ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՊԱՏԱՆԻՆԵՐԸ` ԱՊԱԳԱՅԻ ԱՌՀԱՎԱՏՉՅԱ


Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի քառորդդարյա գործունեության արժևորման բարձրակետը դարձավ փառատոնի ավարտական համերգը` նորելուկ և միջազգային ասպարեզում արդեն ճանաչված երիտասարդ սաների մասնակցությամբ: «Նոր անունների» 25-ամյա կենսունակության անկեղծ հիացումով էր առլեցուն ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆԻ ողջույնի խոսքը.

- Հպարտ եմ, որ գտնվում եմ այսօր այս բեմում: Անսահման հպարտ, քանի որ ականատես-ունկնդիրն ենք հանդիսանում «Նոր անունների» արդեն կայացած միջազգային 4-րդ փառատոնի: Կարծում եմ` նույնքան հպարտ են դահլիճում գտնվող ծնողներն ու մանկավարժները, ովքեր կրթել ու դաստիարակել են շնորհալի երաժիշտների մի նոր սերունդ, որի տասնյակ ներկայացուցիչների ելույթներն ամեն տարի մեծ ուրախությամբ ունկնդրում ենք այս փառատոնի շրջանակներում: Իմ նախկին աշխատանքի բերումով ինքս շատ ավելի մոտիկից եմ ծանոթ «Նոր անունների» 25 տարիների աշխատանքին: Եկեք հիշենք, թե ինչ տարի էր 1989-ը: Այս մշակութային հիմնադրամի կազմավորման օրերին արդեն փլուզվում էր Խորհրդային Միությունը, արդեն առկա էին փլուզման վտանգի բոլոր ազդակները: Սիլվա Նիկիտիչնան, մայրական սրված բնազդով, զգաց, թե ինչպիսի փորձությունների առջև է կանգնած նորանկախ մեր երկրի մատաղ սերունդը, ով կարոտ էր մնում մանկական պարզագույն պահանջի բավարարմանը` իր հեքիաթի ամենօրյա ընթերցանությանը: Նրանց մայրերը ստիպված էին ավելի շատ ժամանակ տրամադրել հանապազոր հաց վաստակելուն: Կրթական համակարգն անկանոն էր գործում, հանրային մեծ պահանջարկ վայելող երաժշտական կրթությանը ևս կազմալուծման վտանգ էր սպառնում: Իսկ ի՞նչը կարող է երեխայի հոգին սփոփել ու հարստացնել ավելի լավ, քան երաժշտությունը: Հենց այդ դժվար ժամանակներում, տիկին Մեքինյանի անձնվեր ջանքերով ժողովվեց շնորհալի մանուկների առաջին խումբը, որը, իմ աչքի առաջ, մոմի լույսի տակ անգամ երաժշտական կրթություն էր ստանում: Մենք տեսնում էինք վաղվա լուսավոր օրը այդ տաղանդավոր երեխաների` մեր մշակույթի ոսկե գանձարանի նորելուկ գոհարների փայլի ուժգնացմամբ: Տիկին Մեքինյանը կարողանում էր հավատ ներշնչել, գոտեպնդել ու առաջնորդել նրանց, հարազատ մոր ջերմությամբ գուրգուրելով` մոռացնել տալ մութն ու ցուրտը: Նրա յուրահատուկ փորձառությամբ ու խնամքով աճեց հայրենասեր քաղաքացիների նոր սերունդ, որը բացառիկ հնարավորություն ստանալով իր ունակությունները արտերկրի հեղինակավոր երաժշտանոցներում առավելագույնս զարգացնելու, հաստատվեց նորաստեղծ հայրենիքում, սկսեց ծառայել նրա հոգևոր-մշակութային զարթոնքին: Մեր 100-ամյա հոբելյարի` Համո Սահյանի խոսքերով ասած` դուք երեխայի մեջ տիրոջ զգացում սերմանեցիք: Ձեր անխոնջ նվիրումով Դուք կարողացաք իրականանալի դարձնել մեր բոլորի նվիրական երազանքը` ամրապնդելով փլատակներից հառնող նորաստեղծ մեր հայրենի տան հոգևոր հիմքերը: Դուք կարողացաք հպարտություն ներշնչել ամենքիս նորելուկ տաղանդների հաջողություն ներով օտար բեմերում: Երախտապարտ ենք Ձեզ, Ձեր ջանքերի շնորհիվ մենք աշխարհին ներկայանում ենք տաղանդավոր երիտասարդների զարմանահրաշ բազմությամբ` Նարեկ և Միքայել Հախնազարյաններ, Սյուզի Երիցյան, Արման Մուրադյան, Տաթևիկ Բաղդասարյան, Մանե Գալոյան, Հայրապետ Առաքելյան, Աստղիկ Վարդանյան, Հակոբ Աթյան, Լիլիթ Գրիգորյան... Բոլորին չես թվարկի:

Այս սրտառուչ գնահատանքով դահլիճում ինքնաբուխ բարձրաձայնում են Սիլվա Մեքինյանի` կարգախոսի արժեք ձեռք բերած ասույթը. «Երեխաները մեր ապագան են, իսկ տաղանդավոր երեխաները` լուսավոր ապագան»:

ԵՐԱԺՇՏԱԳԵՏ-համերգավար Նոնա Ոսկանյանի հրավերով Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան բեմահարթակում էին մանկապատանեկան ներկայացուցչական հանդիսանքի առաջին համերգի մեկուկես տասնյակ տարահասակ մասնակիցները: Մինչ իրենց ընծայված գողտրիկ ծաղկեզամբյուղներից շոյված` նրանք մի անսովոր «կենդանի ծաղկեշղթա» են ձևավորում բեմառաջքում, մտովի փորձում ես վերարժևորել Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի 25-ամյա գործունեությունը: Չէ՞ որ այս իրադարձային հոբելյանին է նվիրված «Նոր անուններ» պատանի երաժիշտ կատարողների 4-րդ միջազգային փառատոնը: Խնամքով միահյուսում ես 1989-ին ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյանի նախաձեռնած «Մշակույթի գործիչների ընկերակցության» և «Գևորգ Մոմջյան» հիմնադրամի (նախագահ` Ռոմեն Կոզմոյան) համագործակցության արդյունքում ստեղծված «Նոր անուններ» ծրագրի ձեռքբերումները:

Հնարավորինս հանգամանալից իրազեկվում ես այս երաժշտահանդեսում Ռուսաստանից, Դանիայից, Կանադայից, Կուբայից, Լատվիայից, Վիետնամից, Վրաստանից, Չեխիայից, Մալթայից և Հայաստանից ընդգրկված մինչև 18 տարեկան 36 երաժիշտների կենսագրական տվյալներին:

Հընթացս ամրապնդվում է լավատեսությունդ: Շատ շատերն արդեն տարիքի համեմատ զարմանալի հարուստ արտիստական տարեգրություն են ձևավորել: Միջազգային և հանրապետական մրցույթների ու փառատոների բազմա-կի դափնեկիրներ են, տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ: Նույնիսկ երեկոյի ամենակրտսերը` 9-ամյա Դմիտրի Իշխանովը (Մալթա): Եվրոպական 7 մրցույթների դափնիների այս փոքրիկ ասպետն էլ հնչեցնում է 4 համերգներից բաղկացած 4-րդ փառատո-նի առաջին ակորդները` Հայդնի «Դաշնամուրի կոնցերտի» 3-րդ մասի անվրեպ կատարմամբ: Հանրաճանաչ երաժիշտ-մանկավարժներով, «Նոր անունները» կայացած և միջազգային ասպարեզում հաստատած կազմակերպիչ-աջակիցներով, երաժիշտ-կատարողների բարեկամ-հարազատներով, ԶԼՄ-ների մեծաթիվ ներկայացուցիչներով ձևավորված հանդիսասրահի ծափերը ոչ մի կերպ չեն հանդարտվում: Եվ քանիցս բեմ է վերադառնում արտասովոր լրջությամբ ներողամիտ ժպիտ հարուցող տաղանդավոր այս մանչուկը: Ոմանք նրան մտապահել էին դեռ նախորդ 2 երևանյան փառատոներից, երբ հազիվ էր հասնում դաշնամուրի ոտնակներին: Անհամեմատ հուզառատ էր Քրիստինե Այվազյանի դաշնամուրային «Արտույտը»: Պրահայում ծնված լինելով, առաջին անգամ էր Հայաստան այցելել որպես դաշնակահար և ջութակահար` 5 միջազգային փառատոների մասնակցած, ազգային և միջազգային 8 մրցույթներում հաղթած 13-ամյա աղջնակը: Հանդիսասրահն առանձնակի քնքշանքով ընդունեց Գայանե Ռաֆայելյանի 11-ամյա սաներ Լիլյա Առուստամյանի և Արտյոմ Իոանիսյանի, ինչպես մանկավարժներն են «մկրտել», «Արքայադստեր և Ասպետի» թավջութակային դուետի Վիվալդին: Ինքս հաճելիորեն տպավորված էի Լիլյայի վաղահաս արտիստականությամբ. տարիներ շարունակ մոր ուղեկցությամբ հանդիպելով նրան դասական համերգներին, որսալով բարդ գործերի բազմաթիվ կատարումների զարմանալի ուշիմ ունկնդրությունը` առաջին անգամ էի կենդանի նվագը լսում: Մինչդեռ «Արքայադուստրն» արդեն հասցրել էր հանրապետական և միջազգային 3 մրցույթներում հաղթել, «Նոր անուններ» ծրագրին անդամագրվել:

Քաղցրահունչ էր Օդինցովոյի դաշնամուրից Գնեսինկայի ֆլեյտան գերադասած, նույնիսկ համացանցային գերմանական մրցույթում 1-ին մրցանակ շահած 15-ամյա Գեորգի Աբրոսովի (ՌԴ) մոցարտյան կոնցերտը: Ժառանգական տաղանդավոր կոդին համարժեք իրենց ջութակներով հնչեցրին Սարասատեի «Ցապատեադոն» և «Գնչուական մեղեդիները»` կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի դուստրը` Պոլինան և ճանաչված ալտահար Յանա Դարյանի ու մեծանուն դիրիժոր Էդուարդ Թոփչյանի Միքայել որդին: Վերջինս, ինչպես և թավջութակահար Ռուբիկ Սարգսյանը, ով հաջորդ օրվանից մասնակցելու էր Յուրի Բաշմետի ամառային դասընթացներին, վարպետ ջութակահարի լուրջ հայտով ներկայացան:

«Նոր անունները», փաստորեն, ոչ միայն հայտնաբերում է նոր տաղանդներ, այլև կազմակերպում է նրանց վարպետ հասունացման գործընթացը, անհատական ու խմբային համերգային ելույթները` ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի ամենատարբեր անկյուններում: Ծրագրում ընդգրկված պատանի երաժիշտները պատվով ներկայացնում են մեր հայրենիքը հեղինակավոր միջազգային փառատոներում: Տարբեր երկրներից ժամանած տաղանդավոր պատանիներին մտերմացնելու հարակից ծրագրեր է նաև կենսագործում «Նոր անունները»` Հայաստանը սիրելի դարձնելով այնպես, որ մեկ անգամ այս փառատոնին մասնակցած երաժիշտները կարոտով են սպասում հաջորդի հրավերին:

- Հիանում եմ ինչպես Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի պատանի երաժիշտներով, այնպես էլ` ծրագրի հիմնադիր Սիլվա Մեքինյանի անսպառ եռանդով, - ասում է Հայաստանի «Նոր անունների» փորձագիտական հանձնախմբի նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ, ԵՊԿ պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյանը,- նրա անսահման երևակայությամբ և զարմանահրաշ նախաձեռնողականությամբ:

ԵՊԿ դոցենտ, մի շարք հեղինակավոր մրցույթների հաղթող օպերայինի դիրիժոր  Հարություն Արզումանյանի ունեցած տիտանական «մասնաբաժինը» «Նոր անունների» կայացման գործընթացում մշակութային անօրինակ սխրանք համարեցին հայ մշակութային ոսկե հիմնադրամի բոլոր աջակիցները: Հենց նրա «գլխավոր դերակատարությամբ» հնարավորինս անխոցելի ներկայացան Հայաստանի պետական կամերային և ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ շնորհալի պատանի և երիտասարդ մենակատարների ելույթները: Փորձառու երաժիշտների միակամ հոգածությամբ «Նոր անուններ» միջազ-գային 4-րդ փառատոնի տասնյակ մասնակիցներ շահեկանորեն առանձնացան սերնդակիցներից իրենց կատարողական ներուժի փայլատակումներով: Զորօրինակ, 11-ամյա Իլյա Լոմտատիձեն Բախի դաշնամուրային կոնցերտի ներազդու ու անթերի իր նվագով այնպես գերեց մեծանուն երաժիշտ-ունկնդիրներին նույնիսկ, որ «ստիպված» էր բիսային էտյուդ էլ հնչեցնել: 10-ամյա Դանիիլ Բուլաևն (Լատվիա) էլ Ռոսինիի «Մովսես» օպերայի թեմայով Պագանինիի վարիացիաները ջութակի մի լարով հնչեցնելիս հավաստեց, որ զուր չեն իրեն «ապագա Պագանինի» կոչում:

Փորձում ես ամբողջացնել մշակութային բազմամյա աննկուն գործիչ Սիլվա Մեքինյանի` երբևէ ոմանց ժամանակավրեպ թվացած «Նոր անուններ» նախաձեռնության 25-ամյա «մարտունակության» և քառօրյա միջազգային երաժշտահանդեսի անմիջական տպավորություններդ: Ամփոփ արժևորելիս մտորում ես` ուրիշ ինչպե՞ս կարող էր բազմավաստակ հայ երաժշտագետն իր նպաստը բերել 88-ի ավերիչ երկրաշարժի հոգևոր բնավերության համազգային հաղթահար մանը, եթե ոչ շնորհալի մանուկներին իր ծնողական հովանու ներքո մեկտեղելու ու աճեցնելու լծակներ փնտրելով ու արդյունավետ գործարկելով: Եվ, կամա-ակամա, հանգում ես նույն մտքին` հենց այսպե´ս: Հանդիսասրահի լավատեսական տրամադրությունը թանձրանում է, երբ «Նոր անուն»-ական Լիլիթ Գրիգորյանը (այժմ մասնագիտացման բարձրագույն դասեր է ստանում Բելգիայում), որպես փառաբանության ձոն է հնչեցնում Արամ Խաչատրյանի դաշնամուրային կոնցերտի առաջին մասը: Փառաբանության ձոն` հայ ժողովրդի տաղանդաշատ ներկային...

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ