Քանդել-սարքել մինչև վերջ


Երևանում զանազան շինարարական աշխատանքների, տարբեր կառուցումների ու կառուցապատումների, նորոգումների ու վերանորոգումների հերթական սեզոնն է: Մեր աչքի առջև ընթացող այսօրինակ լայնածավալ աշխատանքների մասին քաղաքային իշխանությունները հասցրել են բազմաթիվ անգամ իրազեկել երևանցիներին: Եվ քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Ֆրունզ Բասենցյանի հերթական հանդիպումը բազմիցս ասվածի հերթական ամփոփումն էր: Եվ եթե երեկ շատ աշխատանքների մասին խոսվում էր ապառնի ժամանակով, ապա այսօր արդեն 4 մլրդ 249 դրամի աշխատանքներ կարող են ներկայացվել ներկա ժամանակով: Ըստ տեսածի և լսածի, քաղաքը հավերժ շինարարության մեջ է. փողոցների հիմնանորոգում, արտաքին լուսավորություն, ասֆալտբետոնե ծածկույթի վերանորոգում և այլն, և այլն: (Ու էս բոլորը` 100 էլ չէ, 100,2 տոկոսով): Էս վերջինը որ` ասֆալտի վերանորոգում, Երևանից ու քաղաքապետարանի ծրագրերից անպակաս աշխատանք է: Ու թե ինչու` ինչպես ասում են` անզեն աչքով էլ տեսանելի է կամ, ինչպես չեն ասում, «անզեն մտքով էլ» հասկանալի: Աշնանը ասֆալտապատած փողոցը ձմռանը ճաքճքում է, փոս ընկնում: Ասում են` ձյուն շատ եկավ, ասում են` աղը քայքայեց: Քաղաքապետարանը սրա ճարն ու հնարը, պարզվում է, գտել է: Ֆ. Բասենցյանը տեղեկացնում է փողոցաշինության մեջ մեզանում առաջին անգամ կիրառված եվրոպական փորձի մասին: Երևանում այն առաջինը կիրառվել է Բաղրամյան պողոտայում: Քաղաքապետարանը տեղական արտադրողին համապատասխան մածիկ է պատվիրել և դրանով այստեղ իրականացրել ճաքալցման աշխատանքներ: Այս նորարարությունը, որ եվրոպական երկրներում վաղուց կիրառվող տեխնոլոգիա է և մեզանում կյանքի է կոչվել երկու տարվա փորձ ու փորձարկումներից հետո, փողոցի համար վեց տարվա կյանք է ապահովում: Այն 4 տարով երկարաձգելու է Բաղրամյան պողոտայի շահագործման ժամկետը, իսկ քաղաքապետարանին թույլ է տվել նշանաբան ձևավորել. «Եթե ասֆալտապատում, ապա առավելագույնը 7 տարվա ժամկետով»: Իսկ որպեսզի երևանցիները դրանում համոզվեն, հարկավոր է 6-7 տարի համբերել: Հիմնանորո գողները, օրինակ, Սեբաստիա փողոցին 6 տարվա անվնաս շահագործում են խոստանում. «ասֆալտը ճաք չի տա, փոսեր չեն առաջանա»: Եթե, իհարկե, խնամք տարվի, ասում են: Իսկ ահա տեղ-տեղ փողոցները լավ էլ անխնամ են թողնված: Մասնավոր շինարարություն իրականացնողները զանազան կոմունիկացիաների անցկացման նպատակով փողոցը կամ մայթը քանդում են, իրենց գործն անում` քաղաքին «հիշատակ» թողնելով ավերածությունը: Այլ խոսքով` իրենցը սարքում են, քաղաքինը (իմա` բոլորինը) քանդում: Քանդելու թույլտվություն տվող քաղաքապետարանը քանդածը վերականգնելու նկատմամբ վերահսկողություն սահմանելու գործառույթ ունի: Բայց վերահսկո՞ւմ է որ: Տպավորությունը ճիշտ հակառակն է: Եվ մեր հարցն էլ հերթապահ պատասխանի է արժանանում. «Այստեղ լուրջ խնդիր ունենք (լուրջ հսկողության փոխարեն-Ս. Մ.): Հսկողությունը պետք է ուժեղացնել: Իսկ ի՞նչն է խանգարում դրան, ինչո՞վ է պայմանավորված թողտվությունը, կառուցապատողի նկատմամբ բարեհաճ վերաբերմո՞ւնքը, ի՞նչ իմանանք: Մեր ժամանակներում ամեն մի վերաբերմունք մի այլ վերաբերմունքով պայմանավորված է:

Սուսաննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ