«Իմ հայրենիքը տեսե՞լ ես, ասա...»


Քանի-քանի հզոր տերություններ են հարահոս պատմական ասպարեզից առհավետ դուրս մնացել` սերունդներին թողնելով գոյատևած ժամանակի նկարագրի անկապտելի մասը կազմող քաղաքակրթության ծվենները սոսկ կամ, որ ամենասարսափելին է, անհիշատակ կորսվել են մարդկության դարաշերտ գերեզմանոցում: Արյունարբու պատերազմներից, օտար նվաճողների հիմնակործան ասպատակություններից ու բնության ավերիչ արհավիրքներից ավելի նրանց անհիշատակ անհետացումը պայմանավորված է եղել տարերային կենսակերպով, նախնիների պատմամշակութային ժառանգության անփույթ արժեզրկմամբ ու անխնա վատնումով: Անհնար է հասնել ապագայի հանգրվանին, եթե դեպի այն տանող կամուրջդ խարսխված չէ անցյալի, փլուզումներից ապահովագրված` մշտակայուն ներկայի վրա: Այս գիտակցությունն է ընկած պատմամշակութային ժառանգության արժեքներին հաղորդակցվելու նկատմամբ համաշխարհային հետաքրքրության օրավուր մեծացումը: Մտահոգում է ոչ միայն դրանց ֆիզիկական պահպանությունը, այլև ունեցած նշանակության մասին հանրությանը իրազեկելը: Խորապես ըմբռնելով Ռիկ Նայի «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» նախագծի հեռանկարային օգտակարությունը` ՀՀ Մշակույթի նախարարությունը մշակեց համատեղ երկարաժամկետ աշխատանքային պլան հասարակության իրազեկության բարձրացման նպատակով: Առաջնահերթ դարձավ բազմալեզու ճանաչողական վահանակների տեղադրումն ու ուղեցույց նշանագրությունը ընտրված յուրաքանչյուր հուշարձանի տարածքում: Առաջին փուլում ընդգրկվեցին Գառնին, Գյումրիի պատմական միջուկը, Զվարթնոցը, Խոր Վիրապն ու Նորավանքը` Գնիշիկաձորի լանդշաֆտով: Ծախսաշատ նախագծի ազգապահպան կարևորությունը գործնական աջակցություն է գտնում ՎիվաՍելի` առաջին կորպորատիվ հովանավորի կողմից: Նաև` Գյումրիում Իտալիայի հյուպատոսի և USAID/CAPS-ի: Եվ, ԻԿՕՄՕՍ/Հայաստան հ/կ մասնագիտական խորհրդատվութ յամբ, մեկնարկում Գառնիի հեթանոսական տաճարի մատույցներում: Հուշարձանին մերձակա ավտոմայրուղու վրա նկատվում են մոտեցումն ուղղորդող ճանապարհային հատուկ նշանները: Սկսած դարավոր ընկուզենու զարդարուն մուտքից` Գառնիի հեթանոսական տաճարի (I դ.), ամրոցից (մ.թ.ա. III-II դդ.) պահպանված պարսպապատի, պալատական կառույցների, բաղնիքի մասին սպառիչ տեղեկատվությամբ հնգալեզու 10 ցուցավա հանակները իրենց շուրջ են ժողովում միջոցառման մասնակիցներին ու հետաքրքրասեր զբոսաշրջիկներին: «Կարին» ազգագրական համույթի (գեղ. ղեկավար` Գ.Գինոսյան) ելույթները տոնախմբության շուք են հաղորդում բացման արարողությանը: Տաճարի մուտքի աստիճաններից ներկաներին իրենց ծիսական խանդավառությունն են փոխանցում «ՀՀՃԾ» նախագիծը կենսագործողները: «Մշակույթը մեր ազգի ամենակարևոր հենասյուներից է, - ասում է ՎիվաՍելի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ով վերջին տարիներին հետևողականորեն օժանդակում է «Ազգային պատկերասրահ», «Ոսկե Ծիրան» փառատոների «Հայեցի ապրումներ» պատմամշակութային նկարազարդ ալբոմների շքեղ հրատարակությունների ու մի շարք այլ մշակութային նախաձեռնությունների կայացմանը: - Հավատում ենք մեր հայկական մշակույթին և կոչ անում Հայաստանում գործող մյուս կազմակերպություններին, անհատ ձեռներեցներին ու մեծահարուստ գործարարներին ստանձնել սոցիալական պատասխանատվությունը` նրա պահպանման ու զարգացման»: Արձագանք գտնի ընդօրինակման արժանի այս դիրքորոշումը` մեր մշակույթը շուտով կհաղթահարի սոցիալականի նվաստացնող ճնշումը և, դաշտում առկա տաղանդաշատ ներուժի մեկտեղմամբ, վերստին կգերիշխի ցածրաճաշակ «աստղամուժի» վրա: Առանց մեկենասների, ապավինելով միայն պետական խորհրդանշական հատկացումներին, այն հազիվ թե մեր օրերում զարթոնք ապրի: Իտալիայի հյուպատոս Անտոնիո Մոնտալտոն տպավորվում է իր պատմության ենթիմաստով. «Սարսափելի մի երազ տեսա: Իբր, Տրդատը Գառնու տաճարի վաճառքի գործարք էր կնքում Ներոնի հետ` շահագրգռված յուրատիպ բաղնիքով: Արթանցա` գոհ, որ այսօր չկան Ներոնն ու Տրդատը: Կա հաճելի մի ծրագիր: Եվ կա էնտուզիազմը նրա հաջող մեկնարկը շարունակելու»: Մոնտալտոյի գեղարվեստական խոսքում կեղծ պաթետիկա չեն տեսնում նրանք, ովքեր հմայվել են Սպիտակի արվեստի դպրոցի սաների կերամիկական աշխատանքներով, իտալական դասական երաժշտության ընտրանու բազում համերգներով, Պուչինիի տրիպտիխի բեմավորմամբ: Առաջին վստահ քայլն արված է: Ոչ միայն զբոսաշրջության խթանմանը, այլև սերունդների պատմահայրենասիրական դաստիարակությանը միտված նախագծի մյուս կետերն արդեն իրագործման ճանապարհին են` տպագիր և մուլտիմեդիա ուղեցույցները, Հայաստանի ժառանգության վերաբերյալ վեբ-կայքի ստեղծումը` զբոսաշրջիկների սպասարկման բարելավմանն ուղղված մոնիտորինգով, հուշանվերների ու մշակութային արտադրությունների կազմակերպումը`` տեղական բնակչությանը որոշակի եկամտաբերություն ապահովելու ակնկալիքով… Օտարամոլությամբ վարակված նոր սերնդին «ՀՀՃԾ»-ն կարող է վերադարձնել նախնիների առողջ արմատներին: Մնում է կոնկրետ ուղիներ գտնել` առաջին հերթին նրան ներգրավելու ազգաշեն միջոցառումների ոլորտում:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ