ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ


 

 

(Սկիզբը` նախորդ համարում)

Եկավ ընտրությունների օրը: Ժողովուրդը մեծ ոգևորությամբ սկսեց շարժվել դեպի ընտրական տեղամասերը: Մեր զույգը` Արսենն ու Գոհարը իրարից բաժանվեցին:

- Դու տեղամասում եղիր, բոլորի աչքի առջև,- ասաց երիտասարդը,- իսկ ես որոշ գործեր ունեմ, կավարտեմ ու կգամ: Որ հարցնող լինի` կասես հորեղբոր տղան ավարիա է տվել, Արսենը հիվանդանոց գնաց, շուտով կգա:

- Լավ,- առանց մանրամասների մեջ մտնելու ասաց աղջիկը: Այն օրվանից երբ Արսենն իրեն յուրօրինակ ամուսնական առաջարկ էր արել, աղջկա քունը փախել էր. չէր ցանկանում որևէ բանում ընդդիմանալ տղային:

Իսկ Արսենը դիտակետ ընտրեց բազմահարկ շենքի բակում, բլոտ ու նարդի խաղացող մարդկանց շրջանում, հայացքը չշեղելով շքամուտքից:

Որոշ ժամանակ անց տեսավ, որ Գայանեն ամուսնու և ևս երեք հոգու հետ դուրս եկավ շքամուտքից:

- Եկեք մեքենայով գնանք,- ասաց Բարսեղը:

- Լավ էլի Բարսեղ ջան, մեքենայով հա մեքենայով,- լսվեց Գայանեի ձայնը:- Մի քիչ էլ քայլենք, էլի: Համ էլ Սրբուհին ու ամուսինն էլ են գալիս: Միասին կգնանք, կգանք, մի տասը րոպեի ճանապարհ է: Բարսեղն ուսերը թոթվեց ու համաձայնեց: Քիչ անց դուրս եկավ նաև Սրբուհին` ամուսնու հետ: Ողջունեցին միմյանց ու շարժվեցին տեղամասի ուղղությամբ:

Արսենը գործի անցավ: Նա հաշվարկել էր, որ իր տրամադրության տակ ընդամենը 35-40 րոպե ուներ: Մինչև հասնեն, սպասեն ընտրելու իրենց հերթին, ընտրական գործառնությունները կատարեն ու ետ դառնան, քառասուն րոպե կտևի: Սակայն այդ ժամանակը նա կրճատեց տաս րոպեով ու ոտքի ելավ: Նոր էին ընտրողները թեքվել հարևան շենքի կողմը, Արսենը բարձրացավ երկրորդ հարկ, հագավ ռետինե ձեռնոցները, բանալիով բացեց դուռը, մտավ ներս ու դուռը ծածկեց: Չառաջացավ: Կոշիկները հանեց, դրեց ուղեգորգի վրա, հողաթափերը հագավ, մտավ հյուրասենյակ: Քանի որ յուրաքանչյուր գզրոցի, դարակի, դռան բանալին իր տեղում էր, Արսենն զգուշությամբ, մեկիկ-մեկիկ բացեց դրանք, այն ամենը ինչ թանկարժեք էր` դրամ, դոլարներ, զարդեր, ոսկեղեն, ակնեղեն, բոլորը լցրեց ուսից կախված փոքրիկ պայուսակի մեջ: Ապա նայեց ժամացույցին, անցել էր քսան րոպե: Նույն զգուշությամբ էլ դուրս եկավ, կոշիկները հագավ, հողաթափերը դրեց պայուսակի մեջ, դուռն իր ետևից փակեց:

Անշտապ դուրս եկավ շքամուտքից, թեքվեց ձախ` դեպի փողոց, կանգնեցրեց առաջին իսկ պատահած տաքսին ու հեռացավ: Երկու թաղամաս անցնելուց հետո գրպանից հանեց ընտրակաշառքից մնացած դրամները, հազարանոցը տվեց վարորդին.

- Մանրը պետք չէ:

Վարորդը շնորհակալական խոսքեր մրմնջաց ու գնաց: Արսենը քիչ սպասեց, մինչև տաքսին անհետացավ, մեկ ուրիշ տաքսի կանգնեցրեց ու ասաց հասցեն…

Նոր վարձած բնակարանում Արսենը զգեստափոխվեց, փոխեց նաև կոշիկները, գրպաններում եղած գումարը դրեց նոր հագուստի գրպանը, պայուսակը թողեց, իսկ ինքը տաքսի վերցնելով` տեղամաս գնաց: Գոհարն այնտեղ էր:

- Հարցնող եղա՞վ,- հարցրեց Արսենը:

- Չէ, տեղամասի հանձնաժողովի քարտուղարը քո մասին հարցրեց, ասացի քիչ հետո կգա: Հորեղբորդ որդին ինչպե՞ս է:

- Փառք Աստծո, ամեն ինչ բարեհաջող է: Մի երկու-երեք կոտրվածքներ կան, դրանք էլ ժամանակի ընթացքում կլավանան: Սոված չե՞ս:

- Բա ի՞նչ եմ:

- Արի մոտենանք հանձնաժողովի նախագահին:

- Պարոն Աղավելյան,- ասաց Արսենը,- ախր առավոտվանից սոված մեռանք: Ի՞նչ անենք:

- Երկուսիդ միանգամից թողնել չեմ կարող: Նախ` մեկդ, հետո` մյուսդ:

- Իսկ լավ չի լինի՞, ես Գոհարի գործը կանեմ, թող նա գնա, որոշ բաներ առնի, ներսում էլ կուտենք:

Աղավելյանը համաձայնեց…

Գրիգորյաններն իրենց ընտրությունը կատարելուց հետո տուն վերադարձան:

Բարսեղն իր հողաթափերը չգտավ:

- Գայանե,- ձայնեց,- հողաթափերիս տեղը չգիտե՞ս:

- Դռան մոտ պիտի լինեն,- ննջասենյակից պատասխանեց Գայանեն:

- Չկան:

Ընտանյոք հանդերձ փնտրեցին, սակայն բնակարանում չգտնվեց:

- Իա˜,- զարմացավ Գայանեն:- Բա որտեղ կարող է լինել:

- Ես հիշում եմ,- ասաց Բարսեղը,- որ դուրս գալուց առաջ հողաթափերը թողեցի դռան մոտ, կոշիկներս հագա ու դուրս եկանք:

Այդ պահին հյուրասենյակից ձայն տվեց աղջիկը` Արփինեն.

- Մա´մ,- ասաց նա,- մեր զարդատուփն ու՞ր է: Ես այսօր հանդիպում ունեմ, պիտի հասցնեմ: Որտե՞ղ ես դրել:

- Պահարանում է, իր տեղում:

- Իր տեղում չկա:

- Ինչպե՞ս թե չկա,- Գայանեն կիսահագնված դուրս եկավ ննջասենյակից:- Այստեղ պետք է լինի:

Մայր ու աղջիկ փնտրեցին, սակայն չգտան:

- Հը, ի՞նչ է պատահել,- զուգարանից դուրս գալով հարցրեց Բարսեղը, որ որդու հողաթափերն էր հագել:

- Մեր զարդատուփից տեղյակ չե՞ս:

- Ձեր զարդատուփից ես ինչո՞ւ պետք է տեղյակ լինեմ,- կնոջ ինտոնացիայով ասաց ամուսինը:- Որտեղ դրել եք, այնտեղ էլ պիտի լինի:

(Շարունակելի)

Ֆարիդ ԳՐԻԳՈՐՅԱՆ