Գործի ժամին ի˜՞նչ FΖcebook


Վիրտուալ աշխարհը գնալով ավելի գայթակղիչ է դառնում. և` ոչ միայն երեխաների համար: Այնքան գայթակղիչ, որ խանգարում է նորմալ աշխատել: Ի՞նչ անի գործատուն, ում հիմնարկում աշխատանքային ժամին ոմանք նախընտրում են սոցցանցերում «թափառել»: Իտալիայում գործատուներին արտոնել են աշխատանքից ազատել նման աշխատակիցներին:

Երկրի վճռաբեկ դատարանը օրինական է ճանաչել գործատուի իրավունքը` աշխատանքային ժամերին FΖcebook-ում նամակագրությամբ զբաղվելու դեպքում ազատել աշխատանքից (տեղեկացրել է «Ռամբլեր Նովոստին»):

Ստացվում է, որ անձը կարող է համացանցում այլ հետաքրքրություններ որոնել, բայց նամակներ ստանալն ու գրելը` պատժելի է:

Դատարանի այս որոշման համար հիմք է հանդիսացել Աբրուցցո շրջանում տեղի ունեցած միջադեպը: Տպագրական հաստոց աշխատեցնողին մոլորության մեջ է գցել հիմնարկի ղեկավարը: Նա կնոջ անունով ֆեյսբուքյան կեղծ օգտատեր է դարձել, որ ստուգի տվյալ աշխատակցի վարքագիծը: Եվ բջջային հեռախոսից գրագրություն է սկսել երիտասարդի հետ: Վերջինս ակտիվորեն պատասխանել է «ծանոթուհու» նամակներին և խախտումներ է թույլ տվել աշխատանքում: Շեֆը նրան ազատել է աշխատանքից, տղան էլ դատարանում բողոքարկել է հրամանը, թե իբր նա ներխուժում է անձնական կյանք:

Վերաքննիչ դատարանը օրինական է ճանաչել հրամանը և հիմնավորել, որ ոչ մի ներխուժում էլ չկա:

Վատ չէ. կարելի է աշխատանքի ժամին նաև լվացք անել կամ սեռական հարաբերություններ ունենալ հարազատ կնոջ (ամուսնու) հետ, և ղեկավարությունը պարտավոր է չարգելել, այլապես աշխատանքային կարգուկանոն պահանջելը կարող է որակվել որպես անձնական կյանքին խառնվել: