Երազանքը` կիսով չափ


ԱԺ նորաստեղծ` Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, երբ դեռ Բնապահպանության նախարարն էր, լրագրողների հետ մտերմիկ մի զրույցի ժամանակ անկեղծացավ. - Հիմա աշխատենք, որ գանք Ազգային ժողով հանգստանանք: Հարցին, թե արդյո՞ք արդեն հնարավորություն ստացել է հանգստանալու, Վ. Այվազյանը պատասխանեց. - Հա, բա ինչ եմ անում, հանգստանում եմ: Զգալով, որ կրկին անհարկի է անկեղծանում, հապճեպ ավելացրեց. - Գործադիր աշխատանքն ավելի բարդ էր: Կարծում ենք` անհրաժեշտություն չկա պատգամավորին բացատրելու օրենսդրական գործունեության կարևորությունը: Հատկապես, երբ առջևում խորհրդարանական արձակուր դի օրերն են, և նորընծա օրենսդիրը դեռ ժամանակ կունենա մտորելու իր երազած հանգստի և «հանգստավայրի» ճիշտ ընտրության մասին: Հատկապես, երբ Կառավարության հետ հարց ու պատասխանի օրերին «հարգելի» պատճառով բացակայելը պետք է նժարվի նիստերին մասնակցելու և քվորում ապահովելու ոչ դյուրին «պարտականությանը»:

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ