Միայն թե աղջնակս արքայադուստր լինի


Ոչ արքա հոր երազանքն է: Բայց նա օդային սին ամրոցներ կառուցող հայրերից չէ և իրականացնում է իր այս երազանքը: Ինքը թագավոր դառնալու նկրտումներ չունի, բայց դստրիկը` Էմիլի Հիթոնը, իր ծննդյան 7-րդ տարեդարձին որպես նվեր պատվավոր տիտղոս ստացավ:

Վիրջինիացի ֆերմեր Ջերեմայա Հիթոնը սեփական պետությունն է հիմնել Եգիպտոսի և Սուդանի միջև ընկած մի տարածքում, որը ոչ մեկին չի պատկանում: Պետությունն էլ անվանել է Հյուսիսային Սուդան: Պարզապես հողատեր դառնալը չէ նրա ցանկությունը: Դստրիկին խոստացել էր, որ մի գեղեցիկ օր նա իսկական արքայադուստր է դառնալու: Եվ նորաթուխ արքայադուստրը ոչ միայն ուրախ է արքայական ընտանիքի անդամ լինելու համար, այլև հպարտանում է ձեռներեց հայրիկով:

Ջերեմայան գտել է մոլորակի վրա միակ այն տարածքը, որը որևէ պետության կամ որևէ անձի չի պատկանում: Բիր-Թավիլը անապատի 2 հազար քառակուսի կիլոմետրանոց մի հատված է: Ֆերմերն իր հիմնած ընտանիք-պետության վերաբերյալ արդեն ճանաչման հայտ է ներկայացրել ՄԱԿ և Դանիայում դեսպանատուն է բացել: «Ժողովուրդը» հայրիկ-առաջնորդից պահանջել է անպտուղ անապատը ծաղկուն այգու վերածել, որը կկերակրի բոլորին: Ջերեմայան հիմա որոնում է գյուղատնտեսական այնպիսի բույսեր, որոնք քիչ ջուր են պահանջում:

Հետաքրքիր փորձարարություն է: «Պետությունը մի ընտանիք է» ձևակերպումն այստեղ ամենաուղիղ իմաստով է: Եվ եթե ընտանիքի հայրը չզլանա, ընտանիքի անդամ-«պաշտոնյաները» չկողոպտեն «պետբյուջեն», երկիրը կբարգավաճի: Ո՞վ գիտե, գուցե հենց պետություններից դժգոհ արտագաղթյալներ էլ հայտնվեն այստեղ... (Lifenews.ru):