«ԹԵԺ» ԱՄԱՌ` մարող թեժացումներ


Թվում է, թե այսպես կոչված «համաժողովրդական շարժման» հեղափոխական պոտենցիալն այլևս սպառված է: Եվ նույնիսկ հունիսի 20-ից դրան նոր շունչ հաղորդելու` արմատականների կողմից այս օրերին հնչեցվող «սպառնալիք»-խոստումները, հուսանք` նորից չեն վերաճի հրապարակը վերստին կացարան դարձնելու անփառունակ նախորդ մղումին: Ավելին, հուսալ, թե ցրտաշունչ փետրվարին փոխարինած հունիսյան տապը կօգնի արմատականներին` հին երազանք «թեժ ամառը» կյանքի կոչել` անիմաստ է: Իրենց հերթին այս կամ այն միջազգային կազմակերպությունների` դեռևս շարունակվող «անհասկանալի» սնուցմամբ ու նպատակներով տարածվող գնահատականները թեպետ մեծամասամբ հօգուտ արմատականների են, սակայն միևնույն ժամանակ դրանք չեն կարող վճռորոշ նշանակություն ունենալ հասարակական կարծիքի վրա: Տվյալ դեպքում` զեկույցները, բնականաբար, ի զորու չեն լուծել Ազատության հրապարակում, ինչպես ասում են, անհրաժեշտ կրիտիկական զանգվածի ներկայության խնդիրը: Անորոշությունների անծայր թվացող շարանում, այնուամենայնիվ, մի բան պարզ է… Ինչ-որ իրադարձություն մեկնաբանելով, տերպետրոսյանական լրատվամիջոցներից մեկը օրերս արձանագրեց. «հունիսի 20-ին, այսինքն, ընդդիմության ակտիվ պայքարի երկրորդ փուլի սկսելուն զուգընթաց…»: Գնահատականն ինքնին հետաքրքիր է, քանի որ սրանով ընդդիմությունը գոնե ինքն իր համար մարտի 1- հունիսի 20 ժամանակահատվածը արդեն իսկ տանուլ տրված է համարում: Հետևաբար, ինչպես բազմիցս է նշվել, այդ ամիսներն ընդգրկող զանազան ակցիաներն ու տարբեր տարելիցներին Լ. Տեր-Պետրոսյանի ու թիմի մասնակցությունն ընդամենը հեղափոխական իներցիան պահպանել-փոխանցելու նպատակին են կոչված եղել: Իսկ հունիսի 20-ից առաջ (նաև` իրենց խոստովանությամբ) ակամայից փակվում է նաև շարունակական ձախողումների շղթայի այս մի օղակը ևս: Օղակ, որն առավելապես ագրեսիվ հակաքարոզչությամբ առանձնացավ և հիմա էլ հերթական անգամ նոր ժամանակների սկիզբն ազդարարել փորձելով, վերջին ամիսների հեղափոխության փորձի ավելի, իմիջիայլոց, կրկնություն է միայն խոստանում: Ի դեպ, անգամ «Նոր ժամանակների»` թվում էր թե ամեն նախաճաշի «առյուծի սիրտ» ուտող Արամ Կարապետյանը տեղի տվեց: Եվ ինչպես Տիգրան Կարապետիչն է նկատում` մեկը մյուսի հետևից ազատության մեջ հայտնվող ընդդիմադիրները պարզապես հնազանդության «ղազագրեր» են ստորագրում: Ընդ որում, պատահական չէ, որ երբևէ իրենք իրենց քաղբանտարկյալներ համարած այս թիմում սկսված պառակտումը բավական լայն շրջանակ է ընդգրկում… Իսկ եթե կուսակցության ղեկավարն է «վերանայում» իր սկզբունքայնությունը, ուրեմն լիովին կարելի է հասկանալ այն ձերբակալված երիտասարդ ակտիվիստի հորը, ով հրապարակավ դիմում է դատախազին` Լ. Տեր-Պետրոսյանին ևս անհապաղ նույն ճակատագրին արժանացնելու պահանջով: Բայց ավելի հավանական է, որ առաջին Նախագահը ոչ թե ճաղերի հետևում, այլ, ինչպես Գալուստ Սահակյանն էր վերջերս ենթադրել, օվկիանոսի մյուս կողմում կհայտնվի: Մյուս կողմից էլ, եթե պնդենք, թե առաջին Նախագահը մեծ փոթորկից` տվյալ դեպքում հունիսի 20-ից առաջ կանխավ ապահովագրում է ընտանիքի անդամներին, գուցեև սխալված լինենք: Ով-ով, բայց Լ. Տեր-Պետրոսյանը լավ գիտի, որ հեղափոխական քամիները փետրվարյան ցրտերի հետ միասին անդառնալիորեն պատմության գիրկն են անցել: Իսկ մարած շարժման վերազարթոնքի ցանկացած փորձ վարկաբեկելու է արդեն առանց այն էլ նոսրացած շարքերով, նոր պայքարի պատրաստվող համակիրների` հետընտրական գործընթացներից մնացած հիշողությունները: