսակցությանն անդամագրվող անձն արդյո՞ք մեկ այլ կուսակցության անդամ չէ: Երևույթի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է, որպեսզի մշակվեն մեխանիզմներ, կուսակցություններն իրենց կայքերում ներկայացնեն անդամներին, նրանց տվյալները, կառույցների հետ տարվող մշտական աշխատանքի շնորհիվ կարողանան ճշգրտումներ կատարել: Միայն այս դեպքում չենք ստանա այն տխուր արդյունքները, որոնք արդեն առկա են: