Հարսնացուն` դագաղի մեջ


Երջանիկ ժպտացող հարսնազգեստ հանգուցյալ տեսել ե՞ք դագաղի մեջ: 58-ամյա այս բրիտանուհու պարագայում կենդանի հարսնացուն է դագաղով իր հարսանիքին մասնակցում: Ուելսցի Ջենիֆեր Բակլեֆը որոշել է իր հարսանիքին մասնակցող հյուրերին «մի փոքր» զարմացնել: Սև հումոր ասվածը նա ամենաբառացի իմաստով է մատուցել և հանդիսավոր արարողությանը մասնակցել է սև դագաղով, որի վրա պատկերված էր մահվան մռայլ հնձվորը: Ու հետո էլ հավաստիացրել է, թե կատակը շատ հաջող է ստացվել (տեղեկացրել է Mirror-ը):

- Ես երկար ժամանակ ծրագրերիս մասին ոչ մեկին չէի պատմում, բայց ինչ-որ պահի ասացի փեսացուիս: Նա զարմացավ, բայց ասաց, որ եթե այդպես եմ կամենում, հարսանիքիս կարող եմ գնալ դագաղի մեջ: Իդեալական ամուսին ունեմ, ճի՞շտ է,- պատմել է Բակլեֆը լրագրողներին:

Իսկ հրավիրյալները չեն թաքցրել, թե ինչ սարսափ են ապրել, երբ տեսել են սև դագաղը, որը հանդիսասրահ է բերել հարսնացուի եղբայրը (vesti.ru):

Պարզվում է, որ Ջենիֆերի այս կատակը մասնագիտական է: Երկար տարիներ հուղարկավորությունների տան հանգուցյալների է դիմահարդարել:

Ասում են չէ՞, մասնագիտությունը բնավորություն է դառնում: Թե՞ ըստ բնավորության են մասնագիտություն ընտրում: