ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԱՍԸ


«Եթե ճարտարապետությունը քարացած երաժշտություն է, ապա Թորոս ճարտարապետը այդ քարացածը վերածել է կենդանի երգի: Նա մեր հոյակապ ավերակների և հուշարձանների նույնքան հոյակապ երգիչն է»:

Ավետիք ԻՍԱՀԱԿՅԱՆ

Նախնական կրթությունը ստանալով ծննդավայր Շապին Գարահիսարի հայկական դպրոցում` Թորոս Հարությունի Թորամանյանը (18.9.1864 _1.3.1934) մասնագիտա ցել է Կոստանդնուպոլսի գեղարվեստից վարժարանի ճարտարապետական բաժնում (1888-93թթ.): Որպես նախագծող ճարտարապետ աշխատելիս ստիպված է եղել հեռանալ Բուլղարիա` հրաշքով փրկվելով Պոլսի հայ բնակչության երկօրյա կոտորածից: Օտար ափերում նրա նախագծերով կառուցվել են վեհաշուք մենատներ ու հասարակական շենքեր: 2 տարի Ռումինիայում աշխատելուց հետո Փարիզում խորացրել է մասնագիտական գիտելիքները: Շրջագայելով Եգիպտոսում, Հունաստանում և Հռոմում` մանրազնին ուսումնասիրել է հին աշխարհի ճարտարապետությունը: Անակնկալ հիացմունք է ապրել Անիի ինքնատիպությանն ու կատարելությանը անմիջականորեն հաղորդակցվելիս: Չափագրությունների ու պեղումների ժամանակ Թորամանյանին սիրահոժար օգնող հայ գեղջուկները կարծել են, թե ճարտարապետը հատուկ անուն է և նրա պատվին այդպես են կոչել իրենց նորածիններից շատերին: Միջոցների սղության պատճառով անավարտ է թողել գիտական ուսումնասիրությունը, մեկնել Էջմիածին, ուր ստանձնել է Զվարթնոցի չափագրման ու պեղումների գործը շարունակելը: Մեկ տարի անց միացել է Նիկողայոս Մառի գիտական արշավախմբին և շուտով, մանրակրկիտ չափագրումների ուսումնասիրության հիման վրա, ստեղծել Անիի եկեղեցիների, պալատների, հյուրատների, պարիսպների, կամուրջների վերակազմության նախագծերը:

Նրանք, ովքեր տաք-տաք բանավիճում էին մինչ 20-րդ դարասկիզբ հողի հաստ շերտի տակ թաղված, 10 դար առաջ կործանված Զվարթնոցի հոյակերտ տաճարի վերակազմության նախագծի շուրջ, ստիպված էին ընդունել Թորամանյանի նախագծի անխոցելի հիմնավորվածությունը, զի Զվարթնոցի նմանօրինակը հանդիսացող Գրիգոր Լուսավորչի (Գագկաշեն) պեղումների ժամանակ գտնվել էր Գագիկ թագավորի արձանը` ձեռքին տաճարի մանրակերտը: Եվ Զվարթնոցի վերակազմության նրա նախագիծը գնահատվել է որպես հայկական ճարտարապետության ուսումնասիրման բարձրակետ, իսկ 1905-ին Թորամանյանի «Զվարթնոցի եկեղեցին» ուսումնասիրության հայերեն հրատարակումը` ճարտարապետական գիտական գրականության հիմնաքար:

- Ես առավել առողջ լույս եմ սպասում ճարտարապետական հուշարձանների լեզվից, երբ մենք սովորենք այն հասկանալ: Թորամանյանի մեջ ես տեսնում եմ այդ լեզվի առաջին ուսուցչին, - ասում էր նրա ճարտարագիտական քանքարով հիացած Նիկողայոս Մառը:

Վերջինիս նախաձեռնությամբ էլ 1909-ին Պետերբուրգի կայսերական ակադեմիայի գիտաժողովին են ներկայացվել Անիում, Զվարթնոցում, Շիրակի և Արագածոտնի գավառներում նրա արած գծագրերը: Հատկացվել է նյութական օժանդակություն: Տպագրվել են` «Էջմիածնի տաճարը», «Կաթիլ մը հայ գեղարվեստին ծովեն», «Տեկորի տաճարը», «Գավիթ և ժամատուն հայոց հնագույն եկեղեցիների մեջ», «Անի քաղա՞ք, թե ամրոց», «Հայ ճարտարապետության շրջանները», «Նորագույն կարծիքներ հայ ճարտարապետության մասին» ուսումնասիրությունները, որոնք լայն արձագանք են գտել ռուսական և եվրոպական գիտության մեջ: «Կայսերական հնագիտական հանձնաժողովի տեղեկատուն» 1912-ին արձանագրել է.

- Ճարտարապետության ուսումնասիրության մեջ Թորամանյանն առաջ բերեց մի ամբողջ հեղաշրջում: Մինչև նրա աշխատանքների երևան գալը եվրոպական գիտությունը չէր ընդունում ինքնուրույն հայկական ճարտարապետության գոյությունը: Շնորհիվ Թորամանյանի աշխատությունների, որոնք արևելյան գեղարվեստի պատմության մեջ մի առանձին շրջան են կազմում, եվրոպական գիտությունը ճշտում է իր սխալը և նրանում բացվում է ինքնուրույն էջ հին հայ ճարտարապետության համար:

Վիեննայի արվեստի պատմության ինստիտուտի պրոֆեսոր Յո. Ստրժիգովսկու առաջարկով Թորամանյանը նրան է ուղարկել իր ուսումնասիրությունները, որոնք 1913-ին նույն ինստիտուտի գիտաժողովում արժանացել են արվեստի լավագույն աշխատանք մրցանակի: Նրա հետ պայմանագիր է կնքվել Ստրժիգովսկու մասնակցությամբ Վիեննայում հայկական ճարտարապետության ուսումնասիրություն հրատարակելու համար: Հաջորդ տարի Թորամանյանը մեկնել է Վիեննա` իր հետ տանելով հազար թերթից ավելի գծագրեր, չափագրություններ ու վերակազմության նախագծեր, տասնյակ նեգատիվներ ու լուսանկարներ: Երբ որոշ լրացումներ անելու նպատակով վերադարձել է Հայաստան, սկսվել է առաջին համաշխարհային պատերազմը, և նա զրկվել է Վիեննա վերադառնալու հնարավորությունից: Ստրժիգովսկին, առանց նրա համաձայնության, իրեն ի պահ տրված գիտական նյութերի հիման վրա 1918-ին հրապարակել է «Հայկական ճարտարապետությունը և Եվրոպան» երկհատորյակը գերմաներեն` Թորաման յանին հիշատակելով սոսկ որպես գծագրական նյութերի հեղինակ. հայի տարաբա˜խտ ճակատագիր... Ի լրումն այս մեծ դժբախտության, Թորամանյանը գաղթի տարիներին կորցրել է նաև իր հարուստ արխիվը. հրատարակության պատրաստ 9 աշխատության ձեռագրեր, օրագրեր և փաստաթղթեր, 300-ից ավելի մասնագիտական հազվագյուտ գրքեր:

Խորհրդային իշխանության հաստատման առաջին իսկ տարիներից մեծավաստակ ճարտարապետին կենսաթոշակ է նշանակվել: 1923-ին Մարտիրոս Սարյանի և Ալեքսանդր Թամանյանի մասնակցությամբ նրա ստեղծած հուշարձանների պահպանության կոմիտեն շուտով վերաճել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության իրապես ինքնուրույն, կայուն լծակներով գերատեսչության, գործին գիտակ նվիրյալների մի քանի սերունդ կրթել:

Շուրջ 30 տարի շրջելով Հայաստանում` Թորամանյանը չափագրել, լուսանկարել ու նկարագրել է հարյուրավոր հուշարձաններ, որոնցից շատերը պահպանվել են միայն նրա նյութերով: Նրա նախագծերով են վերակազմվել հիմնահատակ ավերված, գեղարվեստական ու կառուցողական արժեք ունեցող բազում հուշարձաններ, որոնք մեծ համբավ են բերել Հայաստանի միջնադարյան ճարտարապետությանը: Կյանքի վերջին տարիներին անվանի գիտնականը փորձել է իր ուսումնասիրություններն ամփոփել «Նյութեր հայկական ճարտարապետության պատմության» խորագրով մի ընդարձակ աշխատության մեջ, որը, ցավոք, 2 ստվարածավալ հատորներով լույս է ընծայվել նրա մահից հետո:

Նրա անունը հավերժացնող մրցանակով 1949-ից խրախուսվել են հայ ճարտարապետության ուսումնասիրության բնագավառում աչքի ընկած գործիչները:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ