Ընդդիմադիր ես` պիտի մերժե՞ս


Նորընտիր խորհրդարանն արտահերթ նստաշրջանի իր մեկ շաբաթվա գործունեության ընթացքում արդեն իսկ փաստեց նախորդ խորհրդարանների ավանդույթներին իր հավատարմությունը: Ու թեև ընդդիմության «կառուցողական գործունեության» առնչությամբ հնչել էին ողջույնի խոսքեր (այն էլ հենց ԱԺ նախագահի կողմից), ընդդիմադիրի կեցվածքով հանդես եկող ուժերի դիրքորոշումն առանձնապես ինքնատիպ չէր, թեև նրանց պահվածքում աչքի զարնողն հենց ինքնատիպ երևալու ձգտումն էր: Այս դիտարկումը կարևոր է թեկուզ այն առումով, որ ընդդիմադիր քաղաքական ոչ մի ուժ իրեն չի կարողանում պատկերացնել առանց մերկապարանոց մեղադրանքների: Նա պիտի դժգոհի, պիտի բողոքի, բայց ոչ թե «խավարին ընդդեմ պատերազմելով», այլ մեզանում ընդունված` ընդդիմադիր ես` պիտի մերժես ամեն ինչ ու մեղադրես ամենքին սկզբունքով: Այդ կարծրացրած դիրքերը չզիջեց նաև «Ժառանգություն» կուսակցությունը, որը «խորհրդարանական դեդավշինայի» դեմ բողոքը դարձրեց իր առաջին օրենսդրական պայքարի դրոշակը: