Իսկապես, «եթե ընդդիմությունը կարողանա դասեր քաղել»


Խորհրդարանի վերջին ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին Վիկտոր Դալլաքյանի` ընտրողների շրջանում ունեցած հեղինակությունը: Եվ իսկապես, քաղաքական այս գործչի կարծիքների հանդեպ անտարբեր չէ ոչ միայն վանաձորցի ընտրողը: Սակայն իր վերջին ասուլիսի ընթացքում պատգամավորը փոքր-ինչ ավելի մակերեսորեն ներկայացրեց իր տեսակետներն ու գնահատականները` համընդհանուր հետաքրքրության առանձին մի քանի հարցերի վերաբերյալ: Դիցուք. - Եթե ես գնահատական տամ այս ԱԺ-ի կազմին, միգուցե ես սուբյեկտիվ եմ, բայց պետք է արձանագրեմ, որ 1990-ից հետո ՀՀ խորհրդարանների պրոֆեսիոնալ և քաղաքական մակարդակը ընկել է, սակայն պետք է լիներ հակառակը,- ցավով հայտարարում է Վ. Դալլաքյանը: Մտքի անհարթությունը վերագրելով բանավոր խոսքին` կցանկանայինք հարցնել պատգամավորին` ո՞րն է դեռևս աշխատանքով իրեն չդրսևորած խորհրդարանից իր հիասթափութ յան պատճառը: Դալլաքյանն իրեն ամենևին էլ ոչ պրոֆեսիոնալ չի համարում, նույնիսկ ավելին, իր իսկ խոսքերով, ԱԺ-ում ինքը դասատուի գործ է անում: Համենայն դեպս, «Ազատության» հարցում այս խորհրդարանի անդամները կարողացան սեփական դիրքորոշմանը հավատարիմ մնալու սկզբունքայնություն դրսևորել: Միասնական թեկնածուի վերաբերյալ Դալլաքյանի կարծիքը բավական խրթին է, և պատգամավորը չի տալիս որևէ դրական կամ բացասական գնահատական. - Ինչ վերաբերում է ընդդիմության միասնական թեկնածուի գաղափարին, ապա ես դա համարում եմ քաղաքական տեխնոլոգիա և ոչ թե նպատակ` Հայաստանում իշխանափո խություն իրականացնելու համար: Բայց գործող Սահմանադրության պարագայում ՀՀ նախագահը, ըստ էության, խորհրդարանական մեծամասնության և պաշտպանվող վարչապետի մոտ աշխատում է անգլիական թագուհի: Եվ անգամ խորհրդարանական մեծամասնությունը կարող է համապատասխան օրենքներում, կառավարության կազմավորման և կառուցվածքի հետ կապված, այնպիսի փոփոխություններ կատարել, որ, օրինակ, ոստիկանության, ազգային անվտանգության ղեկավարները չնշանակվեն վարչապետի կողմից: Անհասկանալիության չափ կտրուկ է անցումը ընդդիմության միասնական թեկնածուից գործող Նախագահին ու նրա ապագային: Այսուհանդերձ, ընդդիմության համար միասնականացումը պետք է որ նպատակ լինի` եթե իսկապես կա ձգտում գործող իշխանությանը ժողովրդաշահ գործերով հակակշիռ լինելու, այլ ոչ թե աթոռատիրոջ անուն վաստակելու: Եվ ինչպես ասում է Վ. Դալլաքյանը` - Եթե ընդդիմությունը կարողանա դասեր քաղել խորհրդարանական ընտրություններից… Եվ ուշադրություն դարձրեք իմ այն գնահատականի վրա, որ իշխանության ներսում, փաստորեն, մրցակցություն է ընթանալու երկու հետաքրքիր իրադարձությունների կամ ֆրազների շուրջ: Ամենաերիտասարդ թոշակառուի դերում չհայտնվելու և վարչապետի կողմից բացարձակ իշխանության հասնելու այս կոնֆլիկտը, անպայման, ազդելու է ներքաղաքական գործընթացի վրա: Իշխանության ներսում մրցակցություն ասելով ի նկատի ունեմ այն, որ գործող նախագահը փորձելու է մաքսիմալ ազդեցություն պահպանել իշխանության ներսում: Թե դա ի՞նչ ձևով կարտահայտվի, սա երկրորդական խնդիր է: Իսկ գործող վարչապետը փորձելու է ամբողջացնել իր իշխանությունը: Եթե նա նախագահի ընտրություններում հաջողության հասնի, իմ գնահատականով, հազիվ թե գործող վարչապետը կցանկանա, որ գործող նախագահը հայտնվի վարչապետի աթոռին: Այսինքն, մեր ընդդիմությունը հակակշիռ է ոչ թե գաղափարներին ու ծրագրերին, այլ սոսկ անձերի՞ն: Աստված թող փրկի նման ընդդիմությունից: Գրեթե վստահ ենք, որ Վ. Դալլաքյան քաղաքական գործիչն ինքն էլ չի համալրի անձերի դեմ խաչակրաց արշավորդների բանակը: Իսկ առողջ գաղափարների դրոշի ներքո համախմբվելու ձգտումը հենց պետք է որ ցրեր ընդդիմադիրների` միասնական թեկնածուով ընտրապայքար մտնելու բոլոր ամբիցիաները: Իսկ թե Նախագահի աթոռն իր տիրոջը կգտնի Դալլաքյանի տարբերակով, թե մեկ այլ` մնացել է սպասել ընդամենը մի քանի ամիս:

Լիլիթ ՄԽԻԹԱՐՅԱՆ