ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ


(հատված գրքից) Ես քեզ նամակ գրելու առիթ երբեք չունեցա, որդիս, քանի որ միշտ ինձ հետ էիր, կողքիս` փխրուն մանկությունից մինչև առնականացում: Ծածուկ հետևում էի քեզ ու չէի դադարում զարմանալ, թե ինչպես ես կարողանում համադրել հուզառատությունն ու վճռականությունը, զգացմունքայնությունն ու հաստատակամությունը, ապրելով գեղեցիկ ու` բոլորիս համար: Ապրածդ 21 տարիներն անմնացորդ նվիրված էին ընտանիքիդ, հարազատներիդ, մտերիմներիդ, ընկերներիդ: Ո՞ւր են քե°զ համար ապրած օրերդ, որդիս: Այն, ինչ քոնն էր, շռայլորեն բաժանում էիր` բացի դառնությունից ու ցավից... Լավն ու գեղեցիկը` մեզ, իսկ դժվարություններն ինքդ էիր հաղթահարում, բայց այնպես, որ ոչ ոք չզգա, թե դա որքան դժվար է: Իսկ մենք քեզ այնքան քնքույշ ու ապահով ենք մեծացրել... Կարող էիր, չէ՞, ուսումդ շարունակել, կարող էիր, չէ՞, շատերի նման մնալ հեռուներում, ապրել բարեկեցիկ... Բայց, մի՞թե կարող էիր: Դու ստեղծված էիր, որ ապրեիր բոլորի համար... Մարտադաշտ էլ մեկնեցիր հանուն բոլորի. Պետնախարար Վազգեն Սարգսյանն ասել էր, որ հայրենիքի համար ծանր է պահը, և պարտությունը կարող է ճակատագրական լինել: Ես չեմ զարմանում, որ հենց դու ցանկություն հայտնեցիր միանալ ընկերներիդ, թեև քո ելքը մարտադաշտ օրեր անց էր նախատեսված: Ես նաև չեմ զարմանում, որ Քարվաճառում դժվարագույն բարձունքը` Բիզ սարը թշնամուց հետ վերցնելիս դարձյալ դու ես կամավոր առաջ անցել, կանգնել թշնամու դեմ հանդիման, ժամ ու կես միայնակ կռվելով պահել ես դիրքերը` ընկերներիդ փրկելով շրջափակումից: Որդիս, քոնն է Հաղթանակը, քանզի թշնամին չունի ընտանիքի, ընկերների Հայրենիքի համար մեն-մենակ կռվելու պատրաստ զինվորներ... Քո դիմաց` 150 ելուզակից կազմված բանակ-խառնամբոխը... իսկ դու` աննահանջ... իսկ դու` քո կռվով... Թշնամին չտեսավ քո թիկունքը, իմ աննկո°ւն, իմ բարձրահասա°կ ու գեղեցկադե°մ, իմ հերո°ս որդի: Ես հպարտ եմ քեզնով, զավակս: Ապրեցիր գեղեցիկ, հավերժացար հերոսաբար: Քեզ նման զավակներ ունեցող ժողովուրդն է նվաճում ապրելու իրավունքը: Իսկ ես... Ես, որ առանց քեզ ապրել չէի կարող, հիմա պիտի շտկեմ կորացող մեջքս, պիտի բարձրացնեմ խոնարհված գլուխս ու քայլեմ հպարտ. Իմ որդին միացել է հավերժին` հանուն ձեզ, մարդիկ, հանուն քեզ` Հայրենիք: Թող հոգիդ անտագնապ ճախրի երկնքում, որդիս: Իսկ այն հողը, որի համար չքնաղ կյանքդ զոհեցիր, եթե պետք լինի, ինքս կպաշտպանեմ, որովհետև այն քո պապերի աճյունն է պահում: Քո սխրանքն ու անմահացումը լեգենդ է դարձել մարտական ընկերներիդ համար, որոնք չեն դադարում պատմել մարդկային արժանիքներիդ, զինվորական խիզախումներիդ ու նվիրումիդ մասին: Հատուկ նշանակության գնդի քո «Փառքի անկյունը» նրանք դարձրել են մի փոքրիկ թանգարան ու խնամում-պահպանում են սիրելի հիշատակդ` որպես հերոսացման պայծառ օրինակ, որ անցնելու է սերնդից-սերունդ: Մահճակալիդ դրված գեղեցիկ ծաղկեփունջը նվեր է հայոց աղջիկներից, այն աղջիկներից, որոնց չհասցրեցիր երջանկացնել... Իսկ մենք` ապրողներս, արժանի պիտի լինենք հերոսացումիդ` մայրերը` ազգին քաջորդիներ պարգևելով, այրերը` հայրենի սահմաններն անառիկ պահելով, սերունդները` հերոսների փառքը երգելով... Համբույրներով, մայրդ` Գոհար