Ադրբեջանական գազը, Արցախը, Ռուսաստանն ու Արևմուտքը

Ձախողված առևտուր


 

Վերջին մի քանի ամիսների ընթացքում հայ հանրությունը հիմնականում զբաղված լինելով խորհրդարանական ընտրություններով, կարծես անուշադրության էր մատնել Ղարաբաղի շուրջ ծավալվող զարգացումները: Միայն հայ-ադրբեջանական շփման գծում չդադարող միջադեպերն էին հասարակության շրջանակներում քննարկման նյութ դառնում: Եվ քչերը եղան, որ ուշադրության արժանացրին Ադրբեջանում Միացյալ Նահանգների լիազոր և արտակարգ դեսպանի փոփոխությունն ու դրա նշանակությունը: Իսկ այդ պաշտոնում Մեթյու Բրայզային փոխարինել է Ռիչարդ Մորնինգսթարը: ԵՀԱԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան հայ հասարակությանը հայտնի էր իր հակասական և, մեղմ ասած, ոչ հայանպաստ հայտարարություններով: Նա ամուսնացել էր թրքուհու հետ, ինչն ավելի էր նպաստում նրա հանդեպ հայության տածած անվստահությանը: Զգայական հարթությունից դուրս, այս դիվանագետի նկատմամբ հայերի հակակրանքը նաև արդարացվում է այն հանգամանքով, որ նա հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորում էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ: Եվ Բաքվում ԱՄՆ դեսպանի պաշտոնին հրաժեշտ տալուց հետո, նա շտապել էր Թուրքիա, որտեղ էլ ասել էր, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչակազմն, այնուամենայնիվ, մի օր հաշվի կառնի իր դիրքորոշումը:

Ադրբեջանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում Բրայզային փոխարինած Ռիչարդ Մորնինգսթարը մինչ այդ Պետդեպարտամենտի` էներգետիկական հարցերի խորհրդատուն էր: Ի տարբերություն Բրայզայի, նա էներգատարների հարցերի կարգավորումը չի պայմանավորում Ղարաբաղյան խնդրի հանգուցալուծմամբ: Ասել, որ Մեթյու Բրայզայի դիրքորոշումը բխում էր Բաքվի շահերից, նշանակում է` գրեթե ոչինչ չասել կամ չասել հիմնականը: Իսկ խնդիրն այն է, որ օգտվելով նրա դիրքորոշումից, Ադրբեջանը հույսեր էր փայփայում, թե իր ունեցած գազի բնական պաշարները կարող են նպաստել Ղարաբաղյան խնդիրը վերջնականապես իր օգտին լուծելուն: Նա միշտ ջանացել է խաղարկել Եվրոպային գազ մատակարարելու ճանապարհի ընտրության հարցը` դրա դիմաց Ռուսաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից Ղարաբաղի ճակատագրի տնօրինումն իրեն հանձնելու համաձայնություն ստանալու համար: Սակայն ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Մորնինգսթարի նշանակմամբ Բաքվի այս հաշվարկները հօդս ցնդեցին: Նոր դեսպանը պարզ ասել է, որ ինքը ջանալու է համոզել Ադրբեջանին, Թուրքմենստանին և Իրաքին, որպեսզի նրանք գազը Եվրոպային մատակարարեն Ռուսաստանը շրջանցող խողովակաշարերով: Իսկ Եվրոպային ադրբեջանական գազի մատակարարման ճանապարհի և Ղարաբաղյան հարցերը միմյանցից անջատ դիտարկելու վերաբերյալ Բաքվում ԱՄՆ նոր դեսպանի մոտեցումները համընկնում են Ամերիկայի վարչակազմի դիրքորոշմանը: ԱՄՆ վարչակազմը միշտ նախընտրել է առանձնացնել հայ-թուրքական, Ղարաբաղյան և հիշյալ` Եվրոպային ադրբեջանական գազի մատակարարման հարցերը: Այս` հատկապես հայ-թուրքականի և Ղարաբաղյան հարցերը միմյանցով չպայմանավորելու անհրաժեշտության մասին բազմիցս հնչել է ԱՄՆ նախագահի և պետքարտուղարի հայտարարություններում:

Իրերի այսպիսի շրջադարձն, անշուշտ պետք է , որ տհաճ լիներ Բաքվի համար: Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը դարձյալ փորձել է առևտուր առաջարկել Միացյալ Նահանգներին: Նա ասել է, թե Ադրբեջանն այլ քաղաքական միությանը միանալու առաջարկ է ստացել. Նա հավանաբար ակնարկել է ԵվրԱզԷս-ը: Մամեդովը նաև ավելացրել է`

- Մենք Արևմուտքից օգնություն ենք ակնկալում Ղարաբաղյան հարցում:

Ակնարկը շատ թափանցիկ է այդպիսին կոչվելու համար: Սակայն, ինչպես երևում է, Արևմուտքը կուլ չի տվել Բաքվի խայծը: Իհարկե, Միացյալ Նահանգներն ամեն կերպ ջանում են, որպեսզի Եվրոպան ազատագրեն Ռուսաստանի էներգետիկական կախվածությունից: Դրա մի ճանապարհն էլ ադրբեջանական գազը Ռուսաստանը շրջանցող խողովակաշարերով Եվրոպային մատակարարելն է: Սակայն, միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները չափազանց թանկ են համարում դրա դիմաց Բաքվի պահանջած գինը` Ղարաբաղը: Այդ գինը վճարել չի պատրաստվում կամ չի կարողանում նաև Ռուսաստանը, որովհետև Ղարաբաղում և նրան հարակից տարածքներում ադրբեջանական զորքերը տեսնել չի ուզում այդ տարածքներին անմիջական հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունը: Իսկ տարածաշրջանում կարևոր դիրք ու ազդեցություն ունեցող այդ երկրի շահերի հետ Ռուսաստանը հաշվի չնստել չի կարող կամ չի ուզում, ինչը մեծ հաշվով` նույնն է:

Այսպիսով, գազի դիմաց Ղարաբաղը հետ նվաճելու համար աշխարհաքաղաքական ուժային կենտրոններից համաձայնություն ստանալու Բաքվի ակնկալիքները նույնպես չեն իրականանում: Ու գուցե նաև սա էր վերջին ամիսներին հայ-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական դիպուկահարների և ընդհանրապես զինուժի հիսթերիկ դրսևորումների պատճառը: Գուցե նաև այս հանգամանքով էր բացատրվում վերջերս ՄԱԿ-ի ԱԽ-ում նախագահ Ալիևի հակահայ հերթական հիստերիկ ելույթը: Գուցե:

Ա.Դ.