Պատերազմը բիզնե՞ս է, թե` ոչ այնքան


Երբ երկրագնդի այս կամ այն հատվածում սկսվող բախումները երկարատև և լայնածավալ պատերազմական գործողությունների են վերածվում, ակամայից հարց է ծագում` ո՞ւմ է այն ձեռնտու և ինչու՞: Մասնագետների կարծիքով 60-70 տարին մեկ աշխարհում տեղի են ունենում աշխարհաքաղաքական վերաձևումներ: Սա ինչպես ասում են` մեծ քաղաքականություն է, որն անտեսում է առաջին հայացքից մանր-մունր թվացող մարդկային կորուստները և ճակատագրեր ասվածը: Աշխարհի ապագայի խնդիրներով «մտահոգ» գերտերությունները, չգիտես ինչու, իրենց հավակնությունները բավարարում են այլ պետությունների տարածքներում` իրենց կարծիքով կարգ ու կանոն հաստատելով: Որքան էլ ռոմանտիկ լինենք, այնուամենայնիվ, դժվար է հավատալ, որ աշխարհի հսկաներն առանձնապես մտահոգված են այս կամ այն երկրում դեմոկրատական կարգերի հաստատմամբ: Կա տեսակետ, որ պատերազմը սովորական բիզնես է, որտեղ ոչ միայն տարածքային, այլև ֆինանսական հարցեր են լուծվում: Քաղաքագետ Հայկ ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆ իր դիտարկումներն է ներկայացնում` «պատերազմը բիզնե՞ս է, թե` ոչ այնքան» տեսակետի վերաբերյալ:

- Իրականում պատերազմը բիզնե՞ս է, թե՞ մեծ քաղաքականության բաղկացուցիչ մաս:

- Մեկ բան ակնհայտ է, որ պատերազմը շահերի բախում է: Քաղաքակիրթ աշխարհում շահերի բախման դեպքում փորձ է արվում հարցը կոնսենսուսով լուծել: Կոնսենսուս եթե չի լինում, լինում է բախում և պատերազմ: Օրինակ` հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ բիզնես կա՞ր, թե՞ չկար: Ես կարծում եմ, որ չկար: Դա ամենաիսկական ազգային ազատագրական պայքար էր` Արցախը փորձեց ինքնորոշվել: Այնուամենայնիվ, պատերազմը բիզնե՞ս է, թե՞ մեծ քաղաքականության բաղկացու ցիչ մաս հարցին` միանշանակ պատասխանել հնարավոր չէ: Պատերազմի ընթացքում բոլոր երկրները կարող են նաև բիզնես անել, բայց դրանք սկսվում են բացառապես այլ պատճառով:

- Ղարաբաղյան պատերազմը սկզբում, այո´, ինքնաբուխ էր, բայց հիմա հստակ վերածվել է բիզնեսի: Նույնիսկ Հայաստանի դաշնակից և անվտանգության երաշխավոր Ռուսաստանը հայտարարում է, որ Ադրբեջանին զենք վաճառելով, ինքը շահույթ է ստանում: Նույնը Մերձավոր Արևելքում է. այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների հիմքում էլ նավթակռիվն է:

Սա բիզնես չէ՞, երբ ոնց ցանկանում, այնպես էլ քարտեզ են վերաձևում գերտերությունները: Տարիներ առաջ ԱՄՆ-ի գիտահետազոտական ինստիտուտները նոր աշխարհի քարտեզն էին հրապարակել, որտեղ հստակ նշված էր Քրդական պետությունը: Դա նշանակում է, որ կա նախաձեռնություն, որի համար միջոցներ են ներդրվելու: Սա բիզնես չէ՞:

- Դրանք աշխարհաքաղաքական հարցեր են: Նախ քարտեզ գծելը չի նշանակում, որ այն իրականանալու է: Վուդրո Վիլսոնն էլ ժամանակին Հայաստանի քարտեզն էր գծել: Հիմա այդ Հայաստանն ու՞ր է: Դա արվում է ավելի շատ նրա համար, որպեսզի ամրապնդեն իրենց ներկայությունը տարածաշրջանում: Բայց, մտածել, թե այն, ինչ արվում է` բիզնեսի համար է արվում, ես այդ կարծիքի չեմ: Ինչ վերաբերում է սիրիական պատերազմին, իմ կարծիքով հնարավոր է, որ այդ գործընթացը երկարի, բայց մեծ հաշվով Սիրիայի տրոհում ես չեմ կանխատեսում:

Փորձագետներն ասում են, որ Սիրիայի ջլատման միջոցով փորձ է արվում Իրանին ծունկի բերել, և չի բացառվում, որ մենք ականատես լինենք Սիրիայի հյուսիսային ու հարավային հատվածների պառակտմանը:

- Սիրիան իր այս պայքարով ցույց է տալիս, որ թույլ չի տա երկրի պառակտում: Սիրիան Ուկրաինա չէ, որ մեկ օրվա մեջ մի ամբողջ Ղրիմ հանձնի Ռուսաստանին: Ուկրաինան նույնիսկ չփորձեց պայքարել Ղրիմի համար, իսկ Սիրիան ապացուցում է, որ պայքարում է: Բնականաբար, դժվար է երկրի իշխանությունների համար, և պետությունը կընկնի ճգնաժամի մեջ, բայց միանշանակ է, որ պայքարում են, և ես հույս ունեմ, որ իրենց պայքարը չի ավարտվի Սիրիայի տրոհումով:

Ապրիլի 24-ին մենք նշեցինք Հայոց ցեղասպանության 100-ամյակը և ի լուր աշխարհի բողոքի ձայն բարձրացրեցինք: Սակայն այսօր նույնանման սցենարով Մերձավոր Արևելքում կրկին ցեղասպանություն է տեղի ունենում և գերտերությունները նույն քար անտարբերությունն են ցուցաբերում` ինչպես 100 տարի առաջ հայերի հանդեպ:

- Գերտերությունները հարցի լուծմանը միջամտում են այն ժամանակ, երբ ուզում են այդ հարցը լուծել: Քանի դեռ չեն միջամտում, նշանակում է, որ ստեղծված իրավիճակն իրենց ձեռնտու է: Այսինքն` ստեղծված աշխարհաքաղաքական այն պարիտետը, որը անկայունության իմաստով այսօր կա, ձեռնտու է գերտերություններին: Ընդհանրապես, միջուկային զենք ունեցող երկրները ուղղակի չեն բախվում, այլ իրենց բախումներն իրականացնում են այլ տարածաշրջանում: Օրինակ` Ուկրաինայում ստեղծված իրավիճակը ԱՄՆ-ի և Ռուսաստանի բախման հետևանք է և, երբ գերտերությունները կոնսենսուսի գան, այդ ժամանակ կլուծվեն նաև պատերազմական իրավիճակում հայտնված երկրների խնդիրները:

- Ստացվում է, որ ցեղասպանության ենթարկելով և տեղահանությամբ գերտերությունների ամբիցիաներն են բավարարվում` հարցականի տակ դնելով այս կամ այն ազգի ճակատագիրը:

- Ցեղասպանության ոճիրը թեև Թուրքիայի ուղեղում է ծնվել, բայց այդ միտքը ծնվել է աշխարհաքաղաքական տեղաշարժերի ժամանակ: Գերմանիայի քարտ-բլանշով. նաև Ռուսաստանն իր խնդիրները լուծեց Հայոց ցեղասպանության հաշվին: Գերմանացիները առաջին աշխարհամարտում Թուրքիային ներքաշելու համար թուրքերին տվեցին հայերին ցեղասպանության ենթարկելու քարտ-բլանշ: Այսինքն Թուրքիան օգտվել է ստեղծված իրավիճակից:

Հիմա փաստորեն ստացվում է, որ քրդերն էլ կարող են օգտվել այսօրվա Մերձավոր Արևելքում ստեղծված քաոսային իրավիճակից:

- Ի դեպ` քրդերը միշտ էլ օգուտով են դուրս գալիս նման իրավիճակներում: Հայերի ցեղասպանության գաղափարը մշակեց Թուրքիան, այն իրականացրեց քրդերի հետ, բայց արդյունքում Արևմտյան Հայաստանի «տերը» դարձան քրդերը: Թուրքերն իրականում ի՞նչ են շահել: Ճիշտ է` իրավաբանորեն Հայաստանի տարածքներն իր պետության մեջ են, բայց այդ տարածքների փաստացի տերը քուրդն է դարձել, քանի որ Արևմտյան Հայաստանը բնակեցված է քրդերով: Բայց, իմ կարծիքով, այս անգամ քրդերին չի հաջողվի շահած դուրս գալ իրավիճակից, իսկ «Քրդական պետություն» էլ չի ստեղծվի: