Կրիմինալից ձերբազատվելու նոր շանս


Բոլոր ընտրություններից հետո բազմաթիվ առիթներ հասարակությանն ստիպում են ենթադրել, թե այս անգամ էլ ինչ-որ բան այնպես չեղավ: Նման կասկածներից խուսափելու ելքեր հերթական ընտրություններից հետո դարձյալ չգտնվեցին, քանի որ, ինչպես տեսնում ենք, գործընթացի հանդեպ լիարժեք հասարակական վստահության ձևավորումը մեկ օրվա խնդիր չէ: Ավելին, իշխանությունն ինքն էլ երբեք չի թաքցրել քվեարկությունների ելքի վրա չազդող առանձին անօրինականությունների գոյության և դրանց դեմ հետևողականորեն պայքարելու անհրաժեշտության կարևորությունը: Հարցի լուծումը մի պահ նույնիսկ շատ հեշտ է թվում: Կարելի է կարծել, թե դեռ քարոզարշավի շրջանում պատկան մարմինները և երկրի բարձրաստիճան պաշտոնյաները սպառնալից վճռականությամբ եթե մի քանի անգամ քվեարկության արդյունքները և ողջ ընտրական գործընթացը չկեղծելու սաստող պահանջով հանդես գան, հարցը մեկընդմիշտ և հարյուր տոկոսով կլուծվի: Եթե սակայն ամեն ինչ այսքան հեշտ լիներ, ապա վաղուց արդեն ընտրակեղծիքների թեման պատմության գրկում մնացած կլիներ: Իշխանությունը Հայաստանում վաղուց կոալիցիոն է, և եթե այստեղ ընդգրկված քաղաքական կուսակցությունները հանկարծ ու նման մի նախաձեռնություն դրսևորեն, ապա խորհրդարան մտնելու համար մարտնչող մյուս ուժերի առնվազն կեսը դա կորակեն իբրև իշխանության ներսում կայացած դավադիր (՞) համաձայնություն` միտված մյուսներին զսպաշապիկ հագցնելուն կամ պարզապես «քաղաքական ազատությունից» զրկելուն: Հայաստանի քաղաքական կյանքն այնքան հարուստ է անոմալ երևույթներով, որ արդեն ոչնչից չարժե զարմանալ: Էլ չասած` միջազգային դիտորդական բազմազան կառույցների անկանխատեսելի պահվածքի մասին, որոնք, «անկանխատեսելի» լինելով հանդերձ, սիրում են իրենց եզրակացություններում ու զեկույցներում տհաճ ու գորշ գույներով ներկայացնել հայաստանյան ընտրական գործընթացները: Այսուհանդերձ և բնականաբար` իշխանությունն այնքան էլ միամիտ չէ, որ թեկուզ արժանի, բայց խիստ կարծր մեթոդներով ընտրակեղծիքների վաղուց կայացած մեքենայի դեմ չպայքարեր: Չնայած սրան` ընտրակեղծարարության համար քրեական պատասխանատվություն նախատեսող նոր նորմը այս անգամ որոշակիորեն կիրառվեց: Իհարկե, ճիշտ չի լինի կարծելը, թե մի քանի մարդու դեմ քրեական գործ հարուցելով` բացահայտվեց ու վնասազերծվեց այս արատավոր տեխնոլոգիայի բոլոր շերտերն, ու, ասենք, վերջին ընտրությունները հանրության ու հենց նույն իշխանության համար լույսի պես թափանցիկ դարձան: Մյուս կողմից էլ սա այն դեպքն է, երբ թեկուզ պայքարելու միտումն արդեն խրախուսանքի ու աջակցության է արժանի: Ի՞նչ անի իշխանությունը, երբ, «Ընտրական օրենսգրքի» պահանջների համաձայն, համապատասխան տարիքային ցենզ ունեցող ՀՀ ցանկացած քաղաքացի կարող է պատգամավորության թեկնածու առաջադրվել: Ընտրակեղծարար, կրիմինալ և նման այլ հասկացություններն, ինչպես գիտենք, չունեն ամրագրված չափորոշիչներ: Եվ ինչի՞ մասին է խոսքը, երբ հաճախ ականատեսն ենք լինում քրեական շրջանակների կարկառուն ներկայացուցիչների և կամ կրիմինալի կենդանի խորհրդանիշերի, որոնք նույն այդ կրիմինալի դեմ հոխորտալով` սեփական PR-ն են անում: Սրանք, ինչպես նկատել եք, վերջին տարիներին ակտիվորեն կուսակցականացվել են` դժվարացնելով զանազանելը հատկապես մեծամասնականով պայքարող ընտրական հերոսներին: Տարբերելն իսկապես դժվար է, քանի որ բոլորն են հայտարարում, թե ընդհանուր ոչինչ չունեն ու չեն էլ պատրաստվում ունենալ այս և հասարակությանը հայտնի մյուս եղկելի երևույթների հետ: Ցավալի է, բայց հանրությանը մերժելի այս մարդկանց հաճախ նաև քաղաքական ուժերն են տանիք դառնում` գայթակղվելով վերջիններիս ներդրած պատկառելի նյութական միջոցներով, հարաբերական, եթե չասենք, հեղհեղուկ հեղինակությամբ, որը երբեմն սպառնալիքների, երբեմն էլ այլ ճանապարհներով վերափոխվում է իրական քվեների: Կարճ ասած, այս հարցում իշխանության գործը բարդ է: Եվ ուրիշ էլ ի՞նչ, եթե ոչ ուժերի համախմբում է անհրաժեշտ` պատեհապաշտների հզոր բանակի դեմ պայքարելու և քաղաքական ասպարեզից նրանց ուղղակիորեն հեռու վանելու համար: Ժամանակ լիուլի կա, քանի որ ընտրությունները դեռ երկու ամիս առաջ են ավարտվել: Նախագահի ընտրություններում ամեն ինչ շատ ավելի հեշտ է լինելու: Այստեղ կրիմինալը լավագույն դեպքում ձևականորեն է պաշտպանելու այս կամ այն թեկնածուին: Ասել է թե` ուղղակի կամ սեփական-անձնական շահ այդ մարդիկ չեն ունենալու, և վերջիններիս պասիվ դերակատարությունը հանգեցնելու է ավելի թափանցիկ ու վերահսկելի արդյունքների: