Ռուսաստանը` «խաղից» դո՞ւրս


Վերջին շրջանում սառուցյալ Արկտիկան տաք բանավեճեր է հարուցում որոշ երկրների միջև, որոնք ձգտում են ներկայացնել իրենց իրավունքներն այս կամ այն տարածքի նկատմամբ: Կրքերն այնքան են բորբոքվել, որ մամուլում Արկտիկան որակվել է որպես նոր «սառը պատերազմի» օջախ: Ավելին, ոմանք նույնիսկ չեն բացառում զինված բախումների հավանականությունը: Այդ ամենը կանխելու նպատակով Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի համար պայքարող հյուսիսային բևեռաշրջանի երկրների ներկայացուցիչները մասնակցել են Գրենլանդիայում հրավիրված կոնֆերանսին: Անցյալ դարի ռուս բևեռախույզների կողմից Սառուցյալ օվկիանոսի հատակին ամրացված ՌԴ դրոշը զայրացրել էր մրցակից երկրներին: Հայտարարելով, որ այդ փաստն իրենց համար իրավական հիմք չէ, այլ` ընդամենը խորհրդանշական իմաստ ունի, բևեռային տարածքներին հավակնող տերությունները փութացել են հյուսիսային արշավախմբեր ձևավորել: Ընդդեմ Ռուսաստանի շատ կտրուկ է արտահայտվել Կանադան` միանգամից 40 միլիարդ դոլար ներդնելով Արկտիկայում քարտեզագրական հետազոտությունների համար: Արկտիկայի հսկողությունը ստանձնելու համար Ռուսաստանի և Կանադայի մրցակիցներն են ԱՄՆ-ը, Նորվեգիան ու Դանիան: Շուրջ մեկուկես տասնյակ պետություններ էլ Արկտիկան ուսումնասիրելու ցանկություն են հայտնել: Իհարկե, բոլորի պայքարը միայն Ռուսաստանի դեմ չէ: Դանիան և Կանադան, օրինակ, տարածքային վեճ ունեն Գրենլանդիայի մերձակա Հանս կղզու համար: Կանադացիներն ու ամերիկացիները ոչ մի կերպ համաձայնության չեն գալիս Ատլանտիկան և Խաղաղ օվկիանոսը միացնող Հյուսիս-Արևմտյան միջանցքի ինքնիշխանության հարցում: Կլիմայի տաքացմամբ սառցահալոցքը Արկտիկան ավելի մատչելի կդարձնի` տեղի բնական, և ամենից առաջ, իհարկե, ածխաջրածնային պաշարները յուրացնելու առումով: Ինչպես բրիտանական The Times-ն է գրել` - Որոշ գնահատումներով օվկիանոսի հատակում կարող է թաքնված լինել նավթի և գազի համաշխարհային պահուստների մինչև 1/4 մասը, ինչպես նաև միլիարդավոր ֆունտ արժողությամբ հազվադեպ հանքեր: Բնակլիմայի փոփոխմամբ կփոխվի նաև բևեռային ջրերի օգտագործման պատկերը: Գիտնականների կարծիքով` մինչև 2050 թ. Հյուսիս-Արևմտյան միջանցքը կարող է բացվել շուրջտարյա նավարկության համար: Ինչևէ: Այդ տարածքում իր իրավասություններն ապացուցել փորձող Ռուսաստանի բոլոր փաստարկներն առայժմ անընդունելի են մնում մրցակից երկրների համար: