«Մատյանը»` ինքնամաքրումի ոգեղեն սլացք


Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»-ը համաշխարհային արժեք է, գրեղեն կոթող, առ Աստված ուղղված հոգու աղաղակ, ինքնամաքրումի ոգեղեն սլացք: Նաև` Գիրք բժշկության ու ամոքումի, որը դարեր ի վեր մեր մամիկներն իրենց զավակների սնարներին են դրել: Ու ամենազոր «Նարեկ»-ը բժշկել է, դժվարության մեջ եղողներին ելքեր հուշել...

Մենք լավ գիտեինք դրա զորությունը, իսկ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի տիեզերական կամքով այդ մասին իմացավ աշխարհը: Նրա ձեռամբ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագով Գրիգոր Նարեկացին սրբադասվեց և Տիեզերական Եկեղեցու Վարդապետ հռչակվեց: Ու մինչ աշխարհասփյուռ հայությունը ըմբոշխնում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով հնչող արդարության խոսքը, «Նոր-դար» համահայկական հանդեսն ընթերցողին ընծայեց «Մատյան ողբերգութ յան» պոեմի նոր հրատարակությունը` Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆԻ թարգմանությամբ:

Նարեկյան «Մատյանը» ապաշխարանք է ի խորոց սրտի, զղջումներ առ Աստված: Ու թեև բոլորն են հավատում դրա հրաշագործ զորությանը, բայց, դժբախտաբար, ոչ բոլորին է հասու գիտակցված մեղանչանքի, անկեղծ խոստովանության ուժը: Այս առումով շատ դիպուկ էր թարգմանչի տարակուսանքը:

- Երբ երեք տարի առաջ տպագրվեց հնարավորինս մատչելի թարգմանված «Մատյան ողբերգության»-ի առաջին հրատարակությունը, հաճելիորեն զարմացրեց, որ շատ-շատերն են ցանկանում այն ունենալ: Առժամանակ անց գիրքը ձեռք բերողներից ոմանց հարցրի, թե կարդացե՞լ են: Չէին կարդացել ու չէին էլ մտածել, որ կարդալ է պետք: «Այն դնում ենք բարձի տակ, որպեսզի պահպանի մեզ չարից»` պարզամտորեն խոստովանում էին նրանք,- ներողամիտ ժպիտով հիշում է Մ. Ոսկանյանը:

- Իսկապես աստվածահաճո և օգտակար գործ է «Նարեկ»-ը թարգմանելն ու տարածելը: Ներողություն, իհարկե, բայց արդեն այն թարգմանված էր. ի՞նչ ներշնչանքով կամ ի՞նչ մղումով վերստին ստանձնեցիք դժվարին այդ աշխատանքը,- հարցնում եմ թարգմանչին:

- Հայտնի է, որ «Մատյանի» 150-ի չափ ձեռագրեր կան. ամենահինը` հավանաբար իրական բնագիրը, պահպանվում է Մխիթարյան միաբանների մոտ: Ինչ վերաբերում է ձեր հարցին, ապա Մկրտիչ Խերանյանի և Վազգեն Գևորգյանի թարգմանություններում Խորհրդային տարիների կեղծ արժեհամակարգի գաղափարախոսության ճնշման պատճառով բացակայում են ՀԵ, ՂԲ, ՂԳ դավանաբանական խոշոր գլուխները: Օրինակ, Վ. Գևորգյանի թարգմանության մեջ ՂԳ-ի քսանչորս ենթագլուխներից ներառված է երեքը: Իսկ ՂԴ և ՂԵ գլուխները ամբողջովին չեն ներառվել: Եվ նույն պատճառով երկու խոշոր թարգմանիչների մոտ էլ դավանաբանական ենթագլուխներ են պակասում ԼԳ և ԼԴ գլուխներից:

Եվ նշածս երկու խոշոր թարգմանիչները ստիպված էին տուրք տալ, որպեսզի Մատյանը կարողանային լույս աշխարհ հանել, թեկուզև` պակասով, թեկուզև` «պոեմ» անվան տակ, ինչը քիչ հարիր է կենդանի աղոթամատյանին: Այս առումով Խերանյանի թարգմանությունը դավանաբանությամբ ավելի առողջ ու լուրջ է և հավատարմատար: Գևորգյանը, ցավոք, Մատյանը աղոթամատյան չէր համարում, այլ ընդունում էր միայն` որպես հանճարի արտահայտություն: Այնուամենայնիվ, պիտի խոնարհվել այն քաջության առաջ, որ այս թարգմանիչները գործեցին` բանականորեն այդ խանգարված ժամանակներում: Թեկուզև` ո´չ ամբողջականորեն, թեկուզ «պոեմ» անվան տակ` լույս աշխարհ հանեցին հավատացյալի բալասան այս սքանչելի հավատի ոսկին:

Արդ, ընթերցենք ու վերընթերցենք Նարեկը` անկեղծ խոստովանությամբ մաքրելով մեր հոգիները և ուժ գտնենք` գեթ այդուհետ զերծ մնալու աշխարհիկ մեղքերից, որոնք մարդու հոգին են սպանում:

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ